ՊԵԿ շարքային աշխատողները զայրացած են «էլիտար» պարգևատրվածների վրա

ՊԵԿ շարքային աշխատողները զայրացած են «էլիտար» պարգևատրվածների վրա

ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգեւատրումների թեման ոչ միայն չի մարում, այլեւ շարունակում է նոր դրսեւորումներ ստանալ։ Որքան էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փորձում է կոծկել թեման կամ հերքել, թե իրենք մի քանի՝ մինչեւ 9 միլիոն դրամի հասնող պարգեւատրումներ չեն տվել, հրապարակված փաստերն անհերքելի են՝ գումարած ի հայտ եկող նոր փաստերն ու տեղեկությունները։

Պարզվում է՝ ՊԵԿ-ում նման բազմամիլիոնանոց պարգեւատրումներ ստացել են միայն վերեւներում՝ հիմնականում հեղափոխությունից հետո նշանակված կադրերը՝ Անանյանն ու նրա մտերիմները։ Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը ստացել է 8 մլն 55 հազար դրամ, նրա տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար, ՊԵԿ նախագահի սկանդալային տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ով այս ոլորտից ոչինչ չհասկանալով՝ կարգավորում է մաքսային ոլորտը, ստացել է 6 մլն 6 հազար դրամ պարգեւավճար, ՊԵԿ նախագահի խորհրդական-քարտուղարուհի Սաթինե Գզողյանը՝ 2 մլն 763 հազար դրամ։ 

Բայց Անանյանն ասել էր, թե ՊԵԿ-ում բոլորն են պարգեւավճար ստացել։ Մենք տեղեկացանք, որ հրապարակված թվերը հանվել են ՊԵԿ հատուկ բազայից։ Նախ ինֆորմացիոն արտահոսք է եղել, եւ ՊԵԿ ավելի ցածր օղակների աշխատակիցներն են տեղեկացել այս մասին։ Իմացել են, որ վերեւներում նման աստղաբաշխական թվեր են ստացել, իսկ իրենց «գրոշներ» տվել, եւ որոշել են տվյալների բազայից հանել սույն տեղեկատվությունն ու մամուլով «պայթեցնել» այս թեման։ Ի դեպ, հատկանշական է, որ ՊԵԿ-ի պարգեւավճարների հրապարակումից անմիջապես հետո հրապարակվեց նաեւ ֆինանսների նախարարության պարգեւավճարների ցանկը, որը, ճիշտ է՝ զիջում էր ՊԵԿ-ի թվերին, բայց պակաս տպավորիչ չէր։

Սա, ըստ լուրերի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ձեռքի գործն է, ով նախկինում ֆինանսների նախարարի տեղակալն էր, իսկ վերջին շրջանում լարված հարաբերություններ ունի ֆիննախի հետ եւ կարծում է, թե իրենց պարգեւավճարների թեման մամուլ է սպրդել հենց ֆիննախի միջոցով։ Կարճ ասած՝ միջգերատեսչական պատերազմ է սկսվել, որը մարելու նշաններ չի ցուցադրվում։ 
Բայց ամենահետաքրքիրն ու զավեշտալին ՊԵԿ ստորին օղակների պարգեւավճարների հարցն է։ Երեկ արդեն իսկ կայքերից մեկով տեղեկատվություն տարածվեց, որ ՊԵԿ մյուս աշխատակիցներն ստացել են ընդամենը 10 հազարական դրամ հավելավճար, մեկական շիշ օղի, կոնյակ ու մի բուռ չիր։ Ընդ որում՝ չիրը, ինչպես մեզ հայտնեցին, որդնած է եղել, ոչ էլ կերել են։

Ի դեպ, Անանյանը, որն ասում է, թե բոլորն են հավելավճար ստացել, նորություն չի ասում, քանի որ ՊԵԿ-ում տարին 12 ամիս ամբողջ աշխատակազմը հավելավճար է ստանում՝ իրենց աշխատավարձի գրեթե կրկնակի չափով, որն արվում է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար։ Այս տարին էլ բացառություն չի եղել։ Բացառություն եղել է միայն մի տասը հոգու համար՝ Անանյանից սկսած, որոնք իրենց աշխատավարձի տասնապատիկի չափով են պարգեւավճար ստացել, թերեւս որովհետեւ նրանց կոռուպցիոն ռիսկը տասնապատիկ մեծ է։

Պակաս ուշագրավ չէ նաեւ ամանորյա օղու եւ չրի պատմությունը։ Մեզ ասացին, որ ամանորյա նվերների գումարն ու 10 հազարական դրամները փոխանցվել են ՊԵԿ-ի արհմիության ֆոնդից, որը գոյանում է ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձերից՝ 1-ական տոկոս մուծումների շնորհիվ։ Այսինքն՝ ՊԵԿ աշխատակիցները «պարգեւատրվել» են իրենց իսկ վճարումներից։ Ընդհանուր առմամբ, ձեռք են բերվել մոտ 36 մլն դրամի «Օհանյան» օղի եւ կոնյակ՝ «Արցախ բրենդի կոմպանի»-ից եւ «Արբեն» ՍՊԸ-ից, ինչպես նաեւ 9 մլն 700 հազար դրամի չիր (3 հազար 230 տուփ)՝ «Մարգրուպ» ՍՊԸ-ից։  Ըստ տեղեկության՝ այս գործարքների հովանավորն է ՊԵԿ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Էդգար Գեւորգյանը, որը միաժամանակ ՊԵԿ արհմիության ղեկավարն է։  Գեւորգյանի հորեղբոր որդին «Արցախ բրենդի կոմպանի» ընկերության մենեջերն է, եւ այս ազգակցական կապի շնորհիվ էլ որոշվել է նման բազմամիլիոնանոց գնումը կատարել հենց այս ընկերությունից։ 

Եվ այս ամենը մեծ դժգոհություն է առաջացրել ՊԵԿ աշխատակիցների շրջանում։ Ի դեպ, պարգեւավճարների մասին հրապարակումից անմիջապես հետո՝ հաջորդ օրը, Արարատյան մաքսատան աշխատակիցները գործադուլ են արել՝ պահանջելով իրենց եւս նման բարձր պարգեւավճարների արժանացնել։ Մաքսատան ղեկավարությունը բանակցել է նրանց հետ, համոզել, որ դադարեցնեն բունտն ու վերադառնան բնականոն աշխատանքի՝ խոստանալով, որ նրանց հարցերը եւս կլուծեն, բայց, վերջին տվյալներով, որեւէ բան չեն արել՝ մաքսատան աշխատակիցների սիրտը շահելու համար։