Կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց

Կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց

Կառավարությունը հավանություն է տվել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու մասին որոշմանը, որով արգելոցի տարածքը սահմանվել է 5.8 հեկտար:

«Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան եւ ընդգրկված է պետական ցուցակում: Այդ հատվածում գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ, մասնավորապես՝ Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.), որը կառուցել է հայոց արքա Արտաշեսը՝ մ.թ.ա. 180-170-ական թթ., եւ իր անունով անվանել Արտաշատ:
Որոշման արդյունքում կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաեւ պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը:

Արգելոցի ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական եւ բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման եւ հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Հավելենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» եւ «Բերդ», «Բջնի ամրոց», «Սմբատաբերդ», «Դաշտադեմ ամրոց» եւ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, որոնք դարձել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր՝ նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը եւ ապահովել լրացուցիչ ֆինանսական միջոցներ: