Նիկոլին այլընտրանք դեռևս չեմ տեսնում

Նիկոլին այլընտրանք դեռևս չեմ տեսնում

Ամերիկյան հանրապետական ինստիտուտի իրականացրած սոցհարցումը բացահայտեց հայաստանյան հասարակական կարծիքի հետաքրքրիր նրբերանգներ: Նախկինների ժամանակ ինքս եմ համակարգել մեր կազմակերպության կողմից սոցհարցումների անցկացումը: Այնուհետև երկար ժամանակ հետևում եմ այլոց անցկացրած հարցումներին՝ հատկապես վերջին հինգ տարում: Բայց այս մեկն, իրոք, աննախադեպ արդյունքներ է գրանցել: Աննախադեպ թե՛ արցախյան թեմատիկայի և թե՛ հատկապես վարչապետի պաշտոնին կառչած անձի ու նրա հիմնադրած կուսակցության առումներով: Աննախադեպ թե՛ որոշակի դրական և թե՛ բավական լուրջ բացասական կողմերով:
Առաջինը և դրականն այն է, որ Նիկոլի անձնական հեղինակությունը պատերազմից հետո աստիճանաբար մոտենում է զրոյական նիշին՝ ընդամենը 14 տոկոս: Իսկ զրո նիշն, ինչպես հիշում ենք, Նիկոլի սիրելի թիվն է՝ դեռ նրա էյֆորիկ ժամանակաշրջանից: Ի դեպ, առանց նրա՝ իր հիմնադրած կուսակցությունն անմիջապես կդադարեր գոյություն ունենալուց: Զարմանալի է, սակայն, որ այդ քաղաքական ուժն ունի 20 տոկոս, այսինքն՝ իր հիմնադրից 6 տոկոսային կետով ավելի: Դա առնվազն քաղաքագիտական նոնսենս է՝ եթե հետևես Նիկոլի ու նրա հիմնադրած կառույցի անդամների փոխահարաբերություններին: Եթե ես դիտեի հանրային հեռուստատեսության հաղորդումները՝ երևի կհասկանայի, թե ինչն ինչոց է: Որովհետև մեկ-մեկ հետևելով «խորհրդասրան-կառավարություն» հարցուպատասխանին՝ մոտս առաջանում է ընդամենը տհաճ զգացողություն: Կարծում եմ, որ իր քաղաքական ուժի անդամների վարքը տհաճությունից բացի այլ զգացում չպիտի արթնացներ հեռուստադիտողի մոտ: Կամ էլ մեր հասարակությունն այնքան է դեգրադացվել, որ քծնանքը, որը բացահայտ երևում է հարցուպատասխանի տեսարանում, իրեն դուր է գալիս: Որովհետև եթե դուր չգար, ապա նիկոլականներին իրենից բարձր տոկոս չէր հատկացվի:

Երկորդը և բացասականն այն է, որ Արցախի կարգավիճակի թեման մեզանում այլևս հետաքրքրում է ընդամենը հարցվածների 51 տոկոսին: Ինչը նշանակում է, որ թե՛ Նիկոլն իր հոգևոր հայր՝ ՀՀ առաջին նախագահի հետ, և թե՛ նախկինները (ամեն կողմն իր ուղղությամբ) աշխատեցին ուղղակի «գերազանց»: Աշխատեցին, որպեսզի Արցախը գոնե հայաստանցիների համար դադարի լինել այն շաղախը, որ մի ժամանակ ցեմենտում էր մարդկանց՝ հանելով նրանց փողոցներ: Ինչը ոչ միայն զուտ տեսական հարց է, այլև խիստ պրակտիկ: Հատկապես այս իշխանության համար, որ հանուն իր գոյատևման թշնամուն հանգիստ հանձնում է Արցախը: Իհարկե, Հայաստանի տարածքներն էլ հետը, բայց դա այլ՝ սոցհարցումից թեմայից դուրս, խոսակցության նյութ է: Ինչը (խոսքը Արցախի հանձնման մասին է) բազմիցս բարձրաձայնվել է վարչապետի պաշտոնում գտնվող անձի կողմից: Եվ ինչի նախերգանքն այս օրերին կատարվում էր ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում:

Հոդված գրելու առիթն, ի դեպ, «Հրապարակի» մայիսի 5-ի խմբագրականն էր, որում առկա էր Նիկոլի 14 տոկոսի առումով «ուրախացնող» տվյալը: Սովորաբար ես կողմ եմ «բաժակը կիսով չափ լիքն է» ձևակերպմանը, քանի որ այն դրական կողմնորոշման (ռուսերեն՝ установка) դրսևորում է: Խմբագրից ներողություն խնդրելով (դե, գլխավոր խմբագիր է)՝ ասեմ, որ տվյալ դեպքում ինձ չի գոհացնում Նիկոլի հեղինակության նվազումը մինչև 14 տոկոս: Չի գոհացնում, քանի որ նրան այլընտրանք չեմ տեսնում՝ ինչպես և չեն տեսել հարցվածները: Ընդդիմության ներկայացուցիչն, օրինակ, պետք է լիներ գոնե երկրորդ տեղում: Սակայն «այնտեղ» Միրզոյան Արոն է՝ ԱԳ նախարարը: Մարդ, որին ես կտայի ոչ թե զրոյական, այլ բացասական նիշ՝ եթե այդպիսին լիներ տվյալ հարցման մեջ: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը «վաստակել» է 2 տոկոս՝ Նիկոլից 7 անգամ պակաս: Այ դա է, որ ինձ զրկում է Նիկոլի հեղինակության անկմամբ ուրախանալուց: Որովհետև վաղը նա կրկին մանիպուլյացիաներով և տեխնոլոգիական այլ հնարքներով իր կուսակցության և ինչու ոչ՝ իր անձնական հեղինակությունը, կրկին կհասցնի «50 գումարած 1» տոկոսի: Եվ կրկին կհայտնվի վարչապետի պաշտոնին: Այն, ինչ մենք արդեն տեսանք 2021 թվականի հունիսի ընտրություններին: Իսկ որպեսզի դա չկրկնվի՝ անհրաժեշտ է նրան կրկնակոխ հետևող ընդդիմադիր առաջնորդ: