Հորդոր ընդդիմությանը

Հորդոր ընդդիմությանը

Հետեւում ես մամուլին, սոցիալական ցանցերին եւ զգում, որ որոշակի շրջանակներ իշխանություններին մեղադրում են Իրանի նկատմամբ ,,ոչ հետեւողական,, դիրքորոշման մեջ: Որ դա պարզ սադրանք է՝ ոչ մի կասկած: Օրվա լույսի պես պարզ է նաեւ, որ եթե իրենք իշխանություն լինեին՝ նույն կեցվածքն էին որդեգրելու: Երբ 2008թ. օգոստոսին Ռուսաստանը հարձակվեց եւ գրեթե օկուպացրեց Թբիլիսին, ո՞րն էր Հայաստանի պաշտոնական արձագանքը: Երեւանը դատապարտե՞ց ռուսական ագրեսիան, սատա՞ր կանգնեց Վրաստանին: Ոչ: Բայց Երեւանը նաեւ պաշտոնապես չհամերաշխվեց Ռուսաստանի հետ եւ չճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Հայաստանը պահպանեց հավասարակշռված չեզոքություն, որովհետեւ դա էր պահանջում մեր պետական-ազգային շահը: Եւ ես չեմ հիշում, որ օրվա ընդդիմությունը դրա համար բացահայտ կամ ֆեյսբուքյան պայքարի սկսեր՝ իշխանություններին մեղադրելով հայ-վրացական դարավոր բարեկամությունը մոռանալու կամ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ուղեգծից շեղվելու համար: Իշխանությունների պահվածքն ադեկվատ էր, բայց ադեկվատ գտնվեց նաեւ ընդդիմությունը: Ընդ որում, դա մի ժամանակահատված էր, երբ ընդդիմությունը ենթարկվում էր տոտալ բռնությունների, մարտի 1-ի գործը կարվում էր նրա վրա, տասնյակ քաղաքական գործիչներ բանտում էին կամ ընդհատակում: Այսօր լրիվ հակառակ պատկերն է: Ընդդիմությունը ոչ միայն չի կիսում պետության եւ ժողովրդի ապագայի պատասխանատվությունը, այլեւ, կարծես, ամեն ինչ անում է, որ Հայաստանը, ինչպես իրեն քաղաքագետ համարող մեկն է ձեւակերպել, ընկնի «դըռբի» տակ: Կարեւոր չէ՝ Իրանի՞, թե Միացյալ Նահանգների՞: Տպավորություն է, որ ոմանք հաճույք կզգային նույնիսկ Ադրբեջանի «դըռբից»: Միայն թե իշխանությունների համար վատ լիներ: Սա արդեն հոգեգարության է նմանվում: Երբ քաղաքական գործիչը ձվի մեջ մազ փնտրելու նման ազդարարում է, թե՝ իրանական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել արտգործնախարարներ Զարիֆի եւ Մնացականյանի հեռախոսազրույցը: Հետո՞: Իրանական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել նաեւ նախագահ Ռուհանիի հեռախոսազրույցն Աֆղանստանի պաշտոնակցի հետ: Նաեւ՝ Թուրքիայի նախագահի հետ: Իսկ ահա Պուտին-Ռուհանի կամ Լավրով-Զարիֆ հեռախոսազրույց չի եղել: Կարեւորը՝ որ Հայաստանի եւ Իրանի միջեւ շփումը կայացել է, որի ընթացքում հայկական կողմը ցավակցություն է հայտնել գեներալ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր՝ ամենափորձառու վերլուծաբաններն անգամ դժվարանում են կանխատեսել: Մեր խնդիրն է՝ հավասարակշռել Հայաստանի անելիքը: Կամ՝ չանելիքը: Դա իշխանության որոշելիքն է: Իսկ ընդդիմությունը թող փորձի վերագտնումների հասնել այլ դաշտում: Մանավանդ վերստին չփորձի տեսակետների հակադրություն սադրել Հայաստանի եւ Արցախի միջեւ: