Ապրանքները օր-օրի թանկանում են (տեսանյութ)

Ամանորի տոներին ընդառաջ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը Հայաստանում դարձել է ավանդույթ, այս տարին եւս բացառություն չի: Շատերն արդեն սկսել են առեւտուրը, մարդիկ խանութից խանութ են շրջում, համեմատում ապրանքների գները և ընտրում ամենաէժանն ու մատչելին:

Գները օր-օրի թանկանում են, մեզ հետ զրույցում ասում էին ե´ւ առեւտրականները, ե´ւ քաղաքացիները. «Երկու օր առաջ մանդարին գնել եմ 200 դրամով, այսօր 350-400 դրամ է, մինչեւ Նոր Տարի էլ ավելի կթանկի: Այսօր 50 դրամով թանակացել  է նաեւ կանաչիները, գնել եմ 200 դրամով: Տավարի միսը թանկ է 1կգ-ը՝ 3000դրամ է, իսկ խոզի տարվան ընդառաջ խոզի միսը էժան է՝ 1կգ-ն արժե 2700 դրամ: Քիչ-քիչ առեւտուր կանենք Նոր տարին դիմավորենք»,- մեզ հետ զրույցում ասաց 48-ամյա տիկին Լաուրան: Ըստ նրա՝ Ամանորը նշելու համար ընտանիքը ծախսում է 150-200 հազար դրամ, որի մեջ մտնում են նաեւ երեխաների նվերները. «2 փոքրիկ թոռնիկ ունեմ,  Ձմեռ պապիկից նվերներ են ուզել: Բացի թոռներից արդեն ավադույթ ենք դարձրել տան մեջ Նոր Տարվան Ձմեռ պապին բոլորիս նվեր ա բերում»: 

Ըստ առեւտրականների՝  2 օրում 1000 դրամով թանկացավ անանասը, 300 դրամով՝  կոկոսը, 200 դրամով՝ նուռը. «Այս տարի որոշ ապրանքներ թանկացել են, բայց կան ապրանքներ, որ ավելի էժան ա, քան անցած տարի: Կիվին ՝ 600 դրամ  ենք վաճառում, անցած տարի 800-900 դրամ էր: Խաղողը նույն գին ՝ 3կգ-ը 1000 դրամ, տեղ-տեղ 1կգ-ը՝ 400 դրամ է: Փարոսները տվել են, մարդիկ նոր-նոր սկսում են առեւտուր անել: Շուկայի ներսում առեւտուր չէր լինում, ստիպված դուրս ենք եկել ճանապարհի վրա, որ այս օրերին մի քանի կոպեկ աշխատենք»,- ասում են առեւտրակաները:

Հրազդանի խանութներում նախատոնական օրերին նկատվում է ձվի դեֆիցիդ: Որոշ խանութներում էլ ձուն վաճառվում են 70-80 դրամ: «Արդեն 2 օր է, ինչ Հրազդանի շատ խանութներում ձու չկա, ձուն 10 դրամով թանկացել է: Մի քանի խանութ եմ գնացել եմ ձու չի եղել, մի սուպերմարկետում էլ՝ ձուն 10 հատից ավելի չէին վաճառում, ասում են, որ ձու չկա»-, ասաց 35-ամյա Արմինեն: