Ոչ ոք իրավասու չէ պարզաբանում պահանջել դատավորից 

Ոչ ոք իրավասու չէ պարզաբանում պահանջել դատավորից 

Բարձրագույն դատական խորհրդի  անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն անդրադառնում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելուց հետո  հանրային դժգոհություններին ու վճիռը կայացրած դատավորից պարզաբանումներ պահանջելու  կոչերին։ Գևորգ  Դանիելյանը  նախ, հստակեցնում է, որ  որ այդ և նմանաբնույթ հարցադրումների առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդում ձևավորված է որոշակի դիրքորոշում, ինչն արտացոլվել է նաև նախորդ հրապարակումներում: 
Իսկ եթե ըստ էության, ապա ըստ Գևորգ Դանիելյանի՝արդարադատության նկատմամբ հանրության վերաբերմունքը, այդ թվում՝ առանձին դատական ակտերի առնչությամբ բուռն արձագանքը բնորոշ է նաև ժողովրդավարության կայուն համակարգ ունեցող երկրներին, այլ բան,որ քաղաքացիական հասարակության գործունեությանը հատուկ որոշ միջոցներ դատական իշխանության նկատմամբ առնվազն անընդունելի են: 

«Յուրաքանչյուր ոք կարող է ազատ կարծիք հայտնել դատական ակտի իրավաչափության վերաբերյալ, սահմանված կարգով հանդես գալ իր պատկերացմամբ վիճարկելի դատական ակտ կայացրած դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդմամբ, սակայն ոչ ոք իրավասու չէ պարզաբանումներ պահանջելու դատավորից, գործունեության այլ միջոցներով ճնշումներ գործադրել դատարանների նկատմամբ» ,-ասում է Գևորգ Դանիելյանը։

Ինչպես հայտնի է, այս օրերին ցուցարարները հնչեցնում էին կոնկրետ այդպիսի որոշում կայացրած դատավորից հրապարակայնորեն պարզաբանում պահանջելու, նրան պատասխանատվության ենթարկելու համար Արդարադատության նախարարին դիմելու կոչեր: Այս առնչությամբ,  ԴԽ անդամը հավելեց, որ դատավորի անկախությունը վերացական արտահայտություն չէ, մասնավորապես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համաձայն. «... դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ»: 

«Ասվածը բնավ չի բացառում դատարանների հաշվետվողականությունն օրենքի առջև: Անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում չի բացառվում նաև օրինազանց դատավորներին պատասխանատվության ենթարկելը, պարզապես այդ գործընթացները խիստ իրավական են և կարող են կյանքի կոչվել միայն Սահմանադրությանը համահունչ: 

Միաժամանակ, հարկ է նկատել, որ օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել դատավորի պատասխանատվությանը, իսկ դատական ակտերի իրավաչափությունը ստուգվում է բողոքարկման ընթացակարգերով»,  -հավելեց ԲԴԽ անդամը։

Գևորգ Դանիելյանը նաև հավելում է, որ իր  հասցեին հնչած բազում քննադատությունների և գնահատականների առնչությամբ դատավորի լռությունը միանգամայն իրավաչափ է և ողջամիտ:  Սա ըստ ԲԴԽ անդամի՝  «դատական ինքնատիրապետման» սկզբունքն է,  որի համաձայն՝ դատավորն  իրավասու չէ արձագանքել նույն եղանակով և ձևաչափով: Այս սկզբունքը ամրագրված է, մասնավորապես, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Արդարադատության և հասարակության մասին» թիվ 7(2005) կարծիքի 55-րդ կետով: Հետևաբար, պարզաբանվում է, որ  դատավորը ոչ թե խույս է տալիս իրեն ուղղված քննադատություններին արձագանքելուց, այլ գործում է հիշյալ սկզբունքի հիման վրա: 

« Զուտ զգացմունքային տեսանկյունից դա գրեթե անըմբռնելի կեցվածք է, սակայն դատական իշխանության պարագայում՝ անհրաժեշտ նախապայման» ,-ավելացրեց Գևորգ Դանիելյանը։
Ամբողջ  խնդիրն այն է, որ վերադաս դատական ատյանի կողմից միանգամայն օրինական հիմքերով նշված դատական ակտի բեկանման դեպքում անգամ, միևնույն է, միջազգային իրավական չափանիշներով նշված դատական ակտի օրինականությունը կարող է խոցելի դառնալ: Ինչևէ, ասում է նա, այս գործով բուն դատաքննությունը դեռ առջևում է, ուստի պետք չէ ստվերել դրա օրինականությունը:
Ինչ վերաբերում է կայացած որոշմանը, ապա Դանիելյանն ասաց, որ որպես դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ, ինչպես նաև որևէ այլ պաշտոնատար անձ իրավասու չէ գնահատելու դատական ակտը և ցանկացած նախնական կարծիք կամ գնահատական առնվազն կորակվի վարքագծի կոպիտ խախտում: ԲԴԽ անդամն իրավասու է պաշտոնապես տեսակետ հնչեցնել միայն կոնկրետ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով:


Այնպես որ, որպես ամփոփում Գևորգ Դանիելյանը նկատում է, որ  իրավական պետությանն անհարիր է դատավորի արժանապատվությունը վիրավորող արձագանքները և դրանք  ոտնձգություն է մեր իսկ պետա­կանության հանդեպ, որի անունից դատավորն իրավական ակտ է կայացնում: 
Իսկ Դատախազության մասով, ըստ Գևորգ Դանիելյանի,  իրավիճակն այլ է. վերջինս իրավասու է բողոքարկելու դատական ակտը և կարող է իրեն թույլ տալ նախապես գնահատական հնչեցնելը: Ինչ վերաբերում է  նկատառմանը, թե այդ հայտարարությունը հնչեց որոշումը կայացնելուց անմիջապես հետո, ապա  Գևորգ Դանիելյանն ասում է, որ չպետք է անտեսել, որ դատախազությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ մշտապես հսկողություն իրականացնող եզակի մարմին է, ուստի տիրապետում է սպառիչ տեղեկատվության և կարող է ունենալ սեփական դիրքորոշում: