Սաքունցի թաքուստը

Սաքունցի թաքուստը

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը news.am-ին հարցազրույցում խոսել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխված տեսնելու եւ այն մասին, որ չի կարելի սեւացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին: Ղուկասյանին հակադարձել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ պնդել, որ նա շատ սերտ համագործակցել է Քոչարյանի հետ եւ «բացառված չէ, որ այս գործի քննության ընթացքում Ղուկասյանը ինչ-որ պահի առնվազն որպես վկա ներգրավվի քրեական գործով»:

Արկադի Ղուկասյանը նախագահի պաշտոնը թողել է 2007թ. սեպտեմբերին, Քոչարյանը մեղադրվում է 2008թ. մարտի մեկին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Արցախում նախագահի պաշտոնը թողնելուց հետո Արկադի Ղուկասյանը Հայաստանում առանցքային պաշտոնի չի նշանակվել, ուստի ինչպե՞ս եւ ի՞նչ հանգամանքներում նա կարող էր սերտ համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Արթուր Սաքունցի թաքուստն է, որ նա չի բացահայտում:

Ունի՞ Սաքունցը որեւէ տեղեկություն, որ Արցախի պաշտոթնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը մարտի մեկին կամ դրանից առաջ «սերտ համագործակցել է» Ռոբերտ Քոչարյանի հետ: Եթե ունի, ապա ինչու՞ իր թաքուստը չի բացում պատկան մարմինների համար, այլ մամուլի միջոցով երկիմաստ հայտարարություններ է անում միայն: Մարտի մեկի իրադարձություններին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի առնչության մասին որեւէ տեղեկություն Արթուր Սաքունցը չի կարող ունենալ: Նա ընդամենը կատարում է իր սեւ գործը՝ մարտիմեկյան դեպքերում անպայման արցախյան հետք տեսնելու իմաստով: Եւ այնքան է տարված դրանով, որ իրեն նեղություն չի պատճառում, չի ճշտում, թե այդ ժամանակ Արկադի Ղուկասյանը որեւէ պաշտոն զբաղեցնու՞մ էր: Նույն տեղում նա Ռոբերտ Քոչարյանի ճակատագրով մտահոգ արցախյան քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս պարզել, թե ինչպե՞ս են Արցախից «զորքեր տեղափոխվել» Երեւան: Դա նույնպես տեղավորվում է Սաքունցի ժանրի սահմաններում՝ հայաստանյան հանրությանը ներշնչել, որ մարտի մեկին Երեւան է «մտել ղարաբաղցիների պատժիչ զորախոումբը եւ հաշվեհարդար տեսել խաղաղ ցուցարարների հետ»:

Նպատակը մեկն է՝ հնարավորինս անվստահություն սերմանել հայաստանյան եւ արցախյան հանրությունների միջեւ: Եւ ցավալի է, որ որոշ լրատվամիջոցներ տեղ են տալիս սաքունցներին, որպեսզի վերջիններս անեն իրենց սեւ գործը: Ըստ երեւույթին, ժամանակն է, որպեսզի պատկան մարմիններն զբաղվեն սաքունցներով՝ պարզելու, թե ում պատվերն են նրանք կատարում: Այլապես այս խմորը կարող է շատ ջուր վերցնել: