Հայաստանը եւ Ադրբեջանը միայն դերակատարնե՞ր են

Հայաստանը եւ Ադրբեջանը միայն դերակատարնե՞ր են

Հակոբ Բադալյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածված հայտարարությանը եւ տպավորություն փոխանցել, որ նրանք փաստացի աջակցել են Ռուսաստանի ջանքին, եթե «այն ուղղված է ռեգիոնալ կայունության եւ խաղաղության ամրապնդմանը»:

Թե ինչու Ռուսաստանը շահագրգռված չէ անկայունությամբ եւ ինչու այդ հարցում նրան սատարում են ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան՝ այլ թեմա է: Ավելի ինտրիգային է մեջբերված մեկնաբանության ամփոփումը, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից երեքի պնդումը, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի՝ Ալիեւի «ձեռքին բարաթ է Թուրքիայի դեմ, որն Ալիեւին մղում է ռազմական արկածախնդրության»: Ինչու՞ է Թուրքիան Ալիեւին մղում պատերազմի: Որովհետեւ խնդիրներ ունի ոչ միայն Ռուսաստանի, ինչպես Հակոբ Բադալյանն է մասնավորեցնում, այլեւ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի:

Էրդողանը լուրջ պատճառներ ունի կասկածելու, որ Արեւմուտքը Մերձավոր Արեւելքի մասնատման ծրագիր է իրականացնում: Այն, ինչ չի հաջողվել 1918-20 թվականներին, կարող է իրականանալ առաջիկա տասնամյակներում: Այս իմաստով Էրդողանի նեոօսմանիզմը, չնայած քաղաքակրթական տարբերությանը, հարազատ է քեմալականությանը, այսպես կոչված՝ «միլլի շարժմանը»: Իսկ քեմալականությունը հաջողության չէր հասնի, եթե չունենար բոլշեւիկյան Ռուսաստանի աջակցությունը: Ներկայումս Թուրքիան «նստած է երկու աթոռի» վրա: Մի մասով գործակցում է Ռուսաստանի, բայց հիմնականում՝ Արեւմուտքի հետ: Այս խաղում ԼՂ խնդիրը կարող է վերածվել մի տեսակ «նետտո-բրուտոյի»: Ամենամեծ վտանգը դա է: Եթե երեք համանախագահներն այսօր համակարծիք են ռեգիոնալ կայունության հարցում, ապա դա դեռեւս երաշխիք չէ, որ վաղն էլ այդպես է լինելու: Ուստի ստատուս-քվոն խաղաղության հետ շփոթելու գայթակղություն չպետք է ունենալ: Ռուս քաղաքագետներն անընդմեջ հուշումներ են անում, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը ներկա չէ, եթե ներկա չէ Ադրբեջանում: Եւ դա աքսիոմայի նման է: Իսկ Ադրբեջանում Ռուսաստանի ներկա լինել-չլինելը կարող է որոշվել կամ ռուս-ամերիկյան մեծ, կամ ռուս-թուրքական սեպարատ համաձայնությամբ: Կա՞ ԼՂ խնդիրն այդ մուրճի եւ սալի արանքից դուրս բերելու հնարավորություն: Այս պահին՝ ոչ: Բայց իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սուվերեն կամարտահայտությա՞ն արդյունք է, թե այդպես որոշված է դերաբաշխումո՞վ: