Փաշինյանի ֆենոմենը

Փաշինյանի ֆենոմենը

Մարդու ֆենոմենալությունը, ի տարբերություն կենդանի աշխարհի մյուս ներ­կայացուցիչների, պայմանավորում է նրա բանականությունը, սոցիալական և կեն­սաբանական փոխկապվածությունը:
Դասական ռացիոնալիզմի ներկայացուցիչ Դեկարտն աֆեկտները և կրքերը դիտարկել է որպես ազդեցություն՝ բանական հոգու վրա, որոնք, քանի դեռ չեն պարզվել բանականության համար, մեր մեջ առաջացնում են մտքի մոլորություններ, որոնց արդյունքը չար արարքներն են:

Հետևաբար և, հավանաբար, Փաշինյանի արարքների և վարքի վրա մեծ ազդեցություն ունեն աֆեկտ­ներն ու կրքերը: Նրա ֆենոմենի ինքնատիպությունն այն է, որ բա­ցակայում է սոցիալական և կենսաբանական փոխկապ­վածությունը: Նրան նպատակահարմար է դիտար­կել կենսաբանական տեսանկ­յունից՝ առանց սոցիալականի հետ փոխկապ­վա­ծության, հետևաբար բացառվում է նրա ֆենոմենի մեկնաբանումը քաղաքա­գիտա­կան տեսանկյունից: Խոսքը, փաս­տորեն, վերաբե­րում է կենսաբանական ֆենո­մենին: Մարդկային տեսակի մեջ այդպիսի ֆե­նո­մեն­ները հազվագյուտ են, ուստիև դժվար ըմբռնելի՝ բանակա­նութ­յամբ, սոցիալական ու կենսաբանական փոխ­կապ­վածությամբ առանձնացող մարդ­կային տեսակի համար:

Մարդը, գիտակցաբար, թե անգիտակցաբար, գործադրել է հայոց պետակա­նության կործանման մեխա­նիզմը (ըստ օդում կախված լուրերի), ժո­ղովրդի պատիվը գցել գետնին, որի վրա ամենօրյա ռեժիմով թքում են, մինչդեռ իրեն սիրում են, իր արևով են երդվում, ընդ որում, ոչ թե անդեմ անձինք, այլ որոշակի՝ որոնք կասկածելի պատերազմում կորցրել են իրենց զավակներին, ամուսիններին: Սա ֆենոմեն է, Փաշինյանի ֆենոմենը: Նիկոլն ուրիշ է, արտասովոր, անկրկնելի ու աննա­խադեպ, անհաղորդ երկրին պատուհասած սպառնալիքների, մարդկային ճակա­տագրերի հանդեպ, չապաշխարող թույլ տված սխալների կամ գործած մեղքերի համար: Մարդու այդպիսի հատ­կանիշները գուցե վտանգավոր չհա­մար­վեն, եթե դրանցով օժտվածից կախված չէ ժողովրդի, պետության ճակա­տագիրը:

Երեք տարին բավական ժամանակ է, որպեսզի մարդիկ, համենայնդեպս՝ սթափ դատողները հասկանան, որ գուցեև Նիկոլը ցանկացել է լավ բաներ անել, բայց չի ստացվել ու չի էլ ստացվելու: Հետևաբար, եկել է ապաշխարելու և դարձի գալու պահը:

Հանգամանքների բերումով, Ծիծեռնակաբերդում վեր խոյացող Հայոց ցե­ղաս­պա­նության հուշահամալիրի խորհուրդն ընդունելի և հասկանալի Հայաստանի նրա օրգանական մասը կազմող Արցախի, աշխար­հասփյուռ հայերին և ոչ միայն: Ցա­վա­լիորեն, այն միակ բանն է, որի առնչությամբ հայ ժողո­վուրդը դրսևորում է համընդ­հանուր համաձայնություն, համե­րաշխություն, միասնականություն, նրա մեջ արթնա­նում է դարերի խորքից եկող իր մշակութային ժառանգությունը՝ ինքնանույնա­կա­նաց­նելով ժողովրդին, բայց ընդամենը 1 օր՝ ապրիլի 24-ին: Հատկապես այդ օրն է, երբ յու­րա­քանչյուր հայ, հարգանքի տուրք մա­տու­ցելով Եվրոպական երկրների հովանա­վորությամբ պատմական Հայաստանում իրականացված ցեղասպանության, նրա էթնիկական զտման զոհերի հիշատակին, լռությամբ, իր ամբողջ էությամբ, պարսավում է այդ մեծ մեղքի ոճրագործներին, բայց բարձրունքից ներքև, մնացած 364 օրերին, շարունակում է գործել մեղքեր իր ժողովրդի դեմ ու չի ապաշխարհում դրա համար:

Աստծո պատվիրանների ամբողջ բազմությունը կարելի է հանգեցնել մեկ սկզբի՝ ապաշխարությանը: Մենք դատապարտվում ենք ոչ մեր բազմաթիվ մեղքերի համար, այլ այն բանի համար, որ հրաժարվում ենք ապաշխարել: 

