Ենթադրում եմ, որ թույլ չեն տա, եւ դա իրենց մեծ սխալը կլինի

Ենթադրում եմ, որ թույլ չեն տա, եւ դա իրենց մեծ սխալը կլինի

Մոտ 40 համազգեստով եւ մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել  հասարակական գործիչներ Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Նրանք փորձել են պուրակում վրաններ տեղադրել եւ քաղաքացիների հետ քաղաքական զրույցների հարթակ ստեղծել, սակայն ոստիկանները խոչընդոտել են դրան։ Իսկ մենք հիշում ենք, թե ինչպես էին շաբաթներ շարունակ երիտասարդներն ակցիաներ անում այդ նույն պուրակում եւ անգամ Բաղրամյան պողոտան էին փակում, բայց բերման չէին ենթարկվում։ Զրուցել ենք «Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին նախագահ Սուրեն Սահակյանի հետ։ 

- Ոստիկանները Ձեզ բերման էին ենթարկել, երբ ցանկացել էիք Մաշտոցի պուրակում վրաններ տեղադրել։ Ի՞նչ նպատակով էիք տեղադրում։

- Իմ ՖԲ-յան էջում ես տեղադրել եմ այն օրակարգը, որով քննարկման եմ հրավիրել Մաշտոցի պուրակում։ Ես կարծում եմ, որ մեր ներկայիս պետությունն ունակ չէ դիմակայել այն մարտահրավերներին, որոնք այսօր մեր առաջ ծառացած են։ Դրանց դիմակայելու համար նոր որակի պետություն է պետք։ Այդ պետությունն ինքն իրեն չի ստեղծվում։ Այն կայանում է որոշ հարցերի շուրջ քաղաքացիների միջեւ համաձայնության արդյունքում։ Այդպիսի պետության ստեղծումը սկսվում է նրա քաղաքացիների միջեւ իրենց շահերի, նպատակների շուրջ զրույցներից։ Հենց այդպիսի զրույցների կազմակերպման համար էլ նպատակահարմար ենք գտել Մաշտոցում վրան տեղադրել եւ շարունակական զրուցել մեր պետության, նրա ապագայի եւ մեր բոլորի ճակատագրի մասին։

- Արդյունքում ի՞նչ որոշվեց, թույլատրելո՞ւ են վրաններ տեղադրել։

-Ես նման որոշման մասին տեղյակ չեմ։ Առաջին փորձից հետո ինձ բերման են ենթարկել։ Այսօր, ժամը 20։00-ին նույն տեղում նորից կփորձեմ՝ պարզ կդառնա։ Ենթադրում եմ, որ թույլ չեն տա, եւ դա իրենց մեծ սխալը կլինի։

- Ի՞նչ շրջանակ է մասնակցելու քաղաքական զրույցներին, ովքե՞ր են բանախոսները։

- Նման զրույցների մասնակիցները սովորաբար քաղաքացիներն են, որոնք մտահոգ են, ունակ են իրար լսել եւ որոշում կայացնել։ Մարդիկ պետք է սովորեն իրար լսել, որովհետեւ հարցերը, որոնք քննարկվում են, վերաբերում են բոլորին՝ հանցագործներին ու օրինապահ քաղաքացիներին, նախկիններին ու ներկաներին, սեւերին ու սպիտակներին։ Մենք պետք է արդյունավետ պետության համար բոլորով համաձայնության գանք։ Յուրաքանչյուրիս կարծիքը, ձայնը կարեւոր են։

- Հնարավո՞ր է, որ քաղաքական զրույցների ձեւաչափին հաջորդի բողոքի ակցիաների ձեւաչափը։

- Ես դրանց բողոքի ակցիաներ չէի կոչի, այլ՝ պարտադրանքի ակցիաներ։ Եթե քաղաքացիներին առաջարկված քաղաքականությունը համոզիչ թվա, նրանք համաձայնության գան դրա շուրջ, ապա հաջորդ քայլն այդպիսի քաղաքականությունը պարտադրելն է։ Իսկ եթե գործող վարչակազմը դիմադրի դրան, ապա պետք է նման վարչակազմը հեռացնել կառավարման լծակներից։ Դա սովորական, ստանդարտ գործընթաց է։