Սուտը սուտ է բերում

Սուտը սուտ է բերում

Ինչքան էլ ծանր է Անահիտի կորուստը, այս պահին թիվ 1 խնդիրը նրա արժանապատ-վության, ազնվության, անասելի կամքի մասին հրապարակելն ու արգելելն է նրան պարտատիրոջ պիտակ կպցնելու փորձերը, ինչը ցավոք որոշ լրատվամիջոցներ ևս անում են: 
Այն հարցադրումները, որոնք ես անելու եմ, բացարձակապես կապ չունեն նախաքննական գաղտնիքի հետ և չեն կարող վնասել նախաքննությանը: 

Կարենի՝ Անահիտի որդու եղերական սպանությունը ըստ էության այսօր բացահայտվել է մասնակի: Մարդասպանը մինչև օրս չի խոստովանել, որ սպանդը իր  ձեռքի գործն է, ավելին՝ անփառունակ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով 5 տարվա համաներում է շնորհվել մարդասպանին, և նա տարուց ավել է ինչ գտնվում է ազատության մեջ: 

Անահիտը մինչ իր կյանքի վերջին վայրկյանը իր կարողացածի չափ պայքարել է ճշմարտությունը բացահայտելու համար:  Չկա որևէ պաշտոնյա, ում դիմած չլինի… Ձայն բարբառո  հանապատի… 
Ըստ  լուրերի, մարդասպանի մուտքն ու Անահիտի կոկորդը կտրելը եղել է ակնթարթային…այդտեղից էլ որոշ պարզ-տրամաբանական հարցադրումներ, որոնք  բացարձակապես կապ չունեն նախաքննական գաղտնիքիների հետ, ինչպես սիրում են հայտարարել իրավապահ մարմիններն ու լռել…

Հարց 1. Մարդասպանը ճանաչե՞լ է Անահիտին:
Հարց 2. Մինչ այդ օրը ինքը բանակցե՞լ է Անահիտի հետ կարծեցյալ գումարի վերաբերյալ:
Հարց 3. Որևէ կապ կա՞ Կարենի սպանության ժամանակ նմանատիպ վարկածի տարածման հետ:
Հարց 4. Միջինից ցածր կենսակերպ ունեցողը, ո՞վ ըստ լուրերի երկար ժամանակ անց է կացրել բանտերում, ի՞նչ կապ կարող է ունենալ մեծ գումարների հետ:
Հարց 5. Ի՞նչ տրամաբանությամբ այդ վիժվածքը ոչ թե թաքնվեց իր դժոխային արարքից հետո, այլ ճանապարհին դեպի երևան մի կուշտ զխտկվեց, հետ հասավ տուն, նստեց ու սպասեց… ոստիկանության գալուն:

Հռետորական հարց ՇՄ դատախազին և այլոց.

Ինչպե՞ս պատահեց, որ դեռ այդ վիժվածքին չհայտնաբերած, շրջանառության մեջ դրվեց միայն մեկ նախնական վարկած՝ <<գումարային>> վարկածը…

Եթե այլ վարկած չի շրջանառվում,  իրավապահներն ու որոշ լրատվամիջոցներ ուղղակի իրավունք չունեն շրջանառելու նաև մտացածին <<գումարային>> արտահայտությունը, որը միանշանակ փորձ է ստվերել պայծառ մարդու, իր անհատակ վիշտը հպարտորեն կրելու կարող մոր պատկերը, ով  Գյումրիի հազվադեպ կանանցից էր, ում իրապես հարգում ու սիրում են այն մարդիկ, ովքեր պատեհապաշտ չեն և ունեն առաքինություն…

Այն, ինչ Անահիտը իր կյանքի ընթացքում չկարողացավ բացահայտել, իր կյանքի գնով  համոզված եմ կանի:
Որևէ նահատակի արյուն գետնին չի մնա, իսկ Կարենն ու Անահիտը պարզապես նահատակվեցին:

Հասմիկ Մելքոնյան 
Գյումրի