Էլ ի՞նչ է անհրաժեշտ, որ այս պարզ ճշմարտությունը հասկանանք, քանի՞ հա­զար զոհ և քանի՞ հազար քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ է ևս պա­հանջվում, որպեսզի դարձի գանք: Ու այդպես շարունակվում է մեկ դարից ավելի: Նույնիսկ մեր նահատակված որդիների դեռևս չսառչած մարմինները, ավելին՝ նրանցից շատերի մասունքների դեռևս չգտնվելը չեն սթափեցնում մեզ: Այդ ինչքան հզոր է «փաշինյան» ֆենոմենի ուժը, որը մթագնում է պատերազմը, դրանում հերոսացածներին ու դրանից չվերադարձածների հիշատակը: Ինչու՞մ է այդ ֆենոմե­նի առեղծվածը, ո՞վ կարող է այն բացահայտել:

Թվում է, որ Փաշինյանի ֆենոմենի բացահայտման բանալին նախկին երեք նախագահներն են: Ցանկալի է, որ նրանք միասին այցելեն Ցեղասպանության հուշահամալիր, խոնարվեն, ապաշխարեն ու հայցեն հայ ժողովրդի ներո­ղամտությունը՝ այն ամենի համար, ինչ արել են ի վնաս հայոց պետականության (եթե արել են) և այն ամենի համար, ինչը չեն արել՝ հանուն հայոց պե­տականության ամրապնդման ու զարգացման գործընթացներն անշրջելի դարձ­նելու, երկիրը նիկո­լա­տիպ ֆենոմեն­ներից (դժբախտաբար, նիկոլիզմի ջատագովներ կան Նիկոլի շրջապատում, ովքեր ավելի Նիկոլ են, քան Նիկոլը) զերծ պահելու համար: Ակնհայտորեն, ապաշխարանքը հոգևոր ոչ շոշափելի երևույթ է, որին պետք է հետևի նաև «նյութական ապաշխարանքը» (եթե դրա համար հիմքեր կան, ինչի մասին կիմանան ապաշխարողները):  

Գործող վարչապետը՝ իր մեձավորների հետ ևս այցելում է համալիր, ապաշ­խարում: Պետք է ապաշխարենք ազգովի, պետք է ինքնամաքրվենք ու դարձի գանք ազգովի, այլընտրանք գոյություն չունի:

Այդ ամենից հետո, երեք նախագահների ու անկախ Հայաստանի նորագույն պատ­մության մեջ քաղաքական նշանակալի դերակատարում ունեցող 4 կուսակ­ցությունների հետ (ՀՀՇ-ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ) Վարչապետը պետք է քննարկի իր հրա­ժարականի հարցը և այլևս քաղաքականությամբ չզբաղվելու պայմանները: Պետք է աջակցել Փաշինյանին՝ իրեն և երկիրը «փաշինյանի ֆենոմենից» ազատելու համար:

Այլապես, դժվար չէ կանխատեսել, թե ինչ զարգացումներ են սպասելու մեր երկրին՝ նախա­տեսվող ձևաչափով արտահերթ խորհրդարանական ընտրություն­ներին գնալու դեպքում. մուտք ենք գործելու հաջորդ և վերջին արատավոր շրջան, որտեղից այլևս ելք չի լինելու:

Հ.Գ. Ստեղծված բարդ իրավիճակի ու լարված բարոյահոգեբանական մթնո­լորտի հետևանքով ահագնացող արտագաղթը կարող է հանգեցնել «ժո­ղովրդագրա­կան փոսի» առաջացմանը, ինչը մեծ սպառնալիք կլինի տարածաշրջա­նում հայոց պետականության ապագայի համար: 

Հ.Գ. Վատ չէր լինի նաև, եթե «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստանը» ինքնալու­ծարվերին և, վերջապես, հասարակության մեջ անհանդուրժողականություն դրսևոր­վեր կուսակցությունաստեղծ տենդի հանդեպ: Այդ և մյուս ոչ մեծաթիվ կուսակցութ­յուններում, անշուշտ, կան վառ անհատականություններ, որոնք կարող են ինքնա­իրացվել այլ կուսակցություններում կամ գործունեության այլ բնագավառներում: 

Հ.Գ. Կուսակցությունները, որոնք մասնակցելու են արտահերթ ընտրություն­ներին, պետք է մեծ պատասխանատվությամբ կազմեն թեկնածուների ցուցակները: Գուցե այս անցած երեք տարիների նվաճում կարելի է համարել այն, որ բազմաթիվ իրապես հայրենասեր անձինք (իրավաբաններ, քաղաքագետներ և այլն) թեպետ եղել էին նախկինում, բայց երևացին իրենց ողջ «փայլով»: Եթե հնարավոր լիներ ցուցակով նշանակել պատգամավորներին, ապա դա իդեալական կլիներ: Բայց մնում է մեկ տարբերակ. կուսակցությունները կարող են այդպիսիներին ներառել իրենց ցուցակներում՝ առանց ակնկալիքների: Եթե պատգամավորն ունենա մաս­նագիտական ու մարդկային բարձր որակներ, գործի խղճի մտոք, ապա լավ կլինի ամբողջ հասարակության, այլ ոչ թե նրա այս կամ այն խմբի համար:

Գագիկ Վարդանյան