ՀԱՊԿ-ը որպես կառույց կարող է դեկորատիվ բնույթ կրել՝ ոչ ավելին

ՀԱՊԿ-ը որպես կառույց կարող է դեկորատիվ բնույթ կրել՝ ոչ ավելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր՝ մասնակցում էր  ՀԱՊԿ խորհրդի նիստին, որտեղ նա իր դժգոհությունն է հայտնել  44- օրյա պատերազմի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքից։ Մասնավորապես ասել է․ «Նաև երկար ժամանակ մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, և, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»:

Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ։

 - Ինչում է կայանում դժգոհությունը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմե՞լ է ՀԱՊԿ-ին՝ Հայաստանին օգնելու խնդրանքով։

- Փաշինյանը դիմել էր ոչ այն հոդվածով, որով պետք է դիմեր և ստացել է դրա պատասխանը։ Չէր դիմել անհրաժեշտ հոդվածով, այլ դիմել էր՝ տեղեկատվական խորհրդատվական հոդվածով, պայմանականորեն ասած։ Բայց չէր դիմել օգնության հոդվածով։ Եվ բնականաբար՝ ինչ հոդվածով, որ դիմել էր, այն հոդվածով էլ ստացել էր պատասխան։

- Այդ դեպքում ինչի՞ց էր դժգոհում Փաշինյանը։

-  Երեկվա Փաշինյանի դժգոհությունը նիստի ժամանակ, համաձայն որի  ՀԱՊԿ-ը ճիշտ չի արձագանքել պատերազմի ժամանակ, դա ավելի շուտ ենթադրում եմ PR նպատակներ էր հետապնդում, այլ համատեքստի շրջանակներում։ Որովհետև գաղտնիք չէ, որ ինքը ՀԱՊԿ-ի դեմ, որպես կառույցի, սև փիարի քաղաքականություն է միշտ առաջ տանում։ Չմոռանանք նրա հայտնի արտահայտությունը ռուսական զենքին վերաբերող, թե «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոսով է պայթել։ Իրեն թվում է, թե շատ զգույշ է տանում այս սև փիարի քաղաքականությունը, սակայն մասնագետներն անմիջապես հասկանում են, որ դա պարզապես սև փիար է իր կողմից։ Գիտեք՝ ուրիշին մեղադրելուց առաջ նախ, թող  կարգուկանոն ստեղեծեր երկրի անվտանգության համակարգում, հետո ուրիշին մեղադրեր։ Երբ երկիրը երեք տարվա ընթացքում 40 հատ պաշտպանության նախարար է փոխում, 50 հատ գլխավոր շտաբի պետ է փոխում, մի 60 հատ էլ ԱԱԾ տնօրեն է փոխում, որոնք էականորեն ազդում են անվտանգության համակարգի վրա, հատկապես, որ երկիրը չունի գլխավորն շտաբի պետ, այս հարցերը թողնել ու ընկնել ՀԱՊԿ-ին քննադատել, սա միայն փիարի աշխատանք է, ոչ ավելին։

- Ինչու՞  ՀԱՊԿ-ը չարձագանքեց Փաշինյանի դժգոհությանը։

- Որովհետև ՀԱՊԿ-ում  կան մասնագետներ, որոնք հասկանում են, թե ինչ է նշանակում սև փիարը և լուրջ չեն վերաբերվում։ Կարձագանքներ, եթե դիմողը լուրջ լիներ։

- Եթե Փաշինյանը դիմեր, ի՞նչ եք կարծում ՀԱՊԿ-ը կկարողանա՞ր ազդել իր անդամ պետությունների վրա, որպեսզի զենք չվաճառեին Ադրբեջանին։

- Եթե դիմեր, դա արդյունք չէր տա, որովհետև զենքը չի վաճառվել պատերազմի ընթացքում։ Զենքը վաճառվել է շատ-շատ տարիներ առաջ՝ սկսած 2000-ական թվականների կեսերից, երբ Հայաստանի ղեկավարներն այլ անձինք էին։ Որպեսզի զենքը չվաճառվեր, դրա համար այլ արտաքին և ներքին քաղաքականություն պետք է վարվեր այդ ժամանակաշրջանում, ինչը չի կատարվել, որի արդյունքն էլ հանդիսացել է, որ Ադրբեջանը զենք  է գնել, որը օգտագործեց դե յուրե  Արցախի Հանրապետության դեմ, դե ֆակտո՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ հետո, չմոռանանք, որ ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրներ, մասնավորապես Ղազախստանը և Ղրղզստանը թյուրքալեզու երկրների միության անդամ են, որի անդամ է նաև Ադրբեջանը։ Եվ շատ  ավելի մոտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան Հայաստանի հետ։  Եվ երրորդ՝ ՀԱՊԿ-ը ինքը դե յուրե որպես կառույց ճիշտ է՝ գոյություն ունի, բայց փաստացի նա երեք տարբեր ուղղություններով գործող կառույց է, որը մեկը մյուսի հետ ոչ մի առնչություն չունեն։ Մեկը եվրոպական ուղղությունն է՝ ռուս-բելառուսական, մյուսը՝ Հայաստանի ուղղությունն է, պայմանականորեն անվանված, եւ երրորդը՝ աղվանական ուղղությունն է՝ Ռուսաստան- Ղազախստան-Ղրղստան- Տաջիկստան ուղղությունով։ ՀԱՊԿ-ը ինքը որպես կառույց էլ ավելի շուտ անունով կա, քան իրականում։ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն լրիվ  արտաքին քաղաքական տարբեր հետաքրքրություններ, իրար չհամընկնող հայացքներ, այդ պատճառով  ՀԱՊԿ-ը կարող է որպես կառույց դեկորատիվ բնույթ կրել և ոչ ավելին։