Ես հարգում և նախանձում եմ հրեաներին

Ես հարգում և նախանձում եմ հրեաներին

blognews.am կայքի Թեստամանիա բաժնի թեստերից մեկի սխալ պատասխանը հուշեց այս հոդվածի գաղափարը: Թեստը պահանջում էր նույնականացնել 44 երկրների (հիմնականում՝ եվրոպական) մայրաքաղաքները: Սխալը վերաբերում էր Իսրայելի մայրաքաղաքին: Որպես մայրաքաղաք նշելով Թել-Ավիվը՝ հետո ստիպված եղա դիմել Վիքիպեդիային՝ առցանց հանրագիտարանին: Ու բավական ուսանելի հանգամանքներ պարզեցի ինձ և մեզ՝ հայերիս, համար: Նախքան դրանց անցնելը՝ ավարտեմ թեստի պատմությունը: Ես վաղուց գիտեմ, որ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է, բայց գիտեմ նաև, որ համարյա ոչ մի երկիր չէր ընդունում դա, և որպես Իսրայելի մայրաքաղաք նշվում էր Թել-Ավիվը: Հիշում եմ, որ երկու-երեք տարի առաջ ԱՄՆ-ը (նախագահ Դ. Թամփի օրոք) ընդունեց դա և իր դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ, ինչը հակահրեական և հակաամերիկյան բողոքի ալիք բարձրացրեց արաբական աշխարհում և պաղեստինցի արաբներին օժանդակող երկրներում: Ու թեստում Երուսաղեմի փոխարեն մեխանիկաբար նշեցի Թել-Ավիվը:

Իսկ հիմա անցնենք Երուսաղեմի հարցին: Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Սկզբնապես բնակեցված է եղել հեբուսացիներով, մ.թ.ա. 10-րդ դարում հրեաների Դավիթ թագավորին հաջողվում է գրավել քաղաքն ու միջնաբերդը և դարձնել Իսրայելի մայրաքաղաք: Երեք հազար տարում քաղաքը բազմաթիվ օտար տիրապետողների է տեսել, վերածվել է ավերակների, իսկ գլխավոր հրեական տաճարը հավաասարեցվել է հողին: Այնուհետև քաղաքը կրկին վերածնվել է և 1950 թվականին հայտարարվել է դրանից շուրջ երկու տարի առաջ կազմավորված Իսրայել պետության մայրաքաղաք: Մինչ այդ, ՄԱԿ-ի 1947 թվականի որոշմամբ անգլիական ենթամանդատային պաղեստինյան տարածքը բաժանվում էր հրեաների և արաբների միջև: Հրեաներն ընդունում են ՄԱԿ-ի որոշումը, արաբները՝ հրաժարվում և փորձում են ձախողել հրեական պետության կազմավորումը: 1947-49 թթ.-ի հրեա-արաբական ընդհարումների արդյունքում Երուսաղեմի արևմտյան մասը մնում է Իսրայելի կազմում, իսկ արևելյանն անցնում է արաբներին: Պատերազմի ավարտից հետո (1950 թ.-ին), ի հեճուկս 1947 թվականի ՄԱԿ-ի որոշման, հրեաները մայրաքաղաքը Թել-Ավիվից տեղափոխում են Արևմտյան Երուսաղեմ: Ասեմ, որ ՄԱԿ-ի 1947 թվականի որոշման հիմքում մեծ է Իոսիֆ Ստալինի դերը. եթե նա չլիներ, ապա մեծ հարցականի տակ էր դրվելու Իսրայել պետության կազմավորումը: Սակայն մեկ տարի անց ԽՍՀՄ-ում սկիզբ է առնում, այսպես կոչված, Բժիշկների գործը և հրեականության նկատմամբ Ստալինի վերաբերմունքը փոխվում է 180 աստիճանով: Եվ այնպես չէ, որ 1950 թվականին ԱՄՆ-ը կանգնած էր հրեաների թիկունքին. դա գործընթաց էր, որ սկսվեց հենց նախորդ դարի 50-ականների սկզբից ու շարունակվում է մինչև այժմ:

1967 թվականի Վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելին հաջողվում է վերադարձնել Արևելյան Երուսաղեմը՝ Հին քաղաքով հանդերձ: 1980 թվականի հուլիսի 22-ին Չմիավորված երկրների ղեկավարների կոնֆերանսը պահանջում է արաբներին վերադարձնել ամբողջ քաղաքը: Դրան ի պատասխան՝ հուլիսի 30-ին հրեական խորհրդարանն ընդունում է Երուսաղեմի մասին օրենքը (որպես սահմանադրական կամ հիմնական օրենք), որով քաղաքը հռչակվում է որպես Իսրայել պետության միասնական և անբաժանելի մայրաքաղաք: Բայց պատմությունը դրանով չի ավարտվում. նույն թվականի օգոստոսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 478 բանաձևով, որն ընդունվել է 14 կողմ և 1 ձեռնպահ (ԱՄՆ) ձայներով, որոշվում է չճանաչել Երուսաղեմի մասին օրենքը: Միաժամանակ, բոլոր երկրներին կոչ է արվում դուրս բերել գործող դիվանագիտական ներկայացուցչությունները Երուսաղեմից։ ՄԱԿ-ի այդ որոշումից 38 տարի անց և Իսրայել պետության կազմավորումից 70 տարի անց ԱՄՆ-ը դե-ֆակտո ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք՝ դեսպանությունը տեղափոխելով այնտեղ:

Ինչո՞ւ այս փոքր հոդվածում այսքան տարածք հատկացրի Երուսաղեմին: Ինչ է, ես հիացա՞ծ եմ, արդյոք, աբրահամական գլխավոր երեք կրոնների (հուդայականություն, քրիստոնեություն և մահմեդականություն) սրբատեղի համարվող քաղաքով: Թե՞ առանձին սեր ու հարգանք ունեմ հրեաների նկատմամբ: Ո՛չ հիացած եմ և ո՛չ էլ առանձին սեր ունեմ հրեաների նկատմամբ, սակայն հարգանք, այո, ունեմ, մեծ հարգանք: Որովհետև ի տարբերություն հայերի՝ մաքառեցին մինչև վերջ ու հաղթանակեցին: Ու խեղճ ու կրակ հրեական առանձին գյուղական բնակավայրերի՝ կիբուցների, հիման վրա ընդամենը 100 տարում կառուցեցին հզոր ու զարգացած երկիր: Երկիր, որն այսօր դարձել է թե՛ տեղի և թե՛ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հրեաների հպարտության առարկան: Իսկ ի՞նչ արեցինք մենք: Համարյա 1000 տարվա ընթացքում առաջին անգամ մեր՝ շագրենի կաշվին նմանվող, խղճուկ տարածքը մեծացրինք մեր պատմական հողերի մի մասով ու կրակն ընկանք դրա ձեռքը: Ինչ է, թե ՄԱԿ-ը կամ ինչ-որ անսեռ ու անմարմին միջազգային հանրություն կոչվածը պահանջում են այս կամ այն բանը: Ու արդյունքում ձևավորվեց հայրենիքի նկատմամբ անթույլատրելի՝ դավաճանական, մտածողություն, ինչի արդյունքում, ի վերջո, անհայրենիք սրիկաների իշխանության «շնորհիվ վայելեցինք» 2020 թվականի խայտառակ պարտությունը: