Սեփական կենսագրությունից չես փախչի

Սեփական կենսագրությունից չես փախչի

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հյուրընկալվել է Ազատություն TV-ի տաղավարում, խոսել տարբեր թեմաներից: Բայց դա ավելի շատ նախագահի թեկնածու Մայիլյանի դեբյուտն էր: Մայիլյանը հայտարարեց, որ իրեն աջակցում է երեք նորաստեղծ կուսակցություն, վստահեցրեց, որ ամեն ինչ կավարտվի մեկ փուլով, իսկ եթե այդպես չստացվի, ապա կա պայմանավորվածություն, որ նախագահի մի քանի թեկնածու երկրորդ փուլում կսատարեն իրեն: «Ես կլինեմ կոնսենսուսային թեկնածու»- ինքնաբնութագրվեց Մայիլյանը՝ շեշտը դնելով նրա վրա, որ գործող իշխանության քաղաքական թիմի անդամ չէ, բայց առհասարակ վատ չէ՝ լինել իշխանության մեջ եւ փորձել բարեփոխումներ անել:

Երեւում է, ոչ միայն Արցախի, Երեւանի որոշ շրջանակներում էլ Մայիլյանն ունի բարեփոխիչ քաղաքական գործչի համարում, որի հետ նորացման հույսեր են կապում: Յուրաքանչյուր ոք ազատ է սեփական սպասումներն այս կամ այն ուժի, անհատի հետ կապելու հարցում: Այդուհանդերձ, Մայիլյանի քաղաքական կերպարը հարկ է դիտարկել ամբողջության մեջ: Եւ այսպես, Մասիս Սամվելի Մայիլյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 14-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է թիվ 8 (ռուսական) դպրոցը: 1984-91թ.թ. ուսանել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում՝ ինժեներ-ֆիզիկոսի մասնագիտությամբ:, իսկ 1991-92 թվականներին՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ «սոցիալական հոգեբանություն» մասնագիտությամբ: Նույն թվականին Մասիս Մայիլյանն աշխատանքի է անցել ԼՂՀ ՊՊԿ-ին առընթեր Լրատվության եւ մամուլի դեպարտամենտում, մեկ տարի անց՝ նորաստեղծ ԱԳՆ-ում: Ընդ որում, միանգամից նշանակվել է բաժնի, ապա՝ վարչության պետ, կարճ ժամանակ հետո՝ փոխարտգործնախարար: Անշուշտ, լավ է, որ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի երիտասարդի խնայել, ռազմաճակատի փոխարեն վերցրել է պետական ծառայության, իսկ Արկադի Ղուկասյանը՝ պահպանել ավանդոույթը: Ուրախալի է, որ տասը տարի անց Բակո Սահակյանը Մասիս Մայիլյանին վերստին պետական ծառայության է կոչել եւ նշանակել արտաքին գործերի նախարար:

Անբնականը նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի շուրջ ստեղծվող տեղեկատվա-քարոզչական մթնոլորտն է, որ նա «համակարգի մարդ չէ, թիմի անդամ չէ, ժողովրդի ծոցից ելած բարեփոխիչ է»: Գուցե այդպիսին նա դառնալու է, բայց սեփական կենսագրությունից փախչելն ի՞նչ է նշանակում: