Վերանայվում են այն պայմանագրերը, որոնք կնքվել են դոլարով

Վերանայվում են այն պայմանագրերը, որոնք կնքվել են դոլարով

ՀՀ քաղաքացիներից մեկը մեզ բողոքեց, որ համատարած թանկացումների մեջ թանկացել են նաեւ տարբեր ծառայությունների, մասնավորապես՝ փաստաբանական ծառայությունների գները։ Ինքը նախկինում պայմանագիր է կնքել փաստաբանի հետ՝ ողջ գործընթացի համար, ինչ-որ գումար են ֆիքսել, այժմ փաստաբանը զանգել է եւ ասում է, որ գումարի չափը պետք է վերանայվի ու մոտ 20 տոկոսով ավելացնում է գինը։ Բացատրությունն այն է, որ դոլարն արժեզրկվել է, գնաճ կա երկրով մեկ։

Մենք պարզեցինք, որ իսկապես՝ արտարժույթի՝ մասնավորապես դոլարի արժեզրկմամբ ու դրամի արժևորմամբ պայմանավորված որոշ փաստաբաններ փորձում են արդեն իսկ կնքված պայմանագրերը վերանայել։ 

Փաստաբաններից մեկը մեզ հետ զրույցում բացատրեց, թե ինչումն է բանը, ասաց, որ վերանայվում են այն պայմանագրերը, որոնք դոլարով են կնքված եղել․

«Եթե, օրինակ, պայմանագիրը կնքվել է անցած տարի պայմանական 1500 դոլարով, ապա անցած տարի դոլարի փոխարժեքը շատ բարձր էր, 100 դոլարն արժեր համարյա 50 հազար դրամ, իսկ հիմա 39 հազար դրամ։ Այսինքն՝ մեկ տարի առաջվա 1500 դոլարը նույնը չէ, ինչ հիմիկվանը։ Դրանից խուսափելու համար ես իմ վստահորդների հետ պայմանագրերը մշտապես կնքում եմ ՀՀ դրամով, և ՀՀ օրենսդրությունն էլ է ասում, որ պայմանագրերը պետք է դրամով կնքվեն, սակայն չեմ բացառում որ կլինեն փաստաբաններ, որոնք դոլարով են կնքում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրան հարցրինք՝ իսկ փաստաբանի համար պատասխանատվություն նախատեսվո՞ւմ է պայմանագիրը չեղարկելու համար՝ այն դեպքում, եթե վստահորդը հրաժարվի ավելացնել պայմանագրի գումարը։ Փաստաբանն ասաց, որ օրենքը ֆինանսական հիմքով միայն մեկ դեպք է նախատեսում, երբ փաստաբանը կարող է միակողմանի չեղարկել պայմանագիրը, դա այն դեպքն է, երբ վստահորդը հրաժարվում է վճարել արդեն իսկ մատուցված ծառայության դիմաց, այլ դեպք նախատեսված չէ օրենքով, քանի որ վստահորդի իրավունքների պաշտպանության հարց կա մեջտեղում, և վերջինս պետք է վստահ լինի, որ փաստաբանը կպաշտպանի իր շահերը՝ անկախ ամեն ինչից։