2021-ի աղմկահարույց քրեական գործերը․ ամփոփում

2021-ի աղմկահարույց քրեական գործերը․ ամփոփում

Մի քանի օր է մնացել 2021-ի ավարտին․ տարին լի էր սահմանային միջադեպերով, զոհերով, վիրավորներով, գերիներով։ Քիչ չէին նաեւ քրեական հետապնդումներն ու կալանքները, քանի որ երկրում կրիմինոգեն իրավիճակը բավականին բարդ էր։ Սակայն իշխանությունը ձեռնպահ չի մնացել նաեւ քաղաքական, հասարակական գործիչների նկատմամբ հետապնդումներից։

Հենց տարվա սկզբին քրեական գործ հարուցվեց զենքի առքուվաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի նկատամբ, որը հայտնի է «Պատրոն Դավիթ» անունով։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ: Մի քանի ամսվա կալանքից հետո նրան ազատ արձակեցին։ Իսկ տարեվերջին կրկին  մեղադրանք առաջադրեցին, այս անգամ՝ «անորակ հրթիռների գործով», որի շրջանակում մեղադրանք է առաջադրված նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին եւ ռազմական ավիացիայի վարչության պետ Ավետիք Մուրադյանին։ Բոլոր վերոթվարկյալ անձինք այժմ կալանքի տակ են։ Սա տարվա ամենաաղմկահարույց քրեական գործերից էր․ պաշտպանները պնդում են, որ նախաքննական մարմինը փորձաքննության չի ենթարկում զենքերը, քանի որ խնդրո առարկա հրթիռները պատերազմում օգտագործվել են եւ անորակ չեն եղել։

Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Տարվա մյուս աղմկոտ գործը Ֆեյսբուքում հայտնի «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյքի հայտնաբերման գործն էր։ Վերջինս պարբերաբար հայհոյախառն գրառումներ է անում իշխանության տարբեր ներկայացուցիչների մասին, եւ իշխանական իրավապահներին հրահանգվել էր հայտնաբերել ու պատժել ֆեյքին։ «Գագիկ Սողոմոնյան» լինելու մեջ մեղադրեցին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին՝ կալանավորեցին, ապա ստիպված եղան ազատ արձակել, բայց «Գագիկ Սողոմոնյանին» բռնել այդպես էլ չհաջողվեց։

Ապրիլին կասեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, նրա դեմ քրեական գործ հարուցվեց՝ նրան մեղադրեցին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Սակայն առայսօր ո՛չ մեղադրանքն է հաստատվել, ո՛չ դատաքննությունն է ավարտվել, բայց Վարդազարյանը հեռացվեց ԲԴԽ-ից, ինչն էլ այս գործի միակ իմաստն էր։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ, կարելի է ասել, ապօրինաբար զբաղեցնում է այդ պաշտոնը՝ ԱԺ-ի կողմից ընտրված չլինելով։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ձերբակալվեց բժիշկ Արմեն Չարչյանը, որը Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավոր է։ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։ Չարչյանին դատարանն ամիսներ շարունակ պահեց կալանքի  տակ, չնայած առողջական լուրջ խնդիրներին, եւ նա միայն վերջերս ազատ արձակվեց՝ ՍԴ որոշումից հետո, որով ազդարարվեց, որ անազատության մեջ գտնվող անձը՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո, չպետք է պահվի անազատության մեջ։

2021-ին քաղաքական հետապնդման ենթարկվեցին նաեւ իշխանություններին ընդդիմադիր Սյունիքի մի շարք համայնքապետեր։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մինչ օրս կալանքի տակ է։ Նախաքննական մարմնի կարծիքով՝ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 32-րդ համարը զբաղեցնող «Առուշանյանն իր դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը»։ Կաշառք է դիտվել անապահով անձանց համայնքային աջակցություն ցուցաբերելը։ ՍԴ հայտնի որոշումից հետո Չարչյանի հետ միասին կալանքից ազատ արձակվեցին նաեւ «Հայաստան» խմբակցության 2 պատգամավոր՝ Արթուր Սարգսյանը եւ Մխիթար Զաքարյանը․ նրանց  խափանման միջոց կալանքը փոխվեց չհեռանալու դիմաց ստորագրությամբ։

Նշենք, որ այս տարի հարուցված քրեական  գործերի մեծ մասը նախաքննության փուլում է, այն գործերն էլ, որոնք ուղարկվել են դատարան, շատ հեռու են դատավարության ավարտին հասնելուց։ Դեռեւս որեւէ քննություն չի ընթացել նաեւ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործերով։