Լարվածություն չկա` իր դիմումը գրավոր պետք է հետ պահանջի 

Լարվածություն չկա` իր դիմումը գրավոր պետք է հետ պահանջի 

Օրեր առաջ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատել է աշխատակիցներից մեկին` միանգամից մակագրելով նրա ազատման դիմումը եւ չսպասելով անգամ օրենքով սահմանված եռօրյա ժամկետին: 

Ինչպես տեղեկացանք, մարտի 7-ին Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը հանձնարարական է տալիս Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների մասնագետ Մեսրոպ Արեւշատյանին, սակայն ՏՀՏ մասնագետը պատասխանում է, որ ժամանակը քիչ է, եւ չի հասցնի աշխատանքը կատարել, ինչին ի պատասխան՝ տնօրենն ասում է, որ եթե չի կարող կատարել աշխատանքը` դիմում գրի եւ հեռանա: Դրանից անմիջապես հետո աշխատակիցն ազատման դիմում է գրում եւ ներկայացնում տնօրենին, ով իսկույն մակագրում է այն:  

«Իմ գործընկերը 2 ամսից ավելի է՝ բյուլետենի մեջ է, եւ այդ գործը, որ նա 2-3 ամսում է արել, ինձ պարտադրվեց անել ավելի կարճ ժամանակում, ես էլ մոտեցա տնօրենին եւ ասացի, որ չեմ կարող այդ ժամեկտում այդ գործն անել։ Ասաց՝ եթե չես կարողանում, դիմում գրի։ Ես էլ դրանից հետո ոչ մի բան չասացի, դիմումս միանգամից գրեցի ու դուրս եկա»,- մեզ հետ զրույցում նշում է Մեսրոպ Արեւշատյանը։

Սակայն երեկ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) աշխատակիցը որոշում է գալ եւ հետ վերցնել դիմումը, քանի որ օրենքով սահմանված է, որ 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն իրավունք ունի հետ պահանջել իր ներկայացրած դիմումը, բայց տնօրենը մերժում է՝ ասելով, թե արդեն մակագրված է, եւ հետ չի տալու դիմումը, իսկ եթե հետագայում ցանկանում է աշխատել ԿԶՆԱԿ-ում, ապա այդ թափուր հաստիքի համար կհայտարարվի մրցույթ, եւ այդ ժամանակ նոր կարող է դիմել թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթին:

«Երեկ նորից մտա իր մոտ, քանի որ գիտեմ՝ օրենքով եռօրյա ժամկետում դիմումս կարող եմ հետ վերցնել, բայց ինքը չհամաձայնեց տալ»,- ասում է ՏՀՏ աշխատակիցը։ Թե ինչով է հիմնավորել իր մերժումը ԿԶՆԱԿ տնօրենը, Մ․ Արեւշատյանն ասում է՝ ոչ մի կերպ։ 

Ի դեպ,ԿԶՆԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների շրջանակում բոլոր աշխատակիցներին ծանուցումներ են տրվել մինչեւ ապրիլի 15-ն աշխատանքից ազատման մասին․ «Ու հիմա ստացվում է՝ քանի որ դիմումն արդեն գրել եմ, այլեւս ներքին մրցույթին չեմ կարող մասնակցել, այլ միայն՝ արտաքին։ Մինչեւ ամսի 15-ը մեր բոլոր մասնագետները կարող են դիմել ներքին մրցույթի համար ու նորից ընդունվել աշխատանքի։ Ճիշտ է, ոչ բոլորին կկարողանան ընդունել եւ մի 12-13 հոգու պետք է կրճատեն»։ 

ԿԶՆԱԿ աշխատակիցը, տնօրենի նման պահվածքից վիրավորված, չի ուզում դիմել նաեւ արտաքին մրցույթին, բացի այդ՝ արտաքին մրցույթի դեպքում արդեն ոչ թե մի քանի հոգի կմասնակցի, այլ մեկ հաստիքի համար կարող է միանգամից 30 հոգի դիմել։

Միայն այդ միջադե՞պն է եղել, թե՞ էլի են եղել նման իրավիճակներ իր եւ տնօրենի միջեւ։ «Նորմալ հարաբերություններ են եղել, ուրիշ լարվածություն չի եղել, ինքը ծանր մարդ է, բայց ես էլ շատ համբերատար մարդ եմ եւ ԿԶՆԱԿ-ի ստեղծման հենց առաջին օրից աշխատում եմ այստեղ»։ Չնայած օրենքն իր կողմից է, բայց Մեսրոպ Արեւշատյանը չի ուզում իրավական ճանապարհով վիճարկել այս հարցը։

ԿԶՆԱԿ տնօրեն Արտաշես Թորոսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ աշխատակիցը գրավոր ընթացակարգով պետք է հետ ուզեր իր դիմումը․ «Ընդհանրապես, գործընթացը դիմումներով է, չէ՞, առաջնորդվում, ինքը դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին, եթե ինքը միտքը փոխել է, ապա համապատասխան ժամանակի մեջ պետք է դիմում գրեր, որ խնդրում եմ՝ ինձ հետ վերադարձրեք իմ դիմումը կամ չեղյալ համարեք այն, բայց մենք նման դիմում չենք ստացել»։

Ո՞րն է պատճառը, որ աշխատակիցը գնացել է այդ քայլին։ «Ինքն է դիմում գրել ու այդ դիմումի հիման վրա ազատվել»։ Բայցեւայնպես, ո՞րն է եղել պատճառը՝ թերացե՞լ է աշխատանքում, թե՞ այլ խնդիր կա։ «Մենք մեր աշխատակիցներին իրենց գործառույթներից դուրս ոչ մի աշխատանք չենք հանձնարարում ԿԶՆԱԿ-ում, այնպես որ՝ իրեն էլ իր գործառույթներից դուրս ոչ մի աշխատանք հանձնարարված չի եղել»,- ասում է Ա․ Թորոսյանն ու նկատում, որ այս իրավիճակում ճանապարհը մեկն է՝ ազատված աշխատակիցը պետք է մասնակցի արդեն արտաքին մրցույթին․ «Ոչ մի լարվածություն անձամբ իր հետ չկա, ուղղակի գրավոր պետք է պահանջի իր դիմումը»։ Այդուհանդերձ, փորձառու աշխատակից է համակարգից դուրս մնում, հատկապես որ եռօրյա ժամկետում բանավոր կարգով դիմել է իրեն, գուցե դիմումը հե՞տ վերադարձվի։ «Ես դա կարող եմ անել միայն իր դիմումի պարագայում»,- կարճ հավելեց ԿԶՆԱԿ տնօրենը։