Փարիզի ցույց տված «դեղին քարտը» սրում է Հարավային Կովկասի համար պայքարը

Փարիզի ցույց տված «դեղին քարտը» սրում է Հարավային Կովկասի համար պայքարը

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց իր հայտնի հայամետ բանաձեւը, որով կոչ արեց սանկցիաներ սահմանել Ադրբեջանի դեմ, Բաքուն որոշեց հակադարձ քայլերի գնալ։ Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարցերի եւ միջխորհրդարանական հարաբերությունների կոմիտեն հանդես եկավ կոչով՝ հորդորելով դադարեցնել քաղաքական եւ տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, Ադրբեջանից վտարել ֆրանսիական ընկերություններին, այդ թվում՝ նաեւ Total ընկերությանը։ Վերջին շրջանում բավական լարված ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում սա կարելի է համարել հերթական պոռթկում։ Սակայն հանրային լսարանում կիրառված հռետորաբանությամբ չէ միայն, որ ամեն բան որոշվում է։ Ու չի էլ կարելի համարել, որ, ահա, ուր որ է՝ Փարիզն ու Բաքուն հարաբերություններ կխզեն։

Կարծում ենք, որ այստեղ խնդիրն ավելի դիպլոմատիկ-մանեւրային է եւ մեծ հաշվով միայն զուտ ֆրանս-ադրբեջանական հարաբերություններին չի առնչվում, այլ նաեւ որոշակիորեն Ադրբեջան-հավաքական Արեւմուտք հարաբերությունների հետ էլ որոշակի առնչություն ունի։ Ադրբեջանը ԵՄ էներգակիրների մատակարարն է եւ թեկուզ քիչ չափով, բայց օգնում է, որպեսզի ԵՄ-ն դուրս գա ռուսական էներգակիրներից ունեցած կախվածությունից, այսինքն՝ օգնում է եվրոպական էներգետիկայի դիվերսիֆիկացմանը։ Ադրբեջանը, նախապես բավականին ջերմորեն ընդունելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների (եւ ԼՂ խնդրի) կարգավորման արեւմտյան հարթակը եւ սկզբնապես բավական էնտուզիազմ ցուցաբերելով այդ հարթակում կազմակերպված հանդիպումներին, որոնք ընթանում էին ԵԽ նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, վերջին շրջանում ակնհայտ նշաններ է ցույց տալիս, որ կորցրել է հետաքրքրությունն այդ հարթակի հանդեպ։

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունները կարծես թե գալիս են լրացնելու վերեւում ասվածն այն իմաստով, որ Բաքուն պատրաստ է Երեւանի հետ խաղաղության փաստաթուղթ կնքել Մոսկվայում, ինչը նշանակում է, որ կասկածի տակ է դրվել Հարավային Կովկասից Ռուսաստանին հեռացնելու հավաքական Արեւմուտքի պլանը։ Ինքնին հասկանալի էր, որ հավաքական Արեւմուտքի հաշվարկը հետեւյալն էր․ ով դառնում է Հարավային Կովկասի խաղաղարարը, նա էլ դառնում է այդ տարածաշրջանի «նայողը»։ Հավաքական Արեւմուտքը, իհարկե, իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող՝ կորցնել Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու եզակի եւ պատմական հնարավորությունը։ Եվ այդ ճանապարհին Ադրբեջանի «խաղերը», անշուշտ, Արեւմուտքի կողմից չեն հանդուրժվելու։ Այս համատեքստում պետք է դիտարկել Բրյուսելից եւ Վաշինգտոնից պարբերաբար հնչող հայտարարություն-նախազգուշացումները՝ ուղղված Բաքվին։

Նույն համատեքստում պետք է դիտարկել նաեւ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայամետ հայտնի բանաձեւը։ Ադրբեջանը, իհարկե, այս ամենը շատ լավ է հասկանում։ Հասկանում է նաեւ, որ ամենեւին էլ իր շահերից չի բխում ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող, «վետո»-ի իրավունք ունեցող միջուկային տերության հետ հարաբերություններ փչացնելը, հատկապես երբ «մեծ եղբայր» Թուրքիայի հանդեպ էլ կարծես թե Արեւմուտքում «սանձահարման» գիծ է իրականացվում։ Հետեւաբար համարել, որ Բաքուն Փարիզի հետ հարաբերությունների փչացման ճանապարհով կգնա, քիչ հավանական է։ Ի վերջո, դա անուղղակի կարող է նշանակել, որ իր դեմ է հարուցում հավաքական Արեւմուտքի զայրույթը, ինչը կարող է արտահայտվել, օրինակ, բոլորիս հայտնի սանկցիոն մամլիչի տակ Ադրբեջանի հայտնվելով։ Ինչ-ինչ, բայց Ադրբեջանի իշխող էլիտաները, որ ասպեկտից էլ նայենք, կորցնելու շատ բան ունեն։ Ուստիեւ Փարիզի հետ Բաքվի հարաբերությունների ներկա լարվածությունը (դետալացված չենք քննարկում Փարիզ-Բաքու երկկողմ հարաբերությունների ողջ կոմպլեքսը, այլ հարցին նայում ենք ընդհանուր պլանով) խիստ ժամանակավոր է եւ առաջիկայում որեւէ կերպ կլուծվի։ Այլ է հարցը, որ, մեծ հաշվով, Փարիզի, այսինքն՝ հավաքական Արեւմուտքի կողմից Բաքվին ցույց տրված «դեղին քարտով» (Ֆրանսիայի Սենատի ընդունած հայամետ վերջին բանաձեւն այլ բան, քան հավաքական Արեւմուտքի կողմից Բաքվին ցույց տված «դեղին քարտ», հնարավոր չէ անվանել) ավելի է սրվում Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի միջեւ հանուն Հարավային Կովկասի մրցակցային պայքարը, որտեղ Արեւմուտքն ուզում է տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին, Ռուսաստանն էլ, հակառակը՝ ուզում է ավելի ամրապնդվել տարածաշրջանում։