Չի կարելի տեխնիկական ժամանակակից լուծումների դեմ դուրս գալ միայն ֆիզիկական մարդուժով

Չի կարելի տեխնիկական ժամանակակից լուծումների դեմ դուրս գալ միայն ֆիզիկական մարդուժով

Հարցազրույց Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ

- Նիկոլ Փաշինյանը միջազգային տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը, նպատակահարմար չի համարում նաեւ դիմել ՀԱՊԿ-ին։ Մենք ունենք իրավիճակ, որ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները։ Ի՞նչ է սպասվում մեզ այս իրավիճակում։

- Ես չգիտեմ, թե իշխանությունն ինչ է մտածում, բայց ակնհայտ է, որ որոշ գործիքներ՝ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ներհայաստանյան եւ թե՛ համազգային մակարդակներում, պետք է օգտագործվեն, որպեսզի այս պատերազմում հայ ժողովուրդը վերահաստատի իր ապրելու իրավունքը: Ընդ որում՝ ապրելու իրավունքը ոչ թե գոյատեւման, այլ զարգանալու համատեքստում։ Դա նշանակում է ուժերի գերլարում, որակական մի նոր մակարդակի ձգտում, ցանկություն եւ իրականացում։ Այն, ինչ հիմա հաճախ լսում ենք իշխանության առանձին ներկայացուցիչներից, վերանայումների կարիք ունի։ Իշխանությունն իր որակներով ակնհայտորեն զիջում է ազգի որակին, իսկ առանձին դեպքերում՝ ընդդիմությանը: Քաղաքական նեղ շահեր հետապնդել, հանրային «փիառ» իրականացնելը կամ նեղացածությունն այսօր բացարձակ տեղին չեն։ Իմ կոչը, հորդորն ու խնդրանքն է, որպեսզի իշխանությունը վերանայի իր այդ ոճը։ Օրինակ, տեսեք՝ ընդդիմադիրները, իշխանության քննադատները միահամուռ համընդհանուր զորահավաքի պատրաստակամություն հայտնեցին եւ ամեն ինչ մի կողմ դրած, հայրենիքի պաշտպանության գաղափարն առաջ մղած՝ պատրաստ են ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Դրա դիմաց մենք լավագույն դեպքում արձանագրում ենք անտեսում, իսկ հաճախ էլ լսում ենք պիտակավորումներ, վիրավորանքներ կամ բարձրագոչ հայտարարություններ: Իշխանությունում արմատացած չէ գիտակցումը, որ սա մեր բոլորի հայրենիքն է, եւ առնվազն այս պահին արտաքին ագրեսիայի դիմագրավման շրջանակներում չկա ներքաղաքական հարցերով քննադատող կամ պայքարող ընդդիմություն, կա մեկ կարեւոր բան՝ հայրենիք։ Իմ կարծիքով, իշխանությունն ազգի համախմբվածության որակին համարժեք պետք է ձգտեր եւ իրականացներ համազգային համախմբման եւ ներհասարակական լարվածությունը թուլացնելու, համերաշխությունը հաստատելու քաղաքականություն: Նա հնարավորություն պետք է տա բոլորին՝ իրենց կարողություններով Հայաստանում, Արցախում, Սփյուռքում մասնակցություն ունենալ հայրենիքի պաշտպանության գործին: Այս պահին արձանագրենք, որ իշխանությունը կա՛մ չի գիտակցում, կա՛մ առնվազն թյուրիմացաբար հույսն ուրիշ բաների վրա է դրել։ Իսկ իշխանության առանձին ներկայացուցիչների էլ թվում է, որ եթե իրենք իշխանություն են, ուրեմն ամեն բան ասելու իրավունք ունեն։ Այդպես չէ։ 

Ինչ վերաբերում է անվտանգության հարցերով մեր համագործակցության պայմանագրերին, ապա դրա կենտրոնում ՀԱՊԿ համակարգն է, որտեղ թե՛ իրավունքների ու թե՛ նաեւ պարտականությունների հստակ մեխանիզմներ են գործում: Դրանք գործադրվում են մասնակից երկրի առաջադրմամբ, որն այս պահին մեր իշխանությունները չեն ներկայացնում:

- Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը։

- Պատճառը չեն ներկայացնում: Այն դեպքում, երբ ակնհայտ է, եւ փաստերը բավարար են, որպեսզի գործադրվի ՀԱՊԿ համակարգի անվտանգության բաղադրիչը՝ ընդդեմ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի, քանի որ սա այլեւս միայն ադրբեջանաղարաբաղյան կոնֆլիկտ չէ: Թուրքիան ակտիվ ներգրավվածություն ունի, ինչը ոչ միայն հարձակում, ագրեսիա է ՀԱՊԿ անդամ երկրի վրա, այլ նաեւ ուղղված է տարածաշրջանի անվտանգությանը։ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովն այսպիսի ձեւակերպում պետք է տան եւ դիմեն ՀԱՊԿ-ին։ Բացի այդ, կա նաեւ հայ-ռուսական անվտանգության համագործակցության մեխանիզմ, որը նույնպես այս պահին գոնե գործադրված չէ:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մենք մեր անվտանգությունը կարող ենք միայնակ էլ պաշտպանել։

