Նիկոլն ի՞նչ է ուզում մեզնից, եւ մենք ի՞նչ չենք ուզում Նիկոլից
Նիկոլին հաջողվեց մեզ սեւերի ու սպիտակների բաժանել, հեղափոխական ու հակահեղափոխական դարձնել, մեր մեջ թշնամի ու դավաճան տեսնել եւ ուղղակի մատով ցույց տալ` այդ մեկը դո՛ւ ես, դո՛ւ ես, դո՛ւ ես... Կարողացավ եղբորը եղբորից, հորը՝ որդուց, մորն աղջկանից բաժանել եւ ընկերոջը ընկերոջ հետ, բարեկամին բարեկամի հետ, հարեւանին հարեւանի հետ թշնամացնել: Կիսել ու պառակտել, մեկիս մյուսով ոչնչացնել, ստանալ մի հասարակություն, որի մեջ հատուկ ոչինչ չմնա:
Կարողացավ սեւն ու ատելությունը հասցնել ամենաբարձր նշաձողին եւ հենց այդ ատելության վրա էլ ամրացնել իր իշխանությունը: Ամեն օր ավելացրեց այդ ատելության չափաբաժինը` նոր մեղավորներ փնտրելով ու գտնելով: Մենք զվարճանում էինք այդ դիվային հանդեսից` առանց գիտակցելու, որ նրանք մեր միջից են, մեզնից մեկը, վերջապես՝ մենք ենք ամեն մի մեղավորը: Մենք օր-օրի դարձանք մեր ատելության զոհը ու մնացինք այդ ատելության տակ եւ հիմա ուժ չենք գտնում մեր մեջ` դուրս գանք այդ սեւ քառակուսուց:
Հաջողվեց հասարակության ամենաստորին շերտը վեր հանել ու բարձրացնել` իր բոլոր թաքնված մանր ու նվաստ հատկանիշներով: Իսկ այդ շերտը, որ այլեւս վազող ալիքն էր՝ ծովի մակերեսով, տեսավ, որ վարչապետն իրենից մեկն է, ճիշտ իր նման է եւ ոչնչով առավել չէ իրենից, ու սիրեց նրան: Սիրում է, որովհետեւ արժեւորվում է՝ իրեն հավասար տեսնելով այն մեկին, ով պետք է բարձր լիներ` բարձրացնելու համար: Նրանք էին ժամանակի հերոսը եւ են` երեք միլիոն վարչապետ: Սուտը, կեղծիքը, խաբեությունը, գավառական խարդավանքը դարձան մտածողություն, մեր ինքնության արտահատողն ու մանր-մունրի մեջ մեզ սահմանափակողը:
Երեք միլիոն վարչապետը ավելորդ շքեղություն համարեց մեծ սփյուռք ունեցող երկրի համար սփյուռքի նախարարությունը, գյուղատնտեսությամբ մի կերպ գլուխը պահող երկրում` գյուղատնտեսության նախարարությունը, մշակույթով ներկայացող եւ ինքն իրեն արժեւորող ժողովրդի համար` մշակույթի նախարարությունը: Սա որպես հեղափոխական կառուցում ընդունվեց, ոչ թե քանդ ու ավեր, կործանում: Դարեր շարունակ պետության դեր կատարած եւ ազգային մշակույթ ստեղծած ու պահպանած եկեղեցու արժեզրկումը, մշտապես մեզ ոգի տվող ու ապրելու կամք թելադրող մեր պատմության նվաստացումը, վերջապես՝ հայ ու հայագիտություն արժեքների ավելորդությունը նույնպես ընդունվեց իբրեւ հեղափոխական կառուցում, ոչ թե մեզ մեր ինքնությունից զրկելու եւ կենդանու վերածելու հստակ ընդգծված միտում:
Այդ երեք միլիոնը նոյեմբերի 9-ին ստորագրեց հայտնի նվաստ համաձայնագիրը, իսկ երեկ Ադրբեջանին հանձնեց Հադրութից մնացած վերջին երկու գյուղերը` 100-ից ավելի դիրքապահների գերության տալով: Այդ երեք միլիոնն այսօր Շուռնուխն է կիսում, Արամուսն է կիսել եւ էլի տարածքներ ամեն օր: Այդ երեք միլիոնը մի սարք է տվել ադրբեջանցու ձեռքը եւ ասում է` գծիր Հայաստանի սահմանները: Մտածում է, որ թուրքը դեռ իր տուն չի մտել, մտնելու դեպքում էլ`բարով գա տանտերը: Կարեւորը` ստամոքսը դեռ դատարկ չէ:
Իսկ նրանք, ովքեր այդ երեք միլիոնի մեջ չեն մտնում եւ դուրս են եկել փողոց ու ասում են` մենք վարչապետ չենք, մենք վարչապետ ենք ուզում, նրանք, ըստ Նիկոլի, ժողովուրդ չեն: Նիկոլն ուզում էր մեզ խլել մեզնից եւ հասավ դրան, ուզում էր հայրենիքի զգացողությունը մեր մեջ բթացնել, կարողացավ: Գուցե պատրաստակա՞մ էինք դրան, որովհետեւ չենք ուզում, որ այլեւս մեզնից չխլի մեզ եւ մեր հայրենիքը չխլի մեզնից: Հավանաբար, մեզ հաճելի է, որ մենք վարչապետ ենք՝ թեկուզ անինքնություն եւ անհայրենիք: Որովհետեւ այնպես չենք ասում` տղա, գնա, ինչպես ասել էինք` տղա, արի:
Հուսիկ Արա
Կարծիքներ