Մեր գանգատում անդրադարձ ենք կատարել նաեւ Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

Մեր գանգատում անդրադարձ ենք կատարել նաեւ Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների գործը, ինչպես հայտնի է, ներկայումս քննության փուլում է։ Եվրոպական դատարանի կողմից օգոստոսի 28-ը հերթական ժամկետ էր սահմանված, որպեսզի կողմերն իրենց  դիրքորոշումները, տեսակետները ներկայացնեին։ Երեկ մենք զրուցեցինք ՄԻԵԴ-ում դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ։

- Հարցաշար ստացե՞լ եք ՄԻԵԴ-ից, եթե այո, ապա ի՞նչ փաստեր ու նյութեր եք ներկայացրել։

- Այո, սահմանված ժամկետում փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է դատարան, եւ կսպասենք դատարանի պատասխանին, որտեղ հետագա քայլերի մասին կողմերին տեղեկատվություն կտրամադրվի։

- Եվրոպական դատարանն ի՞նքն է հավելյալ փաստեր պահանջել, թե՞ Դուք եք ուղարկել․ ինչպե՞ս է ընթացակարգը, եւ ի՞նչ բնույթի տեղեկություններ եք ներկայացրել։

- Կան դեպքեր, եւ այս փուլում, այո, դատարանի նախաձեռնությամբ են հարցեր ուղղվել կառավարությանն ու դիմումատուին, բայց այս փաթեթը գանգատի ձեւաթղթում առկա տեղեկատվության լրացմանն է առնչվել՝ հաշվի առնելով, որ հայցի ապահովման միջոցի միջնորդությունը ներկայացնելիս ամբողջական գանգատը դեռ օբյեկտիվորեն չէր կարող ներկայացված լինել։ Մենք դատարանին միայն  ներկայացրել էինք գանգատի էությունն ու ապագայում վկայակոչվող իրավունքները, եւ դատարանը խնդրել էր, որ լրացվի մյուս տեղեկատվությունը, եւ ամբողջացվեն ապացույցները։
Բնականաբար, տեղյակ ենք պահել Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումների մասին, իսկ իրավունքի խախտումների առումով՝ դատարանների մատչելիության իրավունքի խախտում, դատավորների անձնական եւ մասնագիտական կյանքին միջամտություն, որը չի եղել օրինական, չի համապատասխանել իրավունքի էությանը եւ իրավաչափ նպատակ չի հետապնդել, խտրականության արգելքի իրավունքն ենք վկայակոչել, քանի որ այս գործընթացում նպատակային թիրախավորում է եղել, որտեղ ողջամիտ եւ լեգիտիմ հիմնավորումներ չեն եղել, սեփականության իրավունքի պաշտպանություն, եւ սպեցիֆիկ հանգամանքները հաշվի առնելով՝ վկայակոչել ենք կոնվենցիայի 18-րդ հոդվածը։ Դա հիմնականում առնչվում է այն դեպքերին, երբ կոնվենցիայով նախատեսված սահմանափակումները ձեւական առումով օգտագործվում են իրավականից դուրս այլ նպատակներով։ Մենք կարծում ենք, որ այս գործընթացներն իրավական ընթացակարգերի շրջանակներում չեն, դրանք քաղաքական եւ այլ նպատակներ են հետապնդել, ուստի այս առումով ինքնուրույն պահանջ եւս առկա է։

- Սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ մասնավորապես ի՞նչ եք ներկայացրել։

- Քանի որ դատավորները նշանակվում են որոշակի ժամանակահատվածում եւ Սահմանադրությամբ պաշտպանված են, գոյություն ունի իրենց պաշտոնավարման ժամկետի անփոփոխության սկզբունքը՝ որպես անկախության կարեւորագույն երաշխիք, ուստի ողջամիտ ակնկալիք ունեն նաեւ աշխատավարձի առումով։ Եվ քանի որ այս դեպքում դա հետեւանք է եղել իրենց պաշտոնավարման դադարեցմանը, ոչ թե դատավորներին վերագրվող ոչ իրավական կարգապահական խախտումների, ուստի խախտվել է աշխատավարձի եւ սոցիալական երաշխիքների նկատմամբ իրենց ողջամիտ, լեգիտիմ սպասումը, իսկ դա կոնվենցիայով «գույք» հասկացության տակ պաշտպանվում է։ Եվ, բացի այդ, որ դա մշտապես, որպես վնաս, ենթակա է հատուցման։ Կա նաեւ ակնկալիք, որ դատարանը դատավորներին հաշվի առնելով՝  հատուկ պաշտպանության տակ վերցնի նաեւ սեփականության իրավունքի ներքո։ Թեեւ դատավորների լիազորությունները դադարեցվել են սահմանադրական փոփոխությունների հիմքով, բայց դրանց մասին անհատական ակտեր չկան, ակտեր չկան անգամ աշխատավարձերի դադարեցման վերաբերյալ։ Այս փաստերն ամբողջացնում են անօրինականությունների ամբողջ շղթան։

- Իսկ Ձեզ հայտնի՞ է՝ կառավարությունից է՞լ են հավելյալ նյութեր  պահանջել։

- Այս պահին՝ ոչ, ընթացակարգային առումով էլ դա հնարավոր չէ, քանի որ մինչեւ դատարանը մեզնից պահանջված փաթեթը չստանա, չի կարող նոր հարցադրումներով գործը կոմունիկացնել կառավարությանը։ 

- Հետաքրքիր է՝ հաջորդ ժամկետը նախանշվե՞լ է, թե երբ կողմերը պետք է նոր դիրքորոշումներ ներկայացնեն։

- Դեռ ոչ, բայց դատարանն անպայմանորեն գրագրություն է վարելու դիմումատուների հետ, եւ դատարանից սպասվող նամակի պարագայում որոշակի պատկերացում կունենանք նաեւ դատավարական ժամկետների վերաբերյալ։ Որպես կանոն, այս փուլի համար մեկ ամիս է պահանջվում։

- Ասացիք, որ տեղյակ եք պահել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին, արդյոք ՍԴ-ն եւ վճռաբեկը լուծարելու եւ գերագույն դատարան ձեւավորելու մասին ե՞ւս անդրադարձել եք Ձեր փաթեթում։

- Այո, մեր գանգատում անդրադարձ կատարել ենք նաեւ գերագույն դատարան ստեղծելու գաղափարին եւ չէինք կարող չանդրադառնալ, քանի որ միջազգային եւ եվրոպական կառույցներին, որպես դատավորների պաշտոնավարման ժամկետի իջեցման հիմնավորում, բերվել է 2015 թվականի Սահմանադրության ՍԴ-ի մոդելի գործարկումը, այսինքն՝ մեր պետությունը միջազգային հանրության առջեւ խիստ կարեւորել է 2015 թվականի Սահմանադրության եւ ՍԴ-ի կենսագործումը պրակտիկայում եւ կարծել է, որ օր առաջ անհրաժեշտ է ՀՀ-ին հենց այսպիսի սահմանադրական դատարան, որի դատավորները կնշանակվեն 12 տարի ժամկետով՝ հենց պառլամենտում։ Այս մեկնաբանությունների ֆոնին առնվազն տարօրինակ է, եւ ի ցույց է դնում այդ փաստարկների կեղծված լինելը, երբ օրակարգ է բերվում գերագույն դատարանի ձեւավորման ճանապարհով ՍԴ-ի վերացման  հարցը։ Ես բովանդակային փաստարկներին չեմ անդրադառնա, բայց գանգատում այս զարգացումը չէր կարող անտեսվել մեր եւ դատարանի ուշադրությունից։