«Ես Դիանա Հարությունյան կեղծ ֆեյքը չեմ»

 «Ես Դիանա Հարությունյան կեղծ ֆեյքը չեմ»
Փորձեցի բացել Դիանա Հարությունյանի ֆեյսբուքյան էջը և հասկացա, որ այդ պրոֆիլով շատերը կան։ Կեղծ օգտատիրոջ, եթե էջը փակել էին, փակված էջը ցույց չէր տալիս, որ անհետացել կամ փակվել է։  Ինձ անձամբ հետաքրքրում էր, թե ե՞րբ է այդ էջը բացվել, ուրիշ ի՞նչ կարգի գրառումներ էր արել։ Հանրությանն էլ հետաքրքիր է, թե ո՞վ է իրական օգտատերը։ Փակ դեմքով ու կեղծ ձայնով օգտատիրոջը ներկայացնելով, շատերը չեն հավատա՝ անվստահության, ատելության այս մթնոլորտում։ Լավ, եթե հայրենիքի դավաճան է, ինչու՞ չեք ներկայացնում նրան, կենսագրությունը։ Շատերը կճանաչեն և իրենք էլ կօգնեն բնութագրական, ճանաչողական առումով։
Օգտատերերից մեկը՝ Դիանա Հարությունյան անուն ազգանունով, , շատ հետաքրքիր գրառում է արել, որը, կարծում եմ, ուշադիր լինելու դեպքում, շատ ուսուցողական  բան կարող է տալ։ Դիանա Հարությունյանն ասում է, որ ինքը Դիանա Հարությունյան կեղծ ֆեյքը չէ։
Diana Harutyunyan

2 hrs ·

Իսկ հիմա ավելի լուրջ, քան երբևէ գրել եմ։ Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ անուն ազգանունով կեղծ Էջ է բացված եղել, որի միջոցով տարածել են կեղծ տեղեկատվություն, այն էլ ոչ թե անձի նկատմամբ, այլ հենց երկրի անվտանգությանը հարվածելով։ Ես էլ ասում եմ, տեսնես ինչո՞ւ են էջս լայքում անծանոթ անձինք, ու քանի որ ես ուշադրության չեմ արժանացնում լայքերին, ոչ էլ անդրադարձա։ Բայց արի ու տես, որ հենց այնպես չէ, այլ մարդկանց հետաքրքիր է, թե ո՞վ եմ ես, գուցե հենց այդ լուր տարածողը՞: Նախ ասեմ, որ, ինքս շատ խիստ հետևողական լինելով իմ ցանկացած գրառումներին, դեմ լինելով խոսքի ազատության, անչափ ու սահման ունեցողներին, երբեք թույլ չեմ տա որևէ մեկին անկապ քննադատության արժանացնելու ինձ։ Ես տվյալ անձի ու տվյալ օգտատիրոջ անուն ազգանվան հետ կապ չունեմ։ Հետո ասեմ, անկախ ամեն ինչից, հայտերը չեմ ընդունում ոչ մեկի, իզուր ջանքեր մի թափեք, ոչ էլ ավելորդ լայքերի կարիքն ունեմ։ Իմ ընկերներից շատերը ծանոթ ու բարեկամ անձինք են, անծանոթների գրեթե չունեմ, չեմ էլ պատրաստվում ունենալու, կամ ծանոթանալու։ Քաղաքական դաշտից կիլոմետրերով հեռու եմ, իսկ թե հայտերը տալիս եք, որ ավելի մոտ ծանոթանք էջիս ու գրառումներիս, ասեմ, իզուր է, հիմա, առավել ևս չեմ ընդունելու։ Հետո, սա հենց այն բարձիթողի վիճակի արդյունքում է, որ մարդիկ ապրում են չափերը կորցրած, վախն ու ամոթը կողքի դրած։ Հետո ի՞նչ որ վիրտուալ է շփումը, ո՞վ ինչ ուզի ու ինչպե՞ս ուզի պիտի արտահայտվի։ Այ նման քայլերի անպատիժ մնալու հետևանքն է, որ ավելի մեծ հանցանքներ են ծնվում։ Բազմիցս իմ էջում գրել եմ, որ յուրաքանչյուր անհատ պետք է իր գրած, ու արտասանած, բառի և տառի համար կրի պատասխանատվություն։ Որպեսզի լեզուներն ուղեղներից առաջ չվազեն, պետք է մի քանիսին պատժել, որ մյուսներին դաս լինի։ Բառն արտասանելուց առաջ, կամ քայլին դիմելուց առաջ, հազար անգամ մտածել ու նոր գործելուց վնաս չկա, իսկ ո՞վ է այսօր հետևողական նման պահվածքին։ Անպատժելիությունից է, որ հանցանքների թիվը կրկնապատկվում է։ Անգամ տանդ մեջ, երբ երեխայիդ չես պատժում իր սխալ քայլերի համար, հետո ավելի մեծ սխալներ է գործում, մտածելով, որ ընդունելի են իր արարքները։ Պատասխանատվության զգացումը օր օրի սկսել է բացակայել մարդկանց կյանքից, դրա համար էլ, ով ինչ ուզի կանի, ինչպես ուզի կվարվի։ Ու փաստորեն հասնում են այնտեղ, որ մեկ տառի ու բառի պատճառով երկրի անվտանգության հիմքերին են վնասում։ Դաստիարակության պակաս է։ Իսկ ավելի շատ, անպատժելիության արդյունք։ Հետևեք ձեր քայլերին, որպեսզի հետո ճակատագրի դառը հեգնանքին չարժանանաք։

Հ. Գ. Ոչ մեկի հայտերը չեմ ընդունում, տվածներինն էլ հեռացնում եմ, կապ չունի, թե ովքեր են, անգամ, եթե ծանոթ եք։ Մանավանդ, որ արդեն բերման են ենթարկել տվյալ էջի օգտատիրոջը, էլ ինչո՞ւ եք հայտեր տալիս։

Հիշեցնենք, որ   ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը  տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։