Բրթբրթոց եղավ, մի քանի հատ վզակոթի խփել. «Սասնա ծռերի» գործով ցուցմունք է տալիս Վարդան Եղիազարյանը

Բրթբրթոց եղավ, մի քանի հատ վզակոթի խփել. «Սասնա ծռերի» գործով ցուցմունք է տալիս Վարդան Եղիազարյանը

«Սասնա ծռերի» տասը անդամ գործով դատական նիստին Վալերի Օսիպյանի ցուցմունք տալուց հետո այժմ դատարանում հարցաքննվում է 2016 թվականի հուլիսի ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկի հետ կապ չունի եւ այն, ինչ ասել է նախաքննական ցուցմունքներում, հաստատել է:

Նա դատարանին հայտնեց, թե ինչպես է հայտնվել ՊՊԾ գնդում. «Առավոտյան ժամը վեցի սահմանների մոտ ինձ զանգահարեց ոստիկանության հերթապահ մասից հերթապահ աշխատակիցը եւ հայտնեց, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, ես համարեցի իմ պարտքը մեկնել դեպքի վայր, այնտեղ հանդիպեցի Վալերի Օսիպյանին, կային ոստիկանական մեքենաներ շարված: Հարցրեցի՝ Օսիպյանին ի՞նչ է կատարվում, ասեց՝ չեմ իմանում, կապի եմ դուրս եկել հարձակվողների հետ, գնում եմ հանդիպման, ասի՝ ես էլ կգամ, իմ պարտքը համարեցի չթողնել իմ գործընկերոջը միայնակ: Մի քիչ էլ մթնշաղ էր, բացի էդ երկուսից էլ երկու-երեք հոգի էլ մոտեցան, ինքնաձգերը դրեցին վզներիս, պահանջեցին գնալ գունդ, բրթբրթոց եղավ, մի քանի հատ վզակոթի խփել, բայց կարծում եմ, որ դա ինչ-որ լուրջ բան չէր, ստիպեցին, գնացինք գունդ, մեզ կապեցին մի քանի րոպե, հետո որոշեցին, որ պիտի հանեն, հիմնականում հայհոյանքներ էին հնչում, բորբոքված մթնոլորտ էր»:

Նա նաեւ նշեց, որ իրենք պահանջել են բաց թողնել սպայական անձանակազմից պատանդառվածներին. «Մեր միակ պահանջը նա էր, որ բաց թողնեին սերժանտական կազմից պատանդության մեջ գտվնող վեց-ութ հոգու: Անվերջ փորձում էին մեզ ուղղորդել, թե իրենց գործողությունները ճիշտ են, հեղաշրջում են իրականացնում: Օսիպյանը կապի էր դուրս գալիս ոստիկանների հետ, խնդրում էր՝ կրակոցներ չլինեն: Հետո եղան կրակոցներ, խառնաշփոթ իրավիճակ էր, արդյունքում իրենցից մի տղա վիրավորվեց, հետո իմացանք, որ մեր ոստիկաններից երեք հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Մեզ պահում էին սենյակներից մեկում, ինձ ու Օսիպյանին առանձին էին պահում, էդպես սահմանափակված էր մեր շփումները:

Միանգամից ասեմ, որ սպայական արժանապատվության դեմ ոտնձգություններ չեն եղել, վերաբերմունքը եղել է պարկեշտ, բայց դա գնահատել մեծ լավություն, չի կարելի: Մի խոսքով՝ անվերջ մեկուսացման եւ հսկողության տակ էինք, երեկոյան տանում էին էն մյուս մասնաշենք: Հաջորդ օրերին գնալով մթնոլորտը լարվում էր, ես փորձում էի մեղմել, խոսակցություններ էինք վարում: Այնուամենայնվ, բոլորս մնում էինք մեր դիրքերում, մարդկային շփում էր հաստատվել, կային մարդիկ, որոնք անկանխատեսելի դրսեւորումներ ունեին, նրանց հետո խուսափում էինք շփվել, միատարր չէր այդ անձնակազմը»:

Եղիազարյանի համար զարմանալի էր, որ մինչ այժմ «Սասնա ծռերը» զղջանքի խոսք չեն ասել. «Ինչ վերաբերվում էր սպանություններին. էսքան ժամանակ ներողամտության խոսքը չի եղել, զարմանալի է, որ էստեղ խոսում են սպանություններ մասին, դահլիճից ծափահարություններ են հնչում, ի վերջո զոհվել են մեր ընկերները: Ինձ համար անհասկանալին սա է, որ զղջանք չկա, ուզում եմ հիշեցնել երեք հոգի մարդ է զոհվել: Հետագայում սկսվեցին բանակցությունները, ակտիվ մասնակցում էր Վիտալի Բալասանյանը, հետո որոշեցին լրատվամիջոցների դիմաց մեզ ազատ արձակել: Եթե ենթադրենք, որ մեզ կարող էին ազատ արձակել, ես անձամբ էնտեղից դուրս չէի գա, քանի էնտեղ գտնվում էին մեր ոստիկանների կրտսեր անձնակազմը: Մեզ մի քանի ժամ առաջ ասեցին, որ կարող ա թողնեն, կարող ա չէ, ի վերջո որոշեցին թողնել, ձեռքսեղմում եղել է, շնորհակալություն էլ ենք հայտնել: Մեզ թողեցին, դրանից հետո ես մի քիչ վատառողջ էի, աշխատանքի դուրս չեմ եկել»:

Վարդան Եղիազարյանի ցուցմունքը շարունակվում է: