Ում խելքին ինչ փչում է...

Ում խելքին ինչ փչում է...

«Հրեաները Գոլանում անկախ հրեական երկրորդ պետություն չեն ստեղծել, միջազգային ասպարեզում խեղկատակություններով չեն զբաղվել եւ Գոլանի դիմաց մեկ այլ տարածք ինչ-որ մեկին հանձնելու շուրջ բանակցային Մադրիդյան կամ Կարակասյան որեւէ սեղանի շուրջ չեն նստել, չեն բանակցել: Կցել են Իսրայելին եւ հիմա գնում են դրա լեգիտիցման (այդպես է բնագրում՝ Վ. Ա.) անփոխզիջում, լիովին անզիջում ճանապարհով»խ- ասում է հայ քաղաքագետը եւ զուգահեռում, որ Արցախը եւ ազատագրված տարածքները Հայաստանի Հանրապետության մաս են, անքակտելի, անքննարկելի:

«Եւ շարունակել բանակցային բովանդակային ձեւաչափը կենդանի պահել՝ լրջագույն սխալ կլինի»- ամփոփում է նա: Նման դատողությունների առիթն, ըստ երեւույթին, մամուլում հայտնված լուրն է, թե Իսրայելը Միացյալ Նահանգներին հորդորել է ճանաչել Գոլանի բարձունքների նկատմամբ իր իրավազորությունը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը որոշել է Իսրայելում դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Այս համատեքստում Իսրայելի ակնկալիքները, որ Վաշինգտոնը կարող է նաեւ ճանաչել Գոլանի բարձունքների նկատմամբ իր իրավազորությունը, միանգամայն տրամաբանական է թվում: Մանավանդ որ ԱՄՆ-ը Սիրիայի նախագահ Ասադի հետ թշնամական հարաբերությունների մեջ է:

Դրանից, սակայն, չի հետեւում, թե միջազգային հանրությունը Գոլանի հարցում վերաբերմունք է փոխել: Ուժի մեջ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որով Գոլանի ճանաչվում է Սիրիայի օկուպացված տարածք: Ընդսմին, խոսքը վերաբերում է պատմական Գոլանի երկու երրորդին, որը 1967թ. վեցօրյա պատերազմի ընթացքում անցել է Իսրայելի վերահսկողության տակ: Տեղաշրջանի մեկ երրորդը շարունակում է մնալ Սիրիայի կազմում: Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել, որ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածքում ներկայումս բնակվում է ոչ ավելի, քան 30 000 մարդ, որի մի մասը՝ դրուզներ: Գոլանի բարձունքներն ավելի ճիշտ կլինի անվանել ռազմականացված հենակետ: Այս իմաստով տեղին չէ Իսրայելի փորձը համեմատել Արցախի եւ ազատագրված տարածքների հետ:

Վերջապես, Իսրայելը կարողանում է պահել Գոլանի բարձունքները, որովհետեւ նրա մրցակիցը Սիրիան է: Երկու պետությունների հնարավորությունները գնահատելու համար բերենք միայն հետեւյալ տվյալները: Իսրայելն ունի 8,712 , Սիրիան՝ 18 միլիոն բնակչություն, բայց Իսրայելի տարեկան ՀՆԱ-ն կազմում է 350, Սիրիայինը՝ 50 միլիարդ դոլար: Ե՞րբ մենք կունենանք Ադրբեջանի ՀՆԱ-ն յոթ անգամ գերազանցող համախառն ներքին արդյունք: Ե՞րբ Ադրբեջանը կվերածվի կովկասյան Սիրիայի: Չէ՞ որ միայն այդ դեպքում կարող ենք կիրառել Իսրայելի օրինակը եւ Արցախն ազատագրված տարածքներով կցել Հայաստանին: