Հուսահատվում եմ

Հուսահատվում եմ

Լսում եմ իշխանությունների խոսքը, կարդում գրառումները, հետո լսում եմ ընդդիմադիրներին, կարդում նրանց գրառումները եւ հուսահատվում։ Եթե քաղաքական պայքարի դասական կանոններով առաջնորդվենք եւ հավատանք, որ մեզանում մի օր առողջ հերթագայություն է լինելու՝ մի փուլում այս ուժն է իշխանության լինելու, մյուս փուլում՝ մյուսը, ապա մեզ առջեւում ոչ մի լավ բան չի սպասվում։ Նույն ապաքաղաքական ու տգետ բառապաշարը, նույն կույր ատելությունը, ամեն ինչ սեւացնելու, իրար ոչնչացնելու ու մերժելու նույն կիրքը։ Նույն անհարգալից վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ եւ միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ անողոք պայքարը։ Նույն՝ հասարակությունը յուրայինների եւ օտարների բաժանելու, յուրայիններին անարժանորեն առաջ մղելու, օտարներին՝ ամեն տեղից դուրս մղելու կիրքը։

Կարծում եք՝ իշխանափոխությունից հետո քաղաքական մշակույթ, կառավարման համակարգ, հանրային մթնոլորտի փոփոխությո՞ւն է լինելու մեզանում։ Վստահ եմ, որ ոչ։ Որովհետեւ քաղաքական հակառակորդի մասին «թուլա» բառն օգտագործող, սպանելու եւ քառատելու սպառնալիքներ հնչեցնող քաղաքական գործիչը վտանգավոր է՝ լինի իշխանության ներկայացուցիչ, թե ընդդիմության։ Որովհետեւ չարությունն ու ատելությունը, բռնությունն ու հայհոյանքը պետք է մերժվեն՝ ինչ առիթով եւ ում հանդեպ ուզում է դրանք կիրառվեն, անգամ պետական դավաճանների եւ հանցագործների նկատմամբ։ Մանավանդ նույն ատելությունը եւ սպառնալիքները տեղում են ինչպես պետության շահերին դավաճանած անձանց, այնպես էլ փոքրիկ զանցանքներ թույլ տված հակառակորդների հասցեին՝ առանց դասակարգելու հանցանքի եւ մեղքի չափը։ Եվ այսքան ցածրորակ քաղաքական ուժերի սերնդափոխությունից ո՛չ մեր կյանքն է փոխվելու, ո՛չ մեր վիճակն է լավանալու։