- Եթե այդպիսի պատասխան է հնչել, այն իմ համար ընդունելի չէ: Եթե չկա պատշաճ հիմնավորում, ապա տղայական պահվածք ցուցաբերել եւ ասել, որ մենք չենք դիմում, որովհետեւ մենք կարող ենք մեր անվտանգությունը պահել, նշանակում է անտեսել մեր ժողովրդի մարդկային կյանքերը։ Փառք ու պատիվ մեր նահատակներին, խոնարհում նրանց շիրիմներին, խոնարհում նրանց ծնողներին, որոնք նման զավակներ են լույս աշխարհ բերել, բայց չի կարելի այսօր տեխնիկական ժամանակակից ու տեխնոլոգիական նորարար լուծումների դեմ դուրս գալ միայն ֆիզիկական մարդուժով: Ընդ որում, այս անվտանգության համակարգերի գործադրումը պետք է նպատակաուղղել ոչ միայն ագրեսիայի կասեցմանը, այլ նաեւ լիարժեք անվտանգ միջավայր ձեւավորելուն: Մինչդեռ այն, ինչ մենք վերջին օրերին լսում էինք խորհրդարանում իշխանության առանձին ներկայացուցիչների շուրթերից, անհեթեթություն է։ Օրինակ, երբ դիմում են վարչապետին «գերագույն հրամանատար» կարգավիճակով․ որպես ԱԺ պատգամավոր՝ իրենք պարտավոր էին իմանալ, որ վարչապետը գերագույն հրամանատար է այն ժամանակ, երբ պատերազմ է հայտարարված, իսկ մեզ մոտ պատերազմ չի հայտարարվել: Հայաստանում մտցվել է ռազմական դրություն՝ երկրի վրա հնարավոր հարձակման եւ դրա սպառնալիքի հիմքով, բայց պատերազմ չի հայտարարվել։ Հետեւաբար, այս պահի դրությամբ էլ Հայաստանի զինված ուժերի գործողությունների պատասխանատուն պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈՒ շտաբն է։ Այս բոլոր լիազորությունները ԱԺ պատգամավորները պետք է իմանան: Իսկ եթե իրենք ուզում են վարչապետին դիմել որպես գերագույն հրամանատար, ապա առնվազն պետք է հարցադրում հնչեցնեն՝ ինչո՞ւ կառավարությունը չի ներկայացրել պատերազմ հայտարարելու առաջարկ: Չէ որ սա նաեւ միջազգային իրավունքի առումով նոր գործիքներ գործադրելու հնարավորություններ է տալիս: Կրկնում եմ՝ չեմ ցանկանում, որ այս հարցազրույցը դիտվի որպես իշխանությանը հասցված հարված, ես ընդամենը հորդոր եմ հնչեցնում, խորհուրդ, որ չի կարելի ամեն ինչ խառնիճաղանջ լցնել մեկ պարկի մեջ։ Խորհրդարանական կառավարման համակարգում կենտրոնում կոլեկտիվ որոշումն է, քաղաքական մեծամասնության հստակ պատասխանատվությամբ: Պատերազմի ժամանակ վարչապետը ստանում է ռազմական կամ քաղաքական միանձնյա որոշումներ ընդունելու լիազորություն, երբ հայտարարվում է պատերազմ: Հետեւաբար, որքանով է վարչապետի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ին դիմելու կամ չդիմելու վերաբերյալ, որպես որոշում համապատասխանում այս ընթացակարգին, նախեւառաջ պետք է գնահատի ԱԺ-ն: Բացի դա, լեգիտիմ հարց է առաջանում՝ իսկ ուրիշ ի՞նչ անվտանգության համակարգ ունենք: Կարող է անվտանգության ուրիշ համակարգեր կան, որոնցից տեղյակ չենք: Ռուսական ռազմաբազան, ՀՕՊ եւ ՀԱՊԿ համակարգերն առնվազն այս պահին մեր անվտանգության հիմնական օղակներն են: Եթե այս համակարգը հիմա չպետք է աշխատի, եւ չենք ցանկանում դիմել այդ համակարգին, բա էլ ե՞րբ պետք է դիմել։

- Միգուցե փորձ է արվում՝ քաղաքական վեկտոր փոխել, կամ առնվազն փորձ է արվում կոտրել միֆը, որ մեր անվտանգությունը Ռուսաստանից է կախված։

- Դա այս պահին շատ վտանգավոր հայտարարություն կլինի: Եթե անգամ կա նման մտադրություն, այն այս պահին հաստատապես ի վնաս մեզ է աշխատում։ Իշխանությունը չպետք է հայտնվի այս ծուղակում՝ ներքաշելով երկրը դրա մեջ: Իշխանությունն այսօր, մեծ հաշվով, պարտավոր է դիմել անվտանգության առկա բոլոր համակարգերին եւ ստանալ աջակցություն․ սա ո՛չ խոնարհում է եւ ո՛չ էլ ինչ-որ մեկից չհիմնավորված խնդրանք: Սա անվտանգության համակարգի պարտականությունն է, բայց այդ պարտականությունն աշխատում է այն ժամանակ, երբ դու դիմում ես, գնահատում ես, որ ագրեսիա է տեղի ունենում մեր նկատմամբ, ընդ որում՝ երրորդ երկիր հանդիսացող Թուրքիայի կողմից կամ ակտիվ մասնակցությամբ, հատկապես որ Հայաստանի սահմաններին են արդեն ռազմական գործողություններ ծավալվում: Բա այդ դեպքում մենք ինչո՞ւ ենք խաղաղապահ զորքեր ուղարկում, ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմաթիվ պարտավորություններ կատարում, ինչո՞ւ․ նաեւ այսօրվա համար, որպեսզի կարողանանք դիմել, եւ կոլեկտիվ պաշտպանության համակարգը հնարավոր լինի գործադրել։ Մի կարեւոր նրբերանգ էլ․ Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ընկալումը, այո, ենթադրում է որոշակի ծանր գործողություններ, բայց այդ գործողությունները չպետք է ուղեկցվեն չհիմնավորված ինքնավստահությամբ, երկրի հավասարակշիռ առաջնորդ լինելն այսօր չափազանց կարեւոր է, պոպուլիզմը, ամբոխավարությունը, տղայական մոտեցումն այսօր մեզ պետք չեն, պետք է ազգի համախմբման եւ անվտանգության բոլոր հնարավոր համակարգերից օգտվելու փորձ արվի, որն այսօր դեռեւս անհրաժեշտ մակարդակի չէ։

- Հետեւաբար, ի՞նչ է մեզ սպասվում։

- Դժվարանում եմ ասել։ Մեր ոգին շատ զորեղ է, եւ ազգի որակը, իսկապես, շատ բարձր է, դրան, ցավոք սրտի, համազոր չէ իշխանության որակը։ Անհրաժեշտ է, որ որակական փոփոխություն տեղի ունենա նաեւ իշխանության մեջ, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել այս ծանր փորձությանը, իսկ դա նշանակում է սթափություն, լրջախոհություն եւ, ամենակարեւորը՝ ժամանակին գործողություններ իրականացնելու ունակություն։ Սա հայրենական պատերազմ է, բայց նաեւ նոր որակի ճակատամարտ: Այն մտածողության, գիտելիքի, տեխնիկայի եւ իմաստության կռիվ է։ 

- Պարոն Մինասյան, ուժն է ծնում իրավունքը, մեր դիրքերն ամուր են, բանակը հաղթում է, ինչո՞ւ չենք կարող մեզ պահել այնպես, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի, ոչ թե մենք՝ իրենց։ Իշխանական շրջանակներից թերեւս պատահական չեն հնչող հայտարարությունները, որ այսուհետ մենք նոր որակի հարաբերություններ ենք ունենալու բոլորի հետ, հատկապես՝ Ռուսաստանի։

- Ես չգիտեմ, նման հայտարարությունների իրավացիությունը ժամանակը ցույց կտա, այսօր ժամանակը չէ քննադատելու, քննարկելու այն օբյեկտիվ, սուբյեկտիվ թերությունները։ Դրա ժամանակն անպայման կգա։ Որովհետեւ թուրք-ադրբեջանական ագրեսիան որքան էլ օբյեկտիվ հիմքեր ունի իր մեջ, այսինքն՝ մեզնից անկախ, բայց բազմաթիվ բաներ կան, որ մեզնից կախված են եղել, եւ այստեղ է, որ ապագայում մենք պետք է քննարկենք այս հարցերը։ Այսօր դրա ժամանակը չէ։ 

- Նկատի ունեք, որ այդ ագրեսիան նաեւ իշխանության վարած քաղաքականության հետեւա՞նքն է։

- Նաեւ, նայեք հայտարարությունները։ Բայց կրկնում եմ՝ մեզ այսօր նախեւառաջ անհրաժեշտ է, որ բոլոր ջանքերը գործադրենք միջազգային կառուցակարգերի շրջանակներում մեզ վերապահված հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու համար, այդ թվում՝ ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրությանը համակարգված, ճիշտ ժամանակին եւ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելը: Սա նաեւ համաշխարհային տրամադրություն է փոխում մեր երկրի, մեր ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ։ Բայց եթե այդ դաշտում էլ իշխանությունը վարվի այնպես, ինչպես քաղաքական կյանքում, մենք կարող ենք տեղի տալ։ Դրա համար կոչ, հորդոր, խնդրանք ու պահանջ եմ հղում իրենց, որպեսզի սթափվեն եւ գիտակցեն պահի լրջությունը։