Կձեւավորվի՞ արդյոք «իրանական» հարթակը

Կձեւավորվի՞ արդյոք «իրանական» հարթակը

Արդյո՞ք Հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման իրանական բանակցային հարթակ կձեւավորվի։ Ռուսական մի շարք փորձագետներ, որոնք ավանդաբար իրենց ուշադրության կենտրոնում են պահում Հարավային Կովկասն՝ իր բոլոր խնդիրներով, եւ հատկապես՝ Հայաստանը, հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ Ղարաբաղյան կարգավորման հարցը, բավականին ուշադիր հետեւել են Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ с корабля на бал ռեժիմով Թեհրան այցելությանը, որտեղ Սաադաբադ պալատական համալիրում նա հանդիպել էր Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ։ 

Ըստ վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի, չնայած ֆորմալ առումով այդ այցը «Թեհրանի հրավերով էր», սակայն հասկանալի է, որ այն անմիջականորեն կապված էր Սոչիի հանդիպման արդյունքների հետ։ Կարելի է ասել, որ Երեւանի համար կանխատեսելի են եղել Սոչիի հանդիպման արդյունքները։ Թեհրանում, իհարկե, նույնպես ամենայն ուշադրությամբ հետեւել են Սոչիի հանդիպմանը, հատկապես այն մասով, որը վերաբերում է տարածաշրջանում, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի հայտնվելուն, մի բան, որ հատկապես անհանգստացնում է Իրանին։ Թեհրանում նաեւ արձանագրել են, որ Սոչիի հանդիպման ամփոփիչ հայտարարությունում այդ մասին որեւէ հիշատակություն չկա եւ բացի այդ՝ արձանագրվում է, որ բանակցությունները շարունակվելու են հանուն այն բանի, որ լուծումներ գտնվեն մնացած հարցերի առնչությամբ։ Թեհրանում, կարելի է ասել, ի գիտություն են ընդունել այն, որ Մոսկվան դեմ չէ, որպեսզի նոր բանակցային հարթակներ հայտնվեն ասպարեզում, ինչն անխոս դիվանագիտական բավական խոստումնալից հեռանկարներ է բացում Թեհրանի համար։ Այս ամենով հանդերձ, Իրանում աներեր են այն համոզմունքի մեջ, որ տարածաշրջանի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում եւ օտարերկրյա միջամտությունը Հարավային Կովկասում եղած խնդիրները միայն կխորացնի։ 

Եթե ճիշտ ենք հասկացել իրանական կողմի «ուղերձները», ապա չի բացառվում, որ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման համար, բացի «Ռուսական» եւ «Արեւմտյան» հարթակներից, կարող է ձեւավորվել նաեւ «իրանական» հարթակը, ինչպես նկատել է Տարասովը։ Սա էլ կարող է նշանակել իր հերթին, որ Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորումը Հայաստանը այլեւս միայն Մոսկվայի եւ Բրյուսելի հետ չի կապում։ Իսկ այս դեպքում կրկին ասպարեզ է իջնում Հարավ-Կովկասյան «3+3» աշխարհաքաղաքական սխեմայի վերակենդանացման-աշխուժացման անհրաժեշտության հարցը։ Ինչ խոսք, շատ հետաքրքիր կոմբինացիա կարող է ձեւավորվել ռեգիոնալ «շախմատային պարտիայում», ու Երեւանը այս դեպքում պետք է լինի չափազանց աչալուրջ՝ այն տանուլ չտալու կամ գոնե մնացած խաղացողների հետ համաքայլ գնալու համար։