Դուք Ազգային ժողովում «գրկախառնվեք», մեզ էլ համոզեք, թե արտակարգ դրություն է․․․

 Դուք Ազգային ժողովում «գրկախառնվեք», մեզ էլ համոզեք, թե  արտակարգ դրություն է․․․

Արտակարգ դրությունը «անկյուն կանգնեցնելու պես մի բան է»։ Ժողովուրդը քաշված մի անկյուն, գլուխը պատին հենած՝ կանգնած է։ Չարություն չի անում։ Անկյուն կանգնեցնողի համար «այդպես հավես է»։ Ժամանակի տերը ինքն է՝ կուզի այնպես կանի, որ շունչ քաշելն էլ կարգելի, ինչ ուզի՝ կանի։ Մեծ մասշտաբով արտակարգ դրության ժամանակ երևի հենց անկյուն կանգնեցնողի մենաշնորհային բացառիկ վիճակն են  նկատի ունեցել, որ օրենքով անվերջ շարունակելու հնարավորություն չեն նախատեսել, քանի որ անկյուն կանգնողի իրավունքը կխախտվեր։

Օրենքին շնորհակալ ենք, որ մի կողմի մասին չի մտածել։ Եթե այդպես լիներ, Հայաստանում առաջիկա տարիներին արտակարգ դրություն կհայտարարեին։ «Այդպես հավես ու կառավարելի է» իշխանության համար։ Մեկը ձայն հանի՝ արտակարգ դրության ուժով «անկյուն կկանգնեցնի»։

4 օրից ավարտվում է մի անգամ երկարաձգված արտակարգ դրությունը։ Ի՞նչ է սպասվում մեզ։ Իհարկե, նոր արտակարգ դրություն, չեմ էլ կասկածում։ Նոր հիմնավորում։ Դեպքերը շատացել են․․․

Մարդիկ դա էլ լուրջ չեն ընդունի, ինչու՞․․․

Արտակարգ դրությունը  երկարացնելու, մարդկանց հոգեբանության մեջ կարևորությունը ամրապնդելու համար ընդամենը մի բան է հարկավոր։ Որ արտակարգ դրություն հայտարարող իշխանությունը սեփական օրինակով ցույց տա ու համոզի ժողովրդին, որ ողջ Հայաստանի համար է արտակարգ դրությունը։ Ոչ թե իրենք քաղաքական քաշքշուկներով զբաղվեն, մեզ ասեն, դուք անկյուն կանգնեք։ Դա արդեն քաղաքացուն անկյուն քշել է նշանակում։

Դուք Ազգային ժողովում «գրկախառնվեք», մեզ էլ համոզեք, թե արտակարգ դրություն է։ Պետք է երկարաձգել։ 

Լավա էլի՜․․․Դուք քաղաքական որոշումներ եք ընդունում, մեզ էլ փակել եք տներում, զրկել մեր իրավունքներից։ Արտակարգ դրության մեջ աղմկոտ քաղաքական հարցեր չեն լուծում՝ անտեսելով ժողովրդին։