Քեզ մնաց մեմուարներ գրելը՝ մեղադրելով բոլորին քո գործած ազգադավության մեջ

Քեզ մնաց մեմուարներ գրելը՝ մեղադրելով բոլորին քո գործած ազգադավության մեջ

Արդեն որերորդ անգամ եմ գրում՝ Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրականացնում է սողացող ագրեսիայի քաղաքականություն: Դրա դրսեւորումը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը հայաթափելու փորձն էր կամ նույն շրջանի Փառուխ գյուղը վերահսկողության տակ վերցնելը: Իսկ ադրբեջանական դիրքերը մինչ այդ եղել են Փառուխից մեկ կիլոմետրի վրա: Սողացող ագրեսիայի դրսեւորում էին նաեւ Արցախ մտնող գազատարի վթարը կազմակերպելն ու վերանորոգման ժամանակ փական տեղադրելը: Որ երբ ցանկանա՝ փակի գազի հոսքը դեպի Արցախ՝ հումանիտար աղետ առաջացնելով այնտեղ: 

Ինչպես երեւում է, դա չի ընկալվում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Նրան թվում է, թե «այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար»: Ոչ, հարյուր անգամ՝ ոչ: Նա չի գիտակցում, որ դա չէ իր երբեմնի «կիրթ» գործընկեր Իլհամի նպատակը: Իր գործողություններով, զանազան սադրանքներով Իլհամը նպատակ չունի Նիկոլին շեղելու խաղաղության օրակարգից: Իլհամն ուղղակի անշեղորեն իրագործում է իր առաջնային նպատակը՝ Արցախի հայաթափումը: Որպեսզի ամբողջությամբ փակի ղարաբաղյան խնդիրը: Ու դրա համատեքստում իր ԱԳՆ-ի միջոցով Նիկոլին խորհուրդ է տալիս «դուրս բերել զինված ուժերի մնացորդները Ղարաբաղից եւ այդպիսով նպաստել ռեգիոնալ խաղաղությանն ու անվտանգությանը»: 

Դիմում եմ հենց իրեն, որին մի ժամանակ ընկեր եմ անվանել. հասկացա՞ր, ոչ հարգելի վարչապետ, նա նոր պատերազմ չի հրահրում. դա նրան պետք չէ: Ինչո՞ւ ավելորդ զոհեր տա ու ֆինանսներ ծախսի, եթե առանց պատերազմի էլ նորանոր տարածքներ է կորզում Արցախից: Դու, միեւնույն է, նրան ռիսկ չես անելու պատասխանել. քո ատամները նա վաղուց է հաշվել: Արցախը հայաթափելուց հետո նա կանցնի «Զանգեզուրի միջանցքի» ու մնացած խնդիրների լուծմանը: Իսկ ընթացքում, մինչեւ Հայաստանի Հանրապետության սահմանների ճշգրտումը (իր տեսակետից) նա կշարունակի իշխող բարձունքներ պոկոտել: Ու քեզ կստիպի խաղաղության պայմանագիր կնքել: Այնպես որ, նրա ցանկությունն էլ է խաղաղությունը, բայց այդ խաղաղությունն այն խաղաղությունը չէ, որը դու ես պատկերացնում: Նրա պատկերացրածն ուրիշ է՝ հաղթածի ու նրան ենթակա պարտվածի խաղաղություն: Փորձի՛ր հասկանալ, որ դրանք տարբեր խաղաղություններ են: Իսկ սեփական տեսլականը պարտադրում են ուժով եւ ոչ թե մուրալով:

Բայց ինչպիսին էլ լինի խաղաղությունը, այն կմնա մինչեւ «կկվի կանչը»: Մինչեւ այն պահը, երբ ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը ստիպված կլինի լքել մեր տարածաշրջանը: Իսկ եթե, Աստված չանի, դա տեղի ունենա, եւ ռուսները հեռանան այստեղից, Թուրքիայի հետ դաշնակցած՝ վերջ կդնի Հայաստանի Հանրապետության գոյությանը: Եվ այն ժամանակ դու՝ որպես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մեկը, կգիտակցես, թե ինչ տեղի ունեցավ: Եթե, իհարկե, մենք այնքան թույլ գտնվենք, որ դու այնքան ժամանակ վարչապետ մնաս, որ երկրի հերն անիծես: Այնպես որ, քո որդեգրած քաղաքականություն կոչվածն այլընտրանք ունի՝ դա Հայաստանի, որպես պետության, վերացումն է: Եվ քեզ ու քո ուսապարկերին այլեւս պետք չեն գալու ամուր նյարդերը, քանի որ խաղաղության օրակարգը կյանքի կկոչվի Հայաստանի Հանրապետության չգոյության պայմաններում: Բնականաբար, դա տեղի կունենա ոչ թե քո հռչակած, այլ Ադրբեջանի կյանքի կոչած ռազմավարության շնորհիվ: Իսկ քեզ կմնա մեմուարներ գրելը՝ մեղադրելով բոլորին քո գործած ազգադավության մեջ: