Չգործող Հանրային խորհուրդը նամակներ է հղել քույր կառույցներին

Չգործող Հանրային խորհուրդը նամակներ է հղել քույր կառույցներին

«Հրապարակի» զրուցակիցը Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն է:

- Պարոն Սաֆարյան, մենք տեղեկացանք, որ Հանրային խորհուրդը վերջերս դիմել է մի շարք երկրների հանրային խորհուրդներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող իրավիճակի վրա: Ի՞նչ դիմում եք ներկայացրել, ո՞ր երկրներին, ո՞ւմ մտահղացումն է:

- Մենք դիմել ենք հանրային խորհուրդների ընդհանուր ղեկավարությանը: Այն կոչվում է Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների, համանման հաստատությունների միջազգային ասոցիացիա: Այդ կառույցը համակարգում է տարբեր երկրների հանրային խորհուրդները: Կառույցին անդամագրված է ավելի քան 72 երկիր:

- Ո՞ր երկրներն են:

- Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, կան նաեւ աֆրիկյան երկրներ: Հիմնականում ֆրանկոֆոն երկրներ են անդամագրված, նրանց շարքում է նաեւ Չինաստանը: Կառույցի ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ փոխվում է: Մենք մեկ անգամ մասնակցել ենք Ռուսաստանում տեղի ունեցած մի քննարկման, որի ժամանակ պետք է ընտրեին Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի քարտուղարին: Նրանցը ոչ թե նախագահ է, այլ՝ հենց քարտուղար:

- Այդ դիմում-նամակում կոնկրետ ի՞նչ եք նշել:

- Նամակում նշել ենք, որ 2020 թվականի աշնանը կոպտորեն խախտվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման նպատակով ուժի կիրառումը բացառելու՝ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքը, Ադրբեջանի վարչակարգը, ունենալով Թուրքիայի, Պակիստանի բացահայտ ռազմաքաղաքական աջակցությունը, Սիրիայում կռված մեծաթիվ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ պատերազմ է սկսել  Լեռնային Ղարաբաղի դեմ:

- Միայն 44-օրյա պատերազմի մասի՞ն եք խոսել: Բլոկադային չե՞ք անդրադարձել:

- Անդրադարձել ենք: Նշել ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի բնակչությունը մեծաթիվ զրկանքներ կրեց, ունեցանք զոհեր եւ վիրավորներ, տարածքներ կորցրինք, դրանից հետո էլ ռազմական գործողությունները դադարեցվեցին նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Համաձայնագրում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետք է գործի ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող միջանցք, սակայն Ադրբեջանը կրկին արհամարհում է ստանձնած պայմանավորվածությունները, 2022 թվականի դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը:

- Արձագանք կա՞:

- Մենք նամակն ուղարկել ենք Ռուսաստանի Հանրային խորհրդի ղեկավարին: Նրանք էլ իրենց հերթին 72 երկրներին են ուղարկել: Ռուսաստանն է նրանց համակարգողը հանդիսանում այսօր, եւ այդ հարցերով զբաղվում է Ռուսաստանի Հանրային խորհրդի քարտուղարը: Ես խոսել եմ նրա հետ, եւ նա ասել է, որ անպայման պատասխաններ ակնկալենք: Նա խոստացավ, որ առաջիկա նիստերից մեկում Ղարաբաղի հարցն օրակարգ կբերվի:

- Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը տեւական ժամանակ՝ մոտ 2 տարի, թափուր է, եւ այդ պատճառով խորհուրդը գրեթե չի գործում։ Կարծես, հույս էլ չկա, որ երբեւէ խորհուրդը նախագահ կունենա: Ինչո՞ւ վարչապետին չեք դիմում այդ հարցով: Ի վերջո, Հանրային խորհուրդը հեղափոխությունից առաջ ամենաակտիվ կառույցներից էր:

- Մենք մեկ քայլ ենք արել՝ Հանրային խորհրդի 22 անդամներով պնդելով, որ կառույցն ունի կարիք, որ կառավարությունը, ըստ օրենքի, պետք է նշանակի Հանրային խորհրդի նախագահ: Նախ պետք է անդամներ նշանակվեն, որից հետո միայն աշխատանքները ձեւավորվեն, ինչից հետո հանձնաժողովներ պետք է ձեւավորվեն, եւ նշանակվի խորհրդի նախագահ: Քանի որ կորուստներ են եղել Հանրային խորհրդում՝ մարդիկ են մահացել կամ իրենց կամքով հեռացել, մենք դիմել ենք վարչապետին՝ խնդրելով համալրել խորհրդի կազմի թիվը:

- Քանի՞ հոգի է պակասում:

- Երեւի 10-11 հոգի:

- Ե՞րբ եք դիմել:

- Չեմ կարող հստակ ամսաթիվ ասել: Նախորդ տարի էր:

- Հանրային խորհուրդը բավականին պասիվ է՝ սա կարող ենք փաստել:

- Ես չէի ասի, որ ակտիվ չէ: Մարդիկ բերում են դիմումներ, քարտուղարությանն են դիմում, մենք էլ քննարկում ենք, համապատասխան գերատեսչություններին ենք դիմում:

- Ե՞րբ եք վերջին անգամ նիստ գումարել:

- Հունիսի 22-ին Հանրային խորհրդի հանձնաժողովի նիստ ենք արել: