Նախորդ տարի էկզոտիկ մրգերի գներն ավելի թանկ էին, քան այս տարի

Նախորդ տարի էկզոտիկ մրգերի գներն ավելի թանկ էին, քան այս տարի
Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ գազի խնդիրը կապված է քաղաքական հարցերի հետ։ Նրա կարծիքով՝ պետք է հարցերն ուղղել կառավարությանը, թե կազդի՞ արդյոք գազի սուբսիդավորումը սակագնի վրա, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում ավելի շատ կտուժի սոցիալապես խոցելի խավը։ Իսկ 10 դրամով անապահով խավի համար սակագին իջեցնելու համար գտնվեցին ինչ-որ ռեսուրսներ։ Մեզ մոտ, ըստ հաշվարկների, 120 հազար սպառող համարվում է անապահով խավ։ Նա հիշեցնում է, որ հինգ տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագինը 30 դրամ էր, ինչը հետո բարձրացավ։

Համեմատելով ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ Կարեն Չիլինգարյանը նշում է, որ մեր երկրում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձր են։ Իսկ 2020 թվականից բարձրանալու են որոշ ապրանքների գներ, կգործեն մաքսազերծման այն նույն գները, որոնք գործում են ԵԱՏՄ երկրներում։ Անդրադառնալով թանկացումներին՝ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ կարտոֆիլն է շատ թանկացել՝ հասնելով մեկ կգ-ն՝ 300-350 դրամի։ Սրանից զատ՝ Ամանորի շեմին թանկացել են անանասը, բանանը, այլ էկզոտիկ մրգեր։

Մսամթերքի գինը մնաց նույնը, տավարի միսը սկզբում հասավ 3800-ի, հետո, սակայն, նրա գինն իջավ, նույնը եղավ խոզի մսի դեպքում։ Նա նշեց, որ նախորդ տարի էկզոտիկ մրգերն ավելի թանկ էին, քան այս տարի։ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ մեր ժողովրդի մեջ կա այդ միտումը՝ տոների նախաշեմին բարձրացնել գները՝ գերշահույթներ ստանալու նպատակով։