Էլի փողը չհերիքեց…

Էլի փողը չհերիքեց…

Հին երեւանցիներից շատերն ափսոսանքով են հիշում, թե ինչպես Երեւանը կորցրեց իր պատմական ինքնությունը հաստատող զգալի վկայություն՝ կառույցներ: Իսկ տակավին «կենդանի» մնացածներն աղավաղվեցին. կցվեցին կցակառույցներ, ավելացան ձեղնահարկեր, նահանջող հարկեր, հայտնվեցին պասիվ, ակտիվ սիլուետներ, բակեր կանաչազրկվեցին, խաղահրապարակներ նորակառույցներով լցոնվեցին…

Ապացույցնե՞ր… քայլեք մայրաքաղաքի կենտրոնի փողոցներով, աչքներդ չորս արած դիտեք (չնայեք) աջ ու ձախ: Էլ չխոսենք մայրաքաղաքի կենտրոնի աճող փոշոտվածության, աղմուկի, խցանումների, լանդշաֆտ, տեսադաշտ ավերող ինքնատիպ երկնաքերերի մասին:

Փորձենք հիմնավորել. Երեւանում տպավորիչ նորակառույցներ կան ու կառուցվում են: Միայն մեկ օրինակ. արտաքին գործերի նախարարության շենքը Շահումյանի հրապարակում ուշագրավ է ծավալային լուծումով, սեւի ու սպիտակի, լույսի եւ ստվերի խաղերով, եթե այն իր միջավայրից անջատ ենք դիտարկում: Իսկ երբ նորակառույցը նստում է այնտեղ, որտեղ հիմա նստած է, տեղն ակամա խրտնեցնում է, որովհետեւ նորակառույցն ապօրինաբար զավթել է իր ժամանակի համար համարձակ կառույցի՝ «Սեւան» հյուրանոցի տեղը, ու նորակառույցի ողջ հմայքը կորչում է: Անշուշտ, նոր սերնդին, որը չի տեսել «Սեւան» հյուրանոցը, նրա տեղում հառնած նորակառույցը կարող է հիացմունք պատճառել: Արդյո՞ք այդ հիացմունքի գինը նշանակալի բարձր է հնակառույց հյուրանոցի պատմամշակութա-ճարտարապետաքաղաքաշինական արժեքից, երբ վերջինս ավերում էին: Հին երեւանցիներն այսօր էլ կես կատակ-կես լուրջ ասում են, որ Երեւանում քաղաքաշինությունը վերացավ այնպես, ինչպես տրամվայը՝ Երեւանի փողոցներից:

Անդրադառնանք Երեւանի Մաշտոցի պողոտայի հաշմված Փակ շուկային: Թեեւ շուկայի կառույցը մասամբ պահպանվել է (18 կամարներից 9-ը հայտնի ռեժիմի արտոնությամբ քանդեցին), լիովին վերականգնվել է շուկայի մուտքի կիսաշրջանաձեւ մետաղական հարթաքանդակ-վիտրաժը, այդուհանդերձ, հարթաքանդակ-վիտրաժը նսեմացվում է մայրաքաղաքային առօրյա կենցաղավարությունից: Զարմանալի իրողություն. բացի Երեւան ժամանած հյուրերից, այլազգիներից՝ նմանը գոյություն չունեցող նախշազարդ հարթաքանդակը նկարող չկա:
Իսկ հիշողները կհիշեն, որ Փակ շուկայի մուտքի աջ ու ձախ աստիճանաքայլերը ծառայում էին որպես ծաղկի վաճառքի տաղավարներ եւ դարձել էին բազմերանգ գույներով զամբյուղաձեւ շրջանակ: «Զամբյուղում» հայտնված հարթաքանդակ-վիտրաժն առավել արտահայտիչ էր դառնում:
Սակայն մի օր ծաղկի «աստիճանային» տաղավարները վերացան: Տեղեկացանք, որ աջ աստիճանաքայլի վերին հարթակը «кафе Проспект» անվանումով բաց եւ փակ սրճարան է դարձել: Ձախ աստիճանաքայլում էլ նման բան ստեղծվեց: Դա 2015 թիվն էր: Դրանց տերերը սեփականատիրոջ իրավունքով հանրային (համայնքային) նշանակության աստիճանաքայլերը «սրբեցին» ծաղիկներից: Ծաղկատերերն էլ, իրենց խելքով, գրավեցին Փակ շուկայի մուտքի աջ եւ ձախ թեւերը եւ հարթաքանդակ-վիտրաժի հաշվին «կառուցեցին» պոլիէթիլենե երկու սենյակ-տաղավար՝ ծաղկի վաճառքը չընդհատելու նպատակով: Ի՞նչ եք կարծում, բզկտված նախշազարդ հարթաքանդակի տեսքը դրանից ավելի՞ ամբողջացավ … Ի դեպ, կատարվածից դժգոհողները կրկին օտարերկրացիներն են:

Չզարմանաք, 20 եւ ավելի տարիների ընթացքում երեւանյան քաղաքաշինությունը դարձավ պատմական հուշ: Նրա դատարկ տեղը լրացրին գավառականությամբ ու կամակատարությամբ: Գուցե այս ամենը քաղաքային իշխանությունների ճաշակո՞վ է կամ քաղաքային բյուջե լցնելու միջո՞ց…

Տեղափոխվենք Երեւանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի վերգետնյա, հինգ փողոցների խաչմերուկ՝ Բարեկամության հրապարակ: 

2008 թվականին շահագործման հանձնվեց Բարեկամության պողոտան Կասյան փողոցի հետ կապող 7-թռիչքանի կորագիծ ուղետարը (путепровод) եւ, որպես երկրորդ հարկ, մասամբ թեթեւացրեց գերծանրաբեռնված տրանսպորտային այդ հանգույցի ուղեւորաբեռնափոխադրումների լարվածությունը: Նախագծողները, նկատի ունենալով տրանսպորտի՝ հատկապես ձախ շրջադարձի տեսանելիության ապահովման կարեւորությունը, ուղետարի 6 հենարանները պատկերեցին բարակիրան T-աձեւ տեսքով: Սակայն կից՝ «Հայաստան» հանրախանութի տնօրինությունըն ուղետարի 4 հենարանները տախտակամածեց: Հենարանները ստացան զանվածեղ պատի տեսք: Այս փաստը չվրիպեց Երեւանի խոշոր ավտոբուսների վարորդների աչքից: Նրանց համար ձախ շրջադարձերը, հատկապես Բաղրամյան պողոտա-Կիեւյան փողոց շրջադարձը, առավել բարդացան, պատ դարձած հենարաններն աղճատեցին տեսանելիությունը, եւ խամրեց ուղետարին թեթեւություն հաղորդող ընդհանուր էսթետիկ տեսքը: Այստեղ էլ դեր կատարեց օտարի աչքը՝ նկատեց եւ իրեն թույլ տվեց մտահոգություն հայտնել:
Ի դեպ, 14 տարվա շահագործման ընթացքում ուղետարի 6 դեֆորմացիոն կարերից երեքը լիովին բացվել էին: Չէին օգնում հպանցիկ նորոգումները: Ծանր մեքենաների, հատկապես մարդատար ավտոբուսների ընթացքի ժամանակ կտրուկ հարվածներ եւ ցնցումներ էին առաջանում հենարանների վրա: Բացված դեֆորմացիոն կարերից թափվող անձրեւաջրերը, ձյունը ձմռան ամիսներին վերածվում էին սառցե շիթերի (ստալակտիտների): Վտանգված էին մետաղական հենարանային մասերը եւ երկաթբետոնե հեծանների եզրամասերը:

Վերջերս ուղետարի 3 դեֆորմացիոն կարերը հիմնովին վերանորոգվեցին, սակայն անձրեւաջրերի, ձյան թողած աղտոտ հետքերը, հեծանների վրայի 14-ամյա փոշին մնացին: Գուցե գալիք սերունդների՞ համար են թողնվել… Իսկ տեսնողներն այսօր էլ կես կատակ-կես լուրջ պնդում են՝ էլի փողը չհերիքեց…

ՀԳ. Բարեկամության հրապարակի տակ, ստորգետնյա շրջանաձեւ ուրբանիզացված անցումի ռադիկալ 3 դեֆորմացիոն կարերը նույնպես վատթար վիճակում են: Անցումի դեկորատիվ, կախովի տանիքը քողարկել է կրող ծածկի սալերի միջեւ թողնված հաշվարկային ճեղքը՝ դեֆորմացիոն կարը: Մի տեղ երեւում է, թե ինչպես կարին կից հեծանները դեղնել են ամրանի ժանգից, եւ անձրեւաջուրն ու ասֆալտե ծածկույթում կուտակված խոնավության ֆիլտրված ջուրը թափվում են դեֆորմացիոն կարի քայքայված ջրահեռացման ճեղքից:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Ճարտարագետ-նախագծողներ