Տիգրան Սարգսյանի քույրը՝ ընդդեմ Արմեն Մուրադյանի

Տիգրան Սարգսյանի քույրը՝ ընդդեմ Արմեն Մուրադյանի

Շուտով Երեւանի դատարանը, ի դեմս դատավոր Աննա Փիլոսյանի, կսկսի լսել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դստեր՝ Աննա Սարգսյանի հայցն ընդդեմ Հերացու անվան բժշկական համալսարանի: Աննա Սարգսյանը Բժշկական համալսարանում 12 տարի օտարերկրացիների ուսուցման դեկան է աշխատել, այնքան երկար, որ ուսանողները նույնիսկ կատակում էին՝ մե՛կ Աննա Սարգսյանի պաշտոնն է հավերժական, մե՛կ էլ՝ կաթողիկոսինը: 

Հեղափոխությունից հետո նա անցանկալի անձ դարձավ բուհում: Նրա շահերը ներկայացնող փաստաբան Դիանա Գրիգորյանը պնդում է, որ պատճառն Աննա Սարգսյանի վարքն է եղել, այն, որ նա ռեկտոր Արմեն Մուրադյանից պահանջել է արձանագրել արտասահմանցի ուսանողների ընդունելության ժամանակ թույլ տրված խախտումները՝ հետագայում դրանցից խուսափելու նպատակով: «Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը տարիներ շարունակ իրականացվում է մի մեխանիզմով, որում կան կոռուպցիոն երեւույթներ,- համոզված է փաստաբանը,- արտասահմանցի դիմորդները կարող են չպատասխանել քննական հարցաթերթիկների հարցերին, բայց անցողիկ 8 միավորը ստանալ: Աննա Սարգսյանը բացահայտել է այս կոռուպցիոն երեւույթը: Մենք գտնում ենք, որ եթե պետությունն ուզում է արտոնություն տալ օտարերկրյա դիմորդներին, ապա կարող է այն սահմանել օրենքով, ասինքն՝ 8 բալանոց համակարգը նրանց համար դարձնել, ասենք, 5 բալանոց, որի պայմաններում նրանք կընդունվեն համալսարան: Բայց տարիներ շարունակ պահպանվում է 8 բալանոց շեմը, ու 7 միավոր հավաքած ուսանողին դնում են 8: Սա կոռուպցիա է»: 

Ըստ Դիանա Գրիգորյանի, նոր ռեկտորի՝ Արմեն Մուրադյանի պաշտոնավարման տարիներին այս երեւույթն ավելի է խորացել: «Մենք պարզել ենք, որ 22 ուսանողների գործերում նույնիսկ բացակայում են ընդունելության քննության գնահատման թեստի արդյունքները: Աննա Սարգսյանը պահանջել է, որ խախտման արձանագրություններ կազմվեն սրա վերաբերյալ, սակայն, ի պատասխան, գիտխորհուրդը դեկանի նշանակովի պաշտոնը, որն այդպիսին է 2011 թվականից, դարձրել է ընտրովի, ընտրություն է անցկացրել, ու Աննա Սարգսյանին հանել են աշխատանքից»: Հիշյալ որոշումը Բժշկական համալսարանի գիտխորհուրդն ընդունել է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին՝ փոփոխություն մտցնելով ֆակուլտետի գործունեության օրինակելի կանոնակարգում: Բժշկականում դեկանների ընտրություններ անցկացվեցին: Աննա Սարգսյանը «կտրվեց»՝ ստացավ «դեմ» ձայների աննախադեպ քանակ՝ 56: Ընդամենը 7 հոգի քվեարկեցին նրա օգտին, եւ ազատվեց դեկանի պաշտոնից: Դեկտեմբերին նա դիմեց դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել համալսարանի գիտական խորհրդի կողմից հոկտեմբերին հաստատված կանոնակարգի այն կետը, որով դեկանի պաշտոնը դարձրել են ընտրովի, վերականգնել իրեն աշխատանքի եւ վճարել չստացած աշխատավարձը:

