Ի՞նչն է խոչընդոտում տնտեսական հեղափոխությանը

Ի՞նչն է խոչընդոտում տնտեսական հեղափոխությանը

Դեռեւս թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց հանրության մեջ սկսեց շրջանառվել այն տեսակետը, որ եթե նոր իշխանությունները չլծվեն տնտեսությունը զարգացնելու գործին, չմտածեն ներդրումներ կատարելու, օլիգարխիկ համակարգն ապամոնտաժելու մասին, ապա բարձրանալու է հանրային դժգոհության մեծ ալիք։ Տնտեսությունը Հայաստանում միշտ է եղել ցանկացած իշխանության «աքիլլեսյան գարշապարը», եւ դա գիտակցում են նաեւ նոր կառավարիչները։
Օրերս Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի մասնավորի, ասել է․ «Ամենակարեւոր բարեփոխումները կապված են տնտեսության հետ, մենք հիմա պետք է կարողանանք մեր քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխություն դարձնել»։ Փաշինյանը նշել է նաեւ, որ պատրաստվում են կարգավորումների, պարզեցումների միջոցով ցանկացած մեծ բիզնեսի գործունեությունը հեշտացնել ՀՀ-ում։ Եվ այդ առումով նա կարեւորել է Հարկային օրենսգրքի բարեփոխումը, եկամտահարկի եւ շահութահարկի չափաբաժինների նվազեցումը, որպեսզի բիզնես եւ ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դառնա օտարերկրյա ներդրումների համար։ 

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ղեկավար, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կան տնտեսական հեղափոխություն իրականացնելու բոլոր նախապայմանները։ Սակայն, ըստ նրա, պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն եւ ինչ են ուզում անել տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ 
«Տնտեսական հեղափոխություն նշանակում է ստեղծել արժանապատիվ պայմաններ Հայաստանի քաղաքացիների համար։ Այսօր տնտեսության մեջ չկա քրեաօլիգարխիկ համակարգ, տնտեսությունն ազատ է մրցակցության մեջ, բաժանված չէ մասերի, քանի որ ժողովուրդը մասնակցել է հեղափոխությանը եւ ազատագրվել քրեական համակարգից։ ԱԺ-ում ունենք գործադիր մարմնին պաշտպանող քաղաքական մեծամասնություն, որն արտահայտում է ժողովրդի ցանկությունները։ Այդ բոլոր նախապայմանները կան։ Անհրաժեշտ է ունենալ երկրի զարգացման ռազմավարական պլան։ Հայաստանը դարձել է ժողովրդավարության կղզյակ, եւ այդ ռազմավարական պլանով պետք է ընտրվի տնտեսության այն մոդելը, որով կցանկանան տնտեսական հեղափոխություն իրականացնել։ Իսկ այդ մոդելը Սկանդինավյան երկրների սոցիալ-դեմոկրատական ազատական շուկայական տնտեսության մոդելն է։ Այդ մոդելն է, որն ապահովում է սոցիալական եւ իրավական այն սկզբունքները, որոնք ամրագրված են մեր սահմանադրության մեջ։ Այդ մոդելի շրջանակներում էլ պետք է իրականացնել երկրի տնտեսության, կառուցվածքի դիվերսիֆիկացումը»,- նշեց տնտեսագետը։

Խոսելով կառավարության գերակայությունների մասին՝ Մովսես Արիստակեսյանը հիշեցնում է, որ այն ունի երեք գերակայություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն։ Սակայն նա կարծում է, որ Հայաստանին պետք է վերադարձնենք արդյունաբերությունը, եւ մեր տնտեսության ՀՆԱ-ի 60-70 տոկոսը պետք է ապահովի արդյունաբերությունը՝ հետարդյունաբերական տեխնոլոգիաներով։  Նրա հավաստմամբ՝ մենք պետք է ունենանք թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաներ, թե՛ նանոտեխնոլոգիաներ, թե՛ հաստոցաշինություն։ Պետք է ունենանք նաեւ քարամշակման արդյունաբերություն։ 
Թվարկելով իր պատկերացրած տնտեսական հեղափոխության հասնելու ուղիները՝ Արիստակեսյանը նշում է, որ պետք է հասնենք տնտեսական ինքնաբավության։
«Մենք ունենք երկու լուրջ խնդիր՝ էներգետիկ անկախության բացակայություն եւ տնտեսական շրջափակման խնդիր։ Այդ երկու խնդիրները հաշվի առնելով պետք է ստեղծենք ինքնաբավ, ներքին կոոպերացիայի բարձր մակարդակ ունեցող, արտահանման ունակ տնտեսություն։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է օգտագործի երկրի չօգտագործված վարելահողերը եւ իրականացնի այնպիսի քաղաքականություն, որն ուղղված կլինի առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքատեսակների արտադրությանը։ Այդ կերպ մենք կունենանք ինքնաբավ տնտեսություն, կախված չենք լինի տրանսպորտային շրջափակումից, մաքսատուրքերից, այլ երկրների շուկաների գների տատանումներից»,- առաջարկում է տնտեսագետը։ 

Ինչպես նախորդ գումարման խորհրդարաններում, այս ԱԺ-ում եւս կան գործարարներ, ինչը սահմանադրության հոդվածներից մեկի խախտում է։ 

«Հեղափոխությունից հետո նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հրամանատարները դարձան խոշոր սեփականատերեր։ Պետք է պարզել՝ ինչպե՞ս է կուտակվել այդ հարստությունը, ապօրինի հարստացման ի՞նչ ճանապարհով։ Իսկ դա խոչընդոտում է տնտեսական հեղափոխությանը։ Մենք տեսնում ենք, որ քրեաօլիգարխիկ համակարգի շատ ներկայացուցիչների միջոցները պտտվում են օֆշորային գոտիներում։ Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անցումային արդարադատության շրջանակներում պետք է պարզել ապօրինի հարստացած պաշտոնյաների գումարների ծավալը, դրանք վերադարձնել ՀՀ քաղաքացիներին կամ էլ հարկային համաներմամբ ներդրումների միջոցով ուղղել ռազմավարական ծրագրերի իրականացմանը»,- ասաց Մովսես Արիստակեսյանը։