Էմմա Պալյանը մոռանում է, որ ՔՊ-ում էլ կան առաքելադավաններ

Էմմա Պալյանը մոռանում է, որ ՔՊ-ում էլ կան առաքելադավաններ

ԱԺ «Քաղպայմանագիր» կուսակցության պատգամավոր Էմմա Պալյանի՝ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի հասցեին նախօրեին արված հայտարարությունը, ինչ խոսք, բավականին զվարճալի էր։ Խնդիրն այն չէ, որ Պալյանը փորձում է վերստին մտնել մի թեմայի մեջ, որից, մեղմ ասած, գլուխ չի հանում, եւ կրկին «գցելու է ոտքերին»։ Խնդիրն այն է, որ ժողովրդի ընտրյալը, որ ժողովրդի մանդատով է հայտնվել ԱԺ-ում, չգիտես ինչու, այդ մանդատն օգտագործում է թիրախավորելու համար այդ նույն ժողովրդի համար կրոնական-բարոյական հեղինակություն ունեցող անձի, այդկերպ նաեւ վիրավորելով այդ ժողովրդի շատ ներկայացուցիչների, որոնք գուցե իրենց ձայնը տվել են հենց ՔՊ-ին ու ՔՊ-ի էլեկտորատի մի մասն են, բայց Էմմա Պալյանին նման «մանդատ» չեն տվել, որ հարգված հոգեւորականին վիրավորի։

Այսինքն՝ մարդիկ, որոնք նպաստել են, որպեսզի Էմմա Պալյանը հայտնվի ԱԺ-ում, չեն կարող ընկալել նրա վարքի պատճառները եւ չեն կարող խրախուսել այդ վարքը։ Կարիք չկա խորանալու այդ ելույթի եւ Միքայել Աջապահյան արքեպիսկոպոսի արձագանքի կամ այս ողջ «պատմության» հայտնի եւ դեռ անհայտ էջերի մեջ։ Կփորձենք առավելագույնս զերծ մնալ մանրամասներից եւ խոսել հարցի զուտ քաղաքական կողմի մասին։
Եթե Էմմա Պալյանը կարծում է, որ Աջապահյանը Փաշինյանի՝ անհասկանալի «աստվածաբանական սենսացիոն հայտարարությանն» արձագանքելիս վիրավորել է ժողովրդի կողմից ընտրված իր ղեկավարին, մոռանում է, սակայն, որ այդ նույն ժողովրդի առնվազն 80-90 տոկոսի համար առաքելական եկեղեցին հոգեւոր-կրոնական ապրումների առանցքն է՝ իր բոլոր ատրիբուտներով, ու արդեն որերորդ անգամ թիրախավորելով եւ անվայել բառամթերքով արտահայտվելով, ինքն էլ անուղղակիորեն վիրավորում է այդ նույն ժողովրդի դոմինանտ մեծամասնությանը։

Մյուս կողմից, տիկին Պալյանի բերած որոշ փաստարկներ ուղղակի ծիծաղելի են։ Առհասարակ, եթե անդրադառնում ենք իշխանությունների՝ Աստծուց լինել-չլինելու հարցին, ապա զարմանալի է, որ այդ համատեքստում խոսք կարող է գնալ ընտրվածության մասին։ Որպեսզի շատ չբարդացնենք մեր ասելիքն ու չանդրադառնանք քրիստոնեական Սուրբ գրքում իշխանություն ասվածի ընկալումներին՝ թե՛ Հին եւ թե՛ Նոր կտակարաններում, ընդամենը խորհուրդ կտանք այս մասով կարդալ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը Փաշինյանի «նորահայտ աստվածաբանական» թեզիսին։

Վերստին վերադառնալով հարցի քաղաքական կողմին․ հազարավոր կամ գուցե տասնյակ հազարավոր ՔՊ-ականներ կան, որոնք նաեւ առաքելական եկեղեցու դավանորդներ են, ու անկախ այն հանգամանքից, թե Աջապահյան արքեպիսկոպոսն ինչպես է արտահայտվում Փաշինյանի հանդեպ, շարունակում են իրենց հավատարմությունը պահպանել եկեղեցու հանդեպ՝ հասկանալով նաեւ, որ գոնե խնդրո առարկա հայտարարությունը, մեղմ ասած, տեղին չէր, սխալ էր կամ մանիպուլյատիվ։ Մյուս կողմից, այդ հնարավոր տասնյակ հազարավոր առաքելադավան ՔՊ-ականների համար Էմմա Պալյանի ելույթը լինելու է հիասթափեցնող։ Ու դա կարող է բերել նրան, որ հաջորդ ընտրություններում նրանք պարզապես ձայն չտան ՔՊ-ին՝ հաշվի առնելով, որ այնտեղ կան էմմապալյաններ, որոնք իրենց իրավասություններից ու ինտելեկտուալ մակարդակից վեր գործ են բռնում՝ դասեր են տալիս արքեպիսկոպոսներին, նրանց «պարոն»-ով դիմելով։ Դեմ չենք, գուցե արքեպիսկոպոս Աջապահյանի ելույթն էլ է նրանց հիասթափեցնում եկեղեցուց, բայց դրանից, վստահաբար, ՔՊ-ի էլեկտորատում փոփոխություն չի լինի, իսկ էմմապալյանական ելույթներից ու կեցվածքներից, հաստատ, փոփոխություն կլինի եւ ի վնաս ՔՊ-ի։ Այնպես որ, մինչեւ ամբիոն բարձրանալը, պետք է մի քիչ երկար մտածել ու հիշել, որ, այսպես ասած, «թավշյա հեղափոխության» «աղջիկ վախտերն» արդեն վաղնջական անցյալ են, ու հիմա ամեն բառն ասելիս պետք է զգույշ լինել՝ էլեկտորատի մոտ բացասական զգացողություններ չառաջացնելու համար։ Իսկ կուսակից ընկերների հորդորները, թե` վեր կաց, շշպռիր մեր վարչապետին բան ասած արքեպիսկոպոսին, որ արդարացնես մանդատդ, այնքան էլ անմեղ խորհուրդներ չեն եւ ոչ մի օգուտ չեն տալու ո՛չ իրեն` ելույթ ունեցողին, ո՛չ էլ, մեծ հաշվով, նրա կուսակցությանն ու կուսակցապետին:


Արեգ Մարգարյան