Դատական նիստերին մասնակցելու համար մարդիկ մարզից մարզ են հասնում

Դատական նիստերին մասնակցելու համար մարդիկ մարզից մարզ են հասնում

Հայաստանում մի հասարակ հարց դատարանի միջոցով լուծելու համար մարդիկ դժոխային շրջան են անցնում՝ չարչարվում ֆիզիկապես, հոգեպես, ժամանակ ու միջոցներ կորցնում։
Քաղաքացիների սպասարկման պայմանները բարելավելու, դատարանների մատչելիությունն ապահովելու մասին բոլոր խոսակցությունները մնում են օդում։ Օրինակ, տարիքային արտոնյալ կենսաթոշակ ստանալու իրավունքի վերաբերյալ պահանջով Գորիսի բնակիչը հասնում է Սիսիան, Արարատինը՝ Վայոց ձոր։ Մարդիկ զինվորական գործերով Երեւանից գնում են Գորիս, Ստեփանակերտ։ Ինչ-որ բան արվո՞ւմ է այս մարդկանց բեռը թեթեւացնելու համար։

Օրինակ, ի՞նչ կասեք Արարատում բնակվող մի թոշակառու կնոջ, որը պետք է իր թոշակի վերաբերյալ քաղհայցով Արարատից ամեն անգամ հասնի Վայք։ Ինչո՞ւ նա պետք է գնա հասնի Վայոց ձոր, եթե իր մարզում էլ դատարան կա։

Մեր հարցերն ուղղեցինք Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին։ Պարզվեց, որ այս խառնաշփոթը ստեղծվել է կոռուպցիայից խուսափելու, դատավորի ընտրությանը միջամտությունը բացառելու համար։

«Քաղաքացիական օրենսգիրքն ասում է, որ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության վայրի դատարանում,- բացատրեց Կարեն Փոլադյանը։- Արարատն ու Վայոց ձորը մեկ դատարան է սպասարկում, որն ունի 5 նստավայր՝ Մասիս, Արտաշատ, Վեդի, Վայք, Եղեգնաձոր։ Սա մեկ դատարանի սպասարկման տարածք է։ Գուցե հնարավոր է, որ Մասիսում բնակվողի գործն ընկնի Վայոց ձորում նստող դատավորի մոտ, բայց դա մեր խնդիրը չէ։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել սպասարկման տարածքները դատավորների միջեւ բաշխելու մասին ու արել է հնարավոր ամեն ինչ, որ գործերի մակագրման կանխատեսելիությունը վերանա։

Այսինքն՝ եթե նախկինում դատարանի նախագահն էր գործը մակագրում ու ընտրում էր այնպիսի նստավայր, որը, պայմանական ասեմ՝ ցանկալի է, ապա այսօր ԲԴԽ-ն փոխել է ամբողջ կուրսը։ Այսօր սպասարկման տարածքներ են սահմանվել դատավորների համար, եւ  յուրաքանչյուր տարածքում մեկից ավելի դատավորներ են նախատեսվել։ Հնարավոր է, որ դիմումը Մասիսում չքննվի, որովհետեւ անձն այդտեղ է ապրում, այլ Արտաշատում քննվի, այնտեղի դատավորի կողմից, որ խառնելու արդյունքում ծրագիրը պատահական բաշխի ու տա պատահական դատավորի, որ քաղաքացին չիմանա, թե որ դատավորն է իր գործը քննելու։ Մենք այստեղ միջամտության հնարավորությունն իսպառ բացառել ենք»։

Ստացվում է, որ եթե Մասիսում բնակվող թոշակառուի հայցը լուծվի Արարատի ու Վայոց ձորի դատարանի Մասիսի նստավայրում, ապա թոշակառուն հնարավոր է ծանոթ գտնի դատավորի մոտ ու իր օգտին լուծում ստանա։

- Իսկ հնարավոր չէ՞ աշխարհագրական գործոնը դնել համակարգչային ծրագրի ալգորիթմի մեջ, որ մարդը մարզից մարզ չգնա գոնե։

- Նախ, ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենը պարբերաբար մշակում են դատարանների մատչելիության սկզբունքն ապահովելու մեխանիզմներ, եւ անում ենք ամեն ինչ, որ դատարանները հարմարավետ ու մատչելի լինեն մեր քաղաքացիների համար։ Բայց, դրանով հանդերձ, մեզ համար կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակության կարծիքը։ Տվեք հնարավոր առաջարկներ, որ դուք ձեր պրակտիկայում տեսել եք, ես խոստանում եմ, որ ես՝ ինքս, կներկայացնեմ ԲԴԽ նախագահին եւ վստահ եմ՝ ինքը քննարկման առարկա կդարձնի ԲԴԽ-ում յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ։