«Այսօր ամենահեշտը աշխատողին ազատելն է: Կլասիկ տարբերակ է Աննա Սարգսյանի դեպքը: Նշանակովի պաշտոնյայից ազատվելն ավելի բարդ է, իսկ այս դեպքում սահմանել են փակ-գաղտնի ընթացակարգ եւ վերջ, հարցը լուծված է: Սա օրենքի խախտում է, քանի որ գիտխորհուրդը նման լիազորություն չուներ: Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրության համաձայն, համալսարանի գիտական խորհուրդը հաստիքների բնույթը՝ նշանակովիից ընտրովի, փոփոխելու իրավասություն չունի»,- ասում է Դիանա Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ բոլոր փաստերն ուղարկել է նաեւ ԿԳՆ: Համալսարանում վստահեցնում են, որ Աննա Սարգսյանի մեղադրանքները՝ արտասահմանցի ուսանողների քննությունների խախտումների վերաբերյալ, անհիմն են: «Բոլոր փաստաթղթերն արխիվից հանվել են եւ ներկայացվել են կրթության եւ գիտության  նախարարություն: Փաստաթղթերում ներկայացված է, թե որ քաղաքացին երբ է եկել, ինչ քննություն է տվել, ինչ գնահատական է ստացել: Այդ փաստաթղթերից պարզ է դառնում, որ նախկին դեկանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: Հավելեմ, որ ԿԳՆ Աննա Սարգսյանը դիմել է մոտ 2 ամիս առաջ, այսինքն՝ դեկան չընտրվելուց հետո»,- մեզ ասաց համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

Ըստ խոսնակի, 2018-ին, գիտխորհրդի սահմանած կարգի համաձայն, հաստատվել է դեկանների ընտրության կարգը, եւ այդ պաշտոնը, «Բարձրագույն կրթության մասին» օրենքի համաձայն, ընտրովի պաշտոն է: «Աննա Սարգսյանը ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, մասնակցել դեկանի ընտրությանը եւ 56 դեմ, 7 կողմ ձայներ հավաքել: Եթե նա գտնում էր, որ իր պաշտոնը չպետք է լիներ ընտրովի, ապա ինչո՞ւ է դիմել մասնակցելու համար»,- հարցնում է Դանիելյանը: Նկատենք, որ օտարերկրացիների ուսուցման ստորաբաժանումը չի եղել երբեք ֆակուլտետ: Տիգրան Սարգսյանի քրոջ զբաղեցրած հաստիքը չի եղել ֆակուլտետի դեկանի հաստիք, այն ստեղծվել է ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանի 18.05.2011թ. հրամանով, նախկին ուսումնական բաժնի փոխարեն եւ, ըստ էության, առանձնահատուկ կարգավիճակ ունի: Դրա ղեկավարի պաշտոնն ընտրովի դարձնելու իրավունք, ըստ հայցվորի, բուհը չուներ: Իրավաբանական այս նրբությունների շուրջ է, ըստ երեւույթին, ծավալվելու հայցի քննությունը: 

Օտարերկրացիների ուսուցման ստորաբաժանման ղեկավար Աննա Սարգսյանն ընտրության ժամանակ այդ պաշտոնին առաջադրված միակ թեկնածուն է եղել։ Աննա Սարգսյանից ազատվելուց առաջ Բժշկական համալսարանի ղեկավարությունը չի էլ փորձել խոսել նրա հետ։ «Նրանք կարող էին ինձ ասել, որ չեն ուզում ինձ հետ աշխատել։ Երկու շաբաթ անընդհատ ես գրվել եմ ռեկտորի մոտ ընդունելության, բայց նա չի ընդունել ինձ։ Խոչընդոտում էին ընտրությանն իմ մասնակցությունը։ Մեծ դժվարությամբ մասնակցեցի ընտրությանը»։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր՝ նախկին վարչապետի ազգականը լինելու հանգամանքի շուրջ բարձրացված աղմուկին։ «Դա են դարձրել դրոշակ։ Իրենք ուզում են շահարկել դա։ Եթե ես 12 տարում երբեւիցե ինձ թույլ չեմ տվել մի ծաղիկ կամ քաղցրավենիք վերցնել, կարծում եմ, շահարկել իմ բարեկամական կապերը՝ բարոյական չէ։ Թող ամեն մեկը շրջվի ու տեսնի, թե իր մեջքի հետեւն ով է»։