Նման տնտեսական աճով 300 տարում հազիվ հասնենք աշխարհի միջին ցուցանիշներին

Նման տնտեսական աճով 300 տարում հազիվ հասնենք աշխարհի միջին ցուցանիշներին
Հրանտ Բագրատյան

Մեր հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ

- Պարոն Բագրատյան, նոր կառուցվածքով ու կազմով կառավարություն է նշանակվում, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս կառավարությունից։

- Ճիշտ կլիներ ակնկալիքներից խոսել ծրագիրը ներկայանելուց հետո։ Փորձ է արված փոքր-ինչ կրճատելու կառավարության կառուցվածքը։ Կրճատումներն այնքան էլ մեծ չեն, եթե մենք ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, ՊԵԿ-ը համարում ենք նախարարություն, ինչպես նախկինում էր, ապա, ըստ էության, կա 15 նախարարություն։ Առաջ էլ 15-17 նախարարություններով աշխատում էինք։ Կան խնդիրներ։ Այսպես չկա գյուղատնտեսության նախարարություն։ Կարծում եմ՝ պետք է լինի նաեւ էներգետիկայի (արդյունաբերության հետ) նախարարություն։ Առաջիկայում այս 2 նախարարությունն էլ դուրս կսպրդեն։ Օրինակ, հնարավոր է էներգետիկան ու ենթակառուցվածքները միացնեն։ Միեւնույն ժամանակ, չեմ հասկանում ԱԻՆ-ի գոյությունը։ ԱԻՆ չպետք է լինի, չեմ կարողանում հասկանալ տարածքային կառավարումը, որովհետեւ դա պետք է միանար ոստիկանությանը։ 

- Ոմանք ասում են, թե ատոմակայան ունեցող երկրում չի կարելի չունենալ էներգետիկայի նախարարություն։

- Ոչ միայն ատոմակայանը, այսքան ուղղություններ կան՝ ոչ ավանդական, վերականգնվող եւ այլն՝ քամի, արեւ։ Այդ հարցին կպատասխանեմ, որ այս պահին չեմ պատկերացնում, թե ինչ են արել էներգետիկայի նախարարության հետ։ Թեպետ ամբողջովին կիսում եմ, որ չէր կարելի նման գործառույթով նախարարություն չունենալ (արդյունաբերության հետ կամ առանց դրա)։ 

- Դավոսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխություն է Հայաստանում լինելու։ Այս նախադրյալներով, այս մարդկային ռեսուրսով հնարավո՞ր է նման բան։ 

- Բուն տերմինը, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ տնտեսական հեղափոխություն։ Տնտեսությունն էվոլյուցիոն մեխանիզմ է։ Չենք ասում՝ տնտեսական հեղափոխություն, ասում ենք՝ քաղաքական, քանի որ այնտեղ որակական փոփոխություն է լինում՝ «ա»-ն փոխարինվում է «բ»-ով։ Տնտեսության մեջ «ա»-ն աստիճանաբար պետք է վերածվի «բ»-ի։ Սովորաբար ասում են՝ քաղաքական հեղափոխություն եւ տնտեսական բարեփոխումներ։ Ընդ որում՝ բարեփոխում ասվածը տնտեսական կյանքի ապակենտրոնացումն է, ազատությունների ընդլայնումը։ Ասենք, բոլշեւիկյան հեղափոխությունը բարեփոխում չէր։ Դրա համար «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը կեղծ կատեգորիա է։ Այս տարվա Դավոսը վերջին տասնամյակի ամենավատն էր։ Խոշոր երկրների առաջին դեմքերը ոչ միայն չեկան, այլ կոչ արեցին չգնալ (Թրամփը չգնաց, Մակրոնը չգնաց, Պուտինը․․․) ։ Գնացին բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց ոչ շատ 1-ին դեմքեր, որոնք հայտարարեցին, որ հերիք է նվնվաք, որ Չինաստանում տնտեսական աճը դանդաղել է, հա, ի՞նչ անենք՝ 0,1 տոկոս էլ դանդաղել է, Չինաստանի տնտեսությունը շատ էլ լավ վիճակում է։ Ես Դավոսում չտեսա ինտրիգ, ի տարբերություն նախորդ տարիների։ 