- Իսկ քննարկվե՞լ է տարբերակ, որ սոցիալապես անպաշտպան խավերի գործերը քննեն իրենց նախընտրած դատարաններում, որ, օրինակ, թոշակի չնչին ավելացման համար գործը չտանեն հարեւան մարզ, թե չէ մարդը ճանապարհի վրա ավելի մեծ գումար է ծախսում, քան ունենում է դատը շահելու դեպքում։

- Յուրաքանչյուրի գործն իր համար կենսական նշանակություն ունի։ Տեսեք, մեկի պարագայում ասում եք՝ կենսաթոշակի խնդիր, բայց, օրինակ, ամուսինները դիմել են երեխային տեսակցելու կարգ սահմանելու վերաբերյալ պահանջով։ Հիմա մենք կարո՞ղ ենք, ասենք, 30 հազար դրամ կենսաթոշակ ստացող անձի խնդիրը համեմատել այդ խնդրի հետ։

- Ես աշխարհագրական գործոնը նկատի ունեմ միայն, որ գոնե տարածքային հարմարավետության հարցը լուծվի։

- Երեւանը մեկ վարչական տարածք է, մենք բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում։ Ասում է՝ ես Երրորդ մասում եմ ապրում, ինչո՞ւ է իմ գործը քննվում Արաբկիրի նստավայրում։ Ես տրանսպորտի փող չունեմ, որ գնամ։ Այս մարդու հարցն ինչպե՞ս լուծենք, խնդրում եմ, ինձ հուշեք։ Ի՞նչ անենք, տանենք քաղաքացու շենքի մոտ դատարա՞ն սարքենք։

- Բայց մարզերի բնակիչների դեպքում այլ է։ Նրանք կարող են, չէ՞, տեղափոխել իրենց գործը։

- Մենք շատ դեպքեր ունենք, երբ խնդիրն առկա է եղել, եւ դա հիմնավոր է եղել, եւ դատավորները նույնիսկ արտագնա նիստեր են անցկացրել իրենց հիմնական նստելու վայրից, որպեսզի մենք մարդկանց այդ խնդիրը լուծենք։
Գործի քննության ընդդատությունը փոխելու կանոնները սահմանված են դատավարական օրենսգրքերով։ Ընդդատությունը փոխելը դատարանի տիրույթում է, բայց դատարանն էլ չունի բացարձակ լիազորություն, եթե օրենքով սահմանված հիմքերը չկան։ Ունենք կանոններ, որոնք չենք կարողանում շրջանցել։

- Օրինակ, մեր դեպքում Արարատի թոշակառու բնակիչն ո՞ւմ դիմի, որ ամեն դատին չգնա-հասնի Վայք։ Ձե՞զ։

- Այո։ Եթե այդպիսի դիմում ենք ստանում, քանի որ չունենք լիազորություն գործողություն անելու, անմիջապես գրությունն էլեկտրոնային համակարգով հասցվում է այն դատարան, որտեղ քննվում է գործը, հանձնվում է այն դատավորին, որի վարույթում է այն։ Նա որոշում է այդ դիմումի ճակատագիրը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ փոխվում է ընդդատությունը։

ՀԳ․ Քաղաքացիական գործերով փաստաբան Արթուր Մելիքյանը կարծում է, որ դատարանների մատչելիության, ընդդատության հետ կապված խնդիրները շուտ չեն լուծվելու։ Նա առաջարկում է չտանջվելու փոխարեն պարզապես չգնալ դատարան։ «Փաստաթղթերի փաթեթի առկայությամբ անիմաստ է դառնում մարդկանց ներկայությունը։ Հիմա դատական խորհուրդը նոր պրոյեկտ է անում՝ հայցադիմումների ներկայացման համար էլեկտրոնային հարթակ է ստեղծվում, ու քաղաքացին հայցադիմումը կարող է ներկայացնել իր տնից։ Փոքր հարցերը կարող են լուծվել առանց իր ներկայության։ Ցանկացած հայց ներկայացնելիս նա կարող է նշել, որ հայցը կարող է քննվել առանց իր մասնակցության։ Այսօր օրենսդրությունն այդ հնարավորությունը տալիս է։ Բացի դա, կան պարզեցված ընթացակարգով լուծվող գործեր՝ մինչեւ 20 մլն դրամ»,- ասում է փաստաբանը։ Մարզերի բնակիչներին այլ բան չի մնում, քան ընտելանալ այս «վիրտուալ իրականությանը»։