«Հրապարակ». Ինչ պետք է անի ընդդիմությունը, որ իշխանափոխություն տեղի ունենա

«Հրապարակ». Ինչ պետք է անի ընդդիմությունը, որ իշխանափոխություն տեղի ունենա

Մեկ ամսից ավելի է՝ ընդդիմությունը փողոցում է, կարելի է ասել՝ ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ է անում՝ հանրահավաք-երթեր եւ այլն։

Իշխանությունն առաջին դեմքի մակարդակով հայտարարում է, թե շարժումն ինքն իրեն մաշեցնում է, ընդդիմությունը հակադարձում է՝ հաղթանակն իշխանափոխության տեսքով շատ մոտ է։ Փաստն այն է, որ, ճիշտ է՝ շարժումն առանձնապես չի մաշվում՝ մեկ ամիս շարունակ գրեթե նույն քանակի մարդ է մասնակցում պայքարի ակցիաներին, բայց ավանդական դարձած երթերն ու շենքերի շրջափակումը, ըստ էության, ցանկալի արդյունքը, այն է՝ Փաշինյանի եւ իր թիմի հեռացումը, չեն ապահովում՝ անկախ այն հանգամանքից, որ ընդդիմությունը մի քանի անգամ վճռական օրվա խոստում է տվել, իսկ հունիսի 3-ը հռչակել էր որպես ջրբաժանի օր։ Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը իշխանափոխություն հասունացնող զանգվածներ հանելու կամ որեւէ այլ եղանակով հաջողության հասնելու համար, փորձեցինք լսել քաղաքական տարբեր գործիչների կարծիքները։

«Ես հստակ գիտեմ՝ ինչ պետք է անի, բայց սուտի-մուտի արժեքային համակարգով այդ բանը իբր չի կարելի»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ նախընտրելով ուղիղ չասել իր ակնարկած գործողության մասին։ Չնայած ընդգծեց, որ ինքը կողմ է ռադիկալ գործողությունների։ «Նախնադարյան համայնական կարգերից մինչ օրս եթե տեղի է ունեցել այդպիսի փոփոխություն, ապա այն տեղի է ունեցել ընդգծված ընդհարման միջոցով․ պետք է խիստ ռադիկալ լինեն։ Նման միջոցի բացակայության պարագայում չի աշխատում ոչ մի կարգախոս, ոչ մի բան, եթե, իհարկե, շահագրգիռ մեծ խաղացողները չեն ուզում սա»,- ասում է Բոստանջյանը՝ ակնարկելով արտաքին գործոնները։ Հիշեցմանը, թե 2018-ին խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ՝ առանց ռադիկալ գործողությունների եւ բախումների, նախկին պատգամավորն այսպես պատասխանեց․ «Ես չեմ ուզում ինքս ինձ հրել տափակների դաշտը»։

«Քրիստոնեական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը վստահ չէ, որ կտրուկ քայլերով իշխանափոխություն կլինի․ «Ե՛վ իշխանությունը, ե՛ւ պայքարող ընդդիմությունը արտաքին լուրջ ազդեցությունների ներքո են գտնվում․․․ Եթե ես լինեի ընդդիմություն, հասարակությանը նախեւառաջ կասեի, թե ինչ երկիր եմ ուզում, ինչ երկիր եմ տեսնում։ Աշխարհի բոլոր ժողովուրդները լուրջ փնտրտուքի մեջ են, նոր համակարգերի, աշխարհակարգերի, բոլորն ուժային կենտրոնների կողմից կառավարվում են, ընդդիմությունը պետք է ասի, թե ինչ Հայաստան է ուզում։ Ասում են՝ անկախ, այսօր նույնիսկ Գերմանիան ու Ճապոնիան անկախ չեն, ընդհանրապես՝ անկախ պետություն գոյություն չունի, ինչի՞ց անկախ, ումի՞ց անկախ․․․ Մի խոսքով՝ խորքային զարգացումներ են ընթանում»։ Ընդդիմադիր կուսակցապետի կարծիքով, ներկայիս պայքարող ընդդիմությունը հանրության լայն զանգվածների վստահությունը չի վայելում, երրորդ ուժի անհրաժեշտություն կա։

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ կարծում է, որ երբ ժողովրդի մոտ իրենց հանդեպ վստահություն առաջացնեն, ժողովուրդն առանց կարգախոսների ու մարտավարության փողոց դուրս կգա։ Շիրխանյանը խորհուրդ է տալիս հրապարակի ընդդիմադիրներին՝ վերադառնալ խորհրդարան եւ յուրաքանչյուրն իր տեղում «կառուցել»։ «Ես խորհուրդ կտայի, որ այդ մարդիկ ոչ թե պայքարեին, այլ՝ կառուցեին, Հայաստանի պաշտպանությունն ամրացնեին, տնտեսությունը զարգացնեին, մեծ ներդրումներ բերեին։ Պետք է կասեցնել պետության քայքայումը։ Եթե ես լինեի ընդդիմություն, կփոխեի պայքարի նպատակը, այդ նպատակը պետք է լինի Հայաստանի պահպանումը, ուժեղացումը, զարգացումը, ոչ թե քայքայումը»,- ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե պատերազմի ու դրա հետեւանքների պատասխանատուն իշխանությունն է, եւ զարգացնելն ու կառուցելն էլ իշխանության գործառույթներ են, ոչ թե ընդդիմության, Շիրխանյանն արձագանքեց․ «Երկու կողմն էլ այսօր պետությունը տանում են քայքայման ճանապարհով։ Իսկ երբ նպատակը փոխվի, ժողովուրդն արագ դուրս կգա, ժողովուրդը նոր կարգախոսներով փողոց դուրս չի գա, նրան գործողություն է պետք, կառուցում»։

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանն էլ ասաց, որ ընդդիմության մարտավարության, անելիքների եւ նման հարցերի վերաբերյալ իր տեսակետներն առավել նպատակահարմար է համարում հայտնել անձամբ դիմադրության շարժման առաջնորդներին․ «Ես պարբերաբար շփվում եմ իրենց հետ, եւ քննարկումներ ենք ունենում այդ թեմաներով»։ Այսինքն՝ գո՞հ եք պայքարի ներկայիս տեմպերից, արդյոք պետական գերատեսչությունները մի քանի ժամով, մի քանի հազար հոգով շրջափակելուց իշխանությունը պիտի հեռանա՞։ «Իշխանափոխության համար ստանդարտ ժամկետներ չկան, ամեն դեպք յուրովի է, իր նրբերանգներն ունի, քանի որ ներկայումս պարզապես իշխանափոխության խնդիր չէ, արտաքին վտանգներին դիմակայելու հարց կա, հետեւաբար, ամեն ինչ զգույշ, չափավոր հաշվարկներից ելնելով պետք է արվի։ Այնպես որ, պայքարը շարունակվում է, եւ լիահույս եմ, որ ամեն ինչ հանգուցալուծվելու է ըստ պլանի»։

ՀԳ․ Փորձեցինք լսել նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա» հոլդինգի համահիմնադիր Միհրան Հակոբյանի կարծիքը, ով տեւական ժամանակ պասիվացել է եւ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անհետանալուց հետո ո՛չ հարցազրույցներ է տալիս, ո՛չ հրապարակային կարծիք է հայտնում։ Նա ասաց, որ եթե ասելիք ունենա, անպայման Ֆեյսբուքով կարտահայտի։ Եվս մի հայտնի դեմք՝ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանն էլ ասաց, որ ներկայումս ցանկություն չունի քաղաքական թեմաներով կարծիք հայտնելու։