Կարո՞ղ է վաղն էլ իներցիայով անցնեն կոռուպցիային․Ա․ Բադալյան

Կարո՞ղ է վաղն էլ իներցիայով անցնեն կոռուպցիային․Ա․ Բադալյան

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում՝ պետական տարբեր կառույցների կողմից հավելավճարներ դուրս գրելով՝ ինքնապարգևատրումների ու պարգևատրումների տեսքով, չէր կարող չլինել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։

«Չէր կարող նրա գիտությամբ չլինել, որովհետև գումարները մեծ են, սա մեկ։ Երկրորդ՝ պարգևավճարները որպես այդպիսին կամ ժողովրդի լեզվով ասած՝ պրեմիաները բոլոր հիմնարկներում էլ տվել են, խնդիրը դա չէ, որոշ հիմնարկներում ոչ միայն այն աշխատողներին, որ լավ են աշխատել, այլ բոլորին համաչափ ձևով տվել են, բայց կա մի բայց։ Եվ դա այն է, որ բացի օրենքը ոչ թե բարոյական՝ այլ հեղափոխական փոփոխություններից հետո ստեղծված արժեհամակարգն է։ Եվ նրա վրա, ինչի վրա աչք էր փակվում, կամ չէր ողջունվում, քննադատվում էր նախկին իշխանությունների օրոք, ապա այս իշխանությունների ժամանակ էլ ավելի խիստ քննադատության է արժանանում, որովհետև մարդկանց մոտ այն տպավորությունը կար, որ հեղափոխությունը պետք է բերի արժեքային փոփոխությունների պետական չինովնիկների մոտ։

Հատկապես, իշխող վերնախավի մոտ արժեքային համակարգ պետք է փոխվի։ Եվ այն, ինչ օրինական է, չպետք է տեղի ունենար։ Գոնե առաջին տարվա համար։ Առավել ևս, որ պրեմիա՝ 13-րդ աշխատավարձ տալիս են այն մարդկանց, որոնք ստացել են 12-րդը, իսկ շատերն անգամ 1-2-3 ամսվա աշխատողներ են և նրանք էլ են ստացել։ Սա է, որ քննադատության է արժանանում, ոչ թե զուտ պրեմիաների ծավալը։ Չչնայած, դա էլ է արժանի քննադատության, թե ինչու ինչքան շատ»,- ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։

Քաղաքագետի ամփոփմամբ՝ սրանից հետո շատերի շուրթերին հետևյալ հարցն է լինելու՝ եթե դուք վարվում եք այնպես, ինչպես հանրապետականները, այդ դեպքում ինչ տարբերություն՝ Ձեր և հանրապետականների միջև, այդ դեպքում ո՞րն էր իշխանափոխության իմաստը։ Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին համացանցն ուղղակի պայթեցրել են Քաղաքապետարանի՝ շուրջ 900 հազար դոլար պարգևավճարների, մարզպետարանների պարգևավճարները, իսկ վերջին ակորդը ՊԵԿ-ի՝ մարզերում 1-2 սենյականոց բնակարանի չափով պարգևավճարներն էին։ ԱԺ փոխխոսնակ Լենա նազարյանը այսօր հայտնել էր, թե պարգևատրումները ինչ-որ չափով իներցիայով է եղել։

«Այս դեպքում կարո՞ղ է իներցիայի սկզբունքով վաղն էլ նորից կոռուպցիան վերականգնվի, իներցիայով մենաշնորհները նորից վերականգնեն»,- հարցրեց Արմեն Բադալյանը։