Առաջին Ամանորը` նոր բնակարանում

Առաջին Ամանորը` նոր բնակարանում

Ավդալյանների ընտանիքի համար Ամանորի ամենամեծ հրաշքը նոր կառուցված բնակարանն է. լավագույն նվերը՝ բոլորի համար: Ութ տարի ձգձգվող շինարարությունը վերջապես ավարտվել է՝ գործընկեր կառույցների աջակցության շնորհիվ: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող երիտասարդ ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ  Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի 2018 թվականի շահառուներից վերջինն էր:
Մինչեւ բնակարանամուտ տոնելը Սարմենն իր ընտանիքով տարիներով բնակվել է ծնողների փոքր բնակմակերեսով տանը: Նոր տարվա մեկնարկը լուսավոր է եղել ընտանիքի համար: Երկու երեխաների երիտասարդ մայրը՝ Արեւիկը, մեծ եռանդով ու հաճույքով է կահավորում տարիների երազանքի իր անկյունը:

«Այնքան երկար եմ երազել սեփական խոհանոցի, սեփական անկյուն ունենալու մասին: Նոր տարին սեփական հարկի տակ դիմավորելուց լավ բան չկա աշխարհում: Թող այս Նոր տարին բոլոր ընտանիքներին ուրախություն պարգեւի»,- ասել է Արեւիկը:
Գործընկեր կառույցների ղեկավարները երիտասարդ ընտանիքի հետ կիսել են Ամանորի եւ բնակարանամուտի ուրախությունը:

«Սոցիալական խնդիրներով պայմանավորված` շատ ընտանիքներ ստիպված են լինում անցնել աննկարագրելի դժվար ճանապարհով: Դա մեծ խնդիր է, որը հնարավոր չէ անտեսել: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ ցուցաբերվող աջակցության շնորհիվ մարդկանց ոտքի կանգնելու հնարավորություն տալն է: Նա, ով մեկ անգամ հաղթահարում է հուսահատությունը, մեկընդմիշտ կարող է փոխել իր վերաբերմունքը խնդիրներ լուծելու հանդեպ: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է մարդկանց մոտ արթնացնել այդ վստահությունը: Ամենակարեւոր ձեռքբերումը սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնումն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տասը տարի առաջ մեկնարկած համագործակցությունն արգասաբեր է եղել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 162 ընտանիքի համար: Շեշտը դնելով սահմանապահ գյուղերի վրա, բայց չանտեսելով նաեւ ամենատարբեր պատճառներով տնազուրկ ընտանիքների խնդիրները՝ գործընկերները տարիներ շարունակ փորձել են անհատական մոտեցմամբ լուծել տարբեր ընտանիքների բնակարանային խնդիրները:

«Ամանորն ընտանեկան տոն է, եւ ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում ընտանիքը կարող է այն տոնել սեփական հարկի տակ: Այս ընտանիքն այսուհետեւ իր «ամրոցն» ունի եւ լիահույս է ապագայի նկատմամբ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: