ԵԿՄ-ն դեռ պաուզա է պահում մինչեւ համագումար հրավիրելը

ԵԿՄ-ն դեռ պաուզա է պահում մինչեւ համագումար հրավիրելը

Թեեւ նախատեսված էր, որ Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո դեռ անցյալ տարվա սեպտեմբերին պետք է տեղի ունենար ԵԿՄ-ի համագումարը, սակայն այն հետաձգվեց հենց երկրապահների շրջանում ծագած տարակարծությունների պատճառով։ Ոմանք այդ պաշտոնում տեսնում էին սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, ոմանք՝ ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, այլոք էլ կողմ էին կոլեգիալ կառավարմանը։ 

ԵԿՄ նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը վստահեցնում է, որ համագումարին կմասնակցեն տարաձայնությունները հաղթահարած։
«Լուրջ կնոֆլիկտներ չեն եղել, մեր խոհանոցն է, կան տարակարծություններ։ Այդ բոլոր տարակարծությունները հաղթահարելուց հետո կգնանք համագումարի»,- ասաց Արա Կետիկյանը՝ չմասնավորեցնելով, թե երբ կլինի ԵԿՄ-ի՝ այդքան սպասված համագումարը։ 
Արա Կետիկյանի հետ զրույցում հիշեցրինք, որ հնչում են կարծիքներ, թե ԵԿՄ-ն պետք չէ որպես կառույց։

«Այդ կարծիքն ունեցողներն էլ ՀՀ-ին պետք չեն։ ԵԿՄ անդամներն առաջինն են պատերազմի ժամանակ գնում, կանգնում ժողովրդի կողքին։ Հարյուր անգամ դա ապացուցվել է»,- արձագանքեց Արա Կետիկյանը։

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում այն տեսակետին, որ ԵԿՄ-ն պետք է ղեկավարի ոչ թե կոնկրետ անձ, այլ կոլեգիալ որոշումներով, Արա Կետիկյանն արձագանքեց․ «Յուրաքանչյուր ՀԿ պետք է ունենա իր ղեկավարը, դա «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով է։ Ինչ վերաբերում է կոլեգիալ որոշումներին, դա կախված է նրանից, թե այդ անձն ինչպես կաշխատի վարչության հետ։ Եթե անձը դեմոկրատ է, ապա նա հաշվի կառնի վարչության անդամների կարծիքը, դա էլ կլինի կոլեգիալ»։