- Կառավարության ծրագիրը դեռ ներկայացված չէ, բայց ինչ-որ ակնկալիքներ կարելի՞ է ունենալ։

- Այն չի ներկայացվել, բայց Civil.contract.am-ում տպագրվել է իրենց նախընտրական պլատֆորմը, որից ընդհանրապես դժգոհ եմ։ Այնտեղ միայն մի կետ կար, որ հետաքրքրեց՝ առողջապահության ապահովագրությունն է։ Վերջերս նայեցի առողջապահության նախարարի հանգամանալից հարցազրույցը, որը հետաքրքրեց։

- Եթե չեմ սխալվում՝ առողջապահական պարտադիր ապահովագրությունը կար Ձեր «100 քայլ»-ում, երբ ասում էիք՝ մարդկանց տանք սերտիֆիկատներ եւ ապահովագրենք։

- Այո, նման է, վստահ չեմ, թե ինչպես դա կլինի, բայց, համենայնդեպս, առաջին անգամն է, որ հայտարարվում է համալիր ռեֆորմի մասին։ Լավ կամ վատ գնահատել չեմ կարող, մինչեւ մանրամասն չտեսնեմ։ Բայց այդ հարցազրույցում 2 լավ բան տեսա․ առաջինը, որ կլինի հանրային կառավարում, երկրորդը՝ դա իր վրա կվերցնի առողջապահության նախարարությունը, ու դրանով Կենտրոնական բանկը չէ, որ կզբաղվի։ Սա ինձ մի փոքր ուրախացրեց, բայց, կրկնում եմ՝ որեւէ գնահատական տալ չեմ կարող։

- Այնուամենայնիվ, կարծես, տնտեսության վերաբերյալ գնահատականներում հոռետես եք։

- Այո, մնում եմ պեսիմիստ եւ ասել եմ, որ գոյություն ունի թրիլեմա, որ ցածր գնաճի, բյուջեի դեֆիցիտի եւ չփոփոխվող կուրսի պայմաններում հնարավոր չէ ստանալ տնտեսական աճ։ Վերջին հաշվով, ինչ-որ մարմնի ծավալը կազմվում է՝ բարձրությունը բազմապատկած լայնությամբ՝ բազմապատկած երկարությամբ։ Առանց փոխելու բարձրությունը, լայնությունը կամ երկարությունը, դուք ծավալը չեք փոխի։ Իսկ ծավալը տվյալ դեպքում ՀՆԱ-ն է։ Ես վստահ եմ, որ շարունակվում է նույն այն քաղաքականությունը, երբ տրանսֆերտների գալն աստիճանաբար դարձավ ոչ արդյունավետ։ Եվ Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ, հիմնականում, բացասական էին հետեւանքները։

Սա բացատրել եմ ինչպես նախորդ իշխանություններին, այնպես էլ՝ ներկայիս։ Համբերատար բացատրել եմ՝ դուք ապագա չունեք, եթե այդ եռաչափ տարածության մեջ պարամետրերից գոնե մեկը չփոխվի, տնտեսությունը չի փոխվի։ Մենք չենք կարող աճել, մենք անընդհատ յոլա կգնանք, վկան 2018-ի ցածր տնտեսական աճն է։ Համենայնդեպս, նախորդ իշխանության համեմատ չարագացավ, եւ առանձնակի ակնկալիքներ չունեմ 2019-ից։ Նույն կառավարությունն է, որն ասում է՝ եթե 5 տոկոս լինի, լավ կլինի։ Բյուջեում նախատեսված է սոսկ 4,9 տոկոս աճ։ Աշխարհն անցած տարի աճել է 3,7 տոկոսով, տարեկան 1 տոկոսով ենք ավել աշխարհից, իսկ աշխարհից հետ՝ 3 անգամ։ Նման տնտեսական աճով 300 տարում հազիվ կարողանանք հասնել աշխարհի միջին ցուցանիշներին։