Ցավալի է, բայց՝ փաստ

Ցավալի է, բայց՝ փաստ

Համապետական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ Արցախի կառույցն սկսել է հատվածաբար ներկայացնել 2015-ի խորհրդարանական ընտրությունների իր ծրագիրը: 2000թ. խորհրդարանական ընտրություններից հետո լավագույն արդյունքի Դաշնակցությունն Արցախում հասել է հենց 2015-ին՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատներով զիջելով միայն Ազատ հայրենիք կուսակցությանը: Բնականաբար, դեր է խաղացել գրագետ կազմված նախընտրական ծրագիրը, որի «Հայրենադարձություն եւ վերաբնակեցում» բաժնում, մասնավորապես, դրվում էր ԱՊՀ երկրներում եւ հատկապես Ռուսաստանում բնակվող արցախցիների համախմբան եւ հայրենադարձության կազմակերպման նպատակ՝ պետական ծրագիր մշակելու եւ իրականացնելու միջոցով: Դաշնակցությունն Արցախում իշխանություն է 2007թ. նախագահական ընտրություններից  ի վեր: Ցավալի է, բայց՝ փաստ, որ այդ ընթացքում այդպես էլ հայրենադարձության եւ վերաբնակեցման պետական ծրագիր չի մշակվել եւ չի ընդունվել:

Հետեւաբար, Դաշնակցությունն իր այդ ծրագրային խոստումը չի կատարել: Թե ի՞նչ պատճառներով՝ էական չէ: ՀՅԴ Արցախի կազմակերպությունը, նրա խորհրդարանական խմբակցությունը, համենայն դեպս, հրապարակային դժգոհություն չեն հայտնել, հանրությանը չեն բացատրել, թե այդ հույժ կարեւոր հարցում ինչու առաջընթաց չկա, կառավարությունն ինչու չի ընդառաջում իրենց առաջարկությանը: Այսինքն, Դաշնակցությունը հարմարվել է իրավիճակին, շարունակել է մնալ իշխանություն եւ սատարել կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանը:

Այդ դեպքում ո՞րն է չկատարված խոստումները վերստին շրջանառության դնելու իմաստը: Դաշնակցությունն ուզում է ասել, որ ամբողջական իշխանություն ունենալու դեպքում կիրականացնի՞ հինգ տարի առաջ տված, բայց հետո մոռացության մատնած խոստումները: Երեւի՝ այո: Բայց միջին-վիճակագրական ընտրողն ինչու՞  պիտի դրան հավատ ընծայի: Մանավանդ որ Դաշնակցության տեղական կառույցի ֆունկցիոներն անցած հինգ տարում իրենց ամենեւին էլ վատ չեն զգացել դրանից: Կառավարությունում եւ Ազգային ժողովում զբաղեցրել են պաշտոններ, հաջողությամբ լուծել սեփական խնդիրները: Այդ թվում եւ՝ գործարար աշխարհում: Ի՞նչ երաշխիք, որ նույնը չի կրկնվի: