Ինչո՞ւմ են մեղադրում Վարուժան Ավետիսյանի որդուն

Ինչո՞ւմ են մեղադրում Վարուժան Ավետիսյանի որդուն

Երեկ ձերբակալել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի որդուն։ Վարուժան Ավետիսյանի դուստրը այդ մասին գրել էր. «Եղբորս ձերբակալեցին տականքները: Ազատություն քեզ, լույս: Ինչ ասել ա Դավս, քիչ ա ասել, սատկելու մասին երազելու եք»։ 

Բայց քույրը չի գրել, թե ինչի համար են Ավետիսյանի որդուն ձերբակալել: «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ երիտասարդին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար` խուլիգանության հոդվածով, ոստիկանի ցուցմունքի հիման վրա.

«Իբր թե Նիկոլ Փաշինյանին հայհոյել է, ասել է` դավաճան, պատասխան ես տալու թափված ամեն կաթիլ արյան համար: Զարհուրելին այն է, որ տղային ձերբակալել են մեկ ոստիկանի ցուցմունքով: Իրավական առումով սա խայտառակություն է, որովհետև մեկ վկայի ցուցմունքը բավարար չէ, մարդուն ձերբակալելու համար և հետո ոստիկանը շահագրգիռ կողմ է, հետևաբար նրա ցուցմունքն անաչառ լինել չի կարող: Նշեմ նաև, որ տղային մոտ հինգ ժամ պահել են ոստիկանությունում` ինչը օրենքի կոպիտ խախտում է»,- նշում է Գասպարյանը:

Նրա խոսքով` Ավետիսյանները ենթարկվում են քաղաքական հետապնդման. «Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ կորցնում է Կրեմլի հենարանը, լավ հասկանում է, որ Արևմուտքը չի սատարելու իրեն: Նա անպայման առերեսվելու է ժողովրդի հետ, իսկ ժողովուրդն արդեն հիասթափվել է իրենից: Այս իշխանություններն ունեն շատ ցածր ռեյտինգ: Մարդիկ այլևս չեն սատարում և հավատում Նիկոլ Փաշինյանին: Նա շատ լավ գիտակցելով այս ամենը Հայաստանը դարձնում է ավտորիտար երկիր: Հալածվում են քաղաքական այլախոհները, ստեղծում են վախի մթնոլորտ: Ամեն դեպքում ես ուզում եմ իրեն ասել, որ ոչինչ չի փրկելու իր իշխանությանը: Ոչ մի բռնապետ չի կարողացել այդ ճանապարհով փրկվել: Այս ամենը փաստում է Նիկոլ Փաշինյանի խուճապի մասին»,- նշեց նա: