Պետությունն ազգային նպատակներին հասնելու միջոց է

Պետությունն ազգային նպատակներին հասնելու միջոց է

Ի՞նչ գաղափար կամ գաղափարախոսություն են առաջարկում Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը հայ ժողովրդին կամ ազգին: Եթե հնարավորինս կարճ, ապա դա գոյություն պաշտպանելու, գոյատեւելու գաղափարն է: Խաղաղություն լինի, մարդիկ կարողանան փող աշխատել, տուն պահել, լավ մեքենա ունենան, խորոված ու քյաբաբ ուտեն, կյանքը՝ ուրախ, չաղ ու բախտավոր: Մի գաղափարախոսություն, որն իր ողջ կյանքում դավանել է Նիկոլ Փաշինյանը, արդեն չորս տարուց ավելի փաթաթվում է ամբողջ ազգին:

Մինչդեռ լավ ապրելը, լավ մեքենա կամ տուն ունենալը չեն կարող ազգային գաղափարախոսություն լինել, միավորել ազգին, այն բացառապես անհատական նպատակ է, որը շատ դեպքերում հակադրվում է համազգայինին, քանի որ լինում են պահեր, երբ անհատը պետք է պատրաստ լինի անձնականը զոհել հանուն համազգայինի: 
Յուրաքանչյուր ազգի միավորում են ոչ այնքան ընդհանուր լեզուն, մշակույթը, հավատը, որքան առավելապես ազգային գաղափարը, համազգային նպատակը, այդ նպատակը միասնաբար իրագործելու ձգտումը: Առանց ընդհանուր նպատակի ձեւակերպման եւ այդ նպատակին հասնելու ձգտման չկա ազգ, կա ընդամենը իրար հետ համատեղ ապրող՝ տարբեր կենցաղային սոցիալական հարցերով հարաբերվող մարդկանց հանրույթ: Երբ նպատակը դառնում է անվտանգ ու լավ ապրելը, յուրաքանչյուրը, ըստ իր հայեցողության, որոշում եւ ընտրում է այն վայրը, որտեղ կարելի է անվտանգ ու լավ ապրել, ինչի ականատեսն ենք:

Ազգային գաղափարը ձեւավորվում է որոշակի պատմական իրադարձությունների ու աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությամբ: Վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում մեր` հայերիս ազգային գաղափարը եղել է սեփական ազգային պետության ստեղծումը, ցեղասպանության հետեւանքների վերացումը, պատմական արդարության վերականգնումը, որն ընդհանրական իմաստով ընդունված է անվանել Հայ դատ:

Վերջին հարյուրամյակում Հայաստանում ստեղծված եւ իշխանության եկած քաղաքական ուժերն այս կամ այն չափով հետապնդել են Հայ դատի իրագործումը: 1918-20 թվականներին իշխանության եկած Դաշնակցությունը վերականգնեց հայկական պետականությունը: Արեւելյան Հայաստանում ստեղծված հայկական պետականության ներկայացուցիչները պայքարում էին, որ հայկական պետականության սահմանները ներառեն նաեւ Արեւմտյան Հայաստանը կամ գոնե դրա զգալի մասը. Սեւրի պայմանագիրը, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն այդ պայքարի արդյունք էին: Հնարավոր է, որ քաղաքական պրագմատիզմի տեսակետից դաշնակցական առաջնորդները որոշ սխալներ թույլ տվեցին՝ գերագնահատելով Արեւմուտքի կողմից Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու հանձնառությունը, բայց դա խնդրի մյուս կողմն է: 

Նույնիսկ Խորհրդային Հայաստանն ու նրա իշխանություններն էին Հայ դատի հետեւորդներ: Խորհրդային Հայաստանում կառուցվեց Ցեղասպանության զոհերի հուշակոթողը, առաջին անգամ կանգնեցվեց ազգային-ազատագրական պայքարի հերոս Անդրանիկ Զորավարի արձանը, խորհրդահայ գրողների ստեղծագործություններում մշտապես առկա էր ցեղասպանության, կորսված հայրենիքի եւ այն հետ բերելու հարցը: 1990 թվականին Հայոց համազգային շարժումն իշխանության եկավ Արցախը Հայաստանին միացնելու կարգախոսներով: Այն ժամանակ ընդունված էր համարել, որ Արցախը Հայ դատի ընդամենը հերթական հանգրվանն է. սկզբում հետ ենք բերում Արցախը, հետո՝ մյուս տարածքները: 1998 թվականից հետո իշխանությունը փաստացի անցավ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքին: Հանրապետականի պաշտոնական գաղափարախոսությունը Ցեղակրոնն էր: Ճիշտ է՝ Հանրապետականն իշխանության գալուց հետո հրաժարվեց Ցեղակրոնից, որպես ծայրահեղ ազգայնական գաղափարախոսություն, բայց Գարեգին Նժդեհը՝ որպես ազգային իրավունքների եւ նպատակների պայքարի խորհրդանիշ, մնաց: Իհարկե, նշված բոլոր պատմական ժամանակահատվածներում բոլորը եւ ամեն ինչ չէ, որ ծառայեցվում էր համազգային նպատակի կամ գաղափարի իրագործմանը, իշխանության եւ հասարակության ամբողջ ռեսուրսը չէ, որ ուղղվում էր այդ նպատակի իրականացմանը, բայց հանրային գիտակցության մեջ մշտապես առկա էին համընդհանուր նպատակը, դրան հասնելու ձգտումը:

Փաշինյանի իշխանությունը ոչ միայն հրաժարվեց Հայ դատից, հրաժարվեց ընդհանրապես որեւէ ազգային գաղափարախոսություն ունենալուց: Ավելին՝ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը սկսեցին ծաղրի ենթարկել Հայ դատն ու հայդատականությունը, ոչմիթիզհողականությունը, այսինքն՝ հայրենիքը չզիջելն ու պաշտպանելը հռչակվեցին որպես հետադիմական: Պատահական չէ, որ Աննա Հակոբյանն արցախյան պատերազմի ժամանակ զոհված հերոսներին անվանեց հանուն ոչնչի մահացածներ, իսկ Փաշինյանի համար Շուշին ոչ թե պատմական հայրենիքի անբաժան մաս է, այլ՝ դժբախտ ու դժգույն քաղաք:

Երբ իշխանությունը մերժում է ազգը միավորող գաղափարը, դրա տեղը լցնում է անձնապաշտությունը, յուրաքանչյուրը մտածում է անձնական անվտանգության եւ բարեկեցության ապահովման մասին: Մի մասն իր բարեկեցությունը եւ անվտանգությունը տեսնում է ԱՄՆ կամ Եվրոպա տեղափոխվելով, մյուսները՝ պետական բյուջեն մինչեւ քոքը յուրացնելով, իսկ անվտանգությունն ապահովում բունկերում թաքնվելով: Արանքում մնում են նրանք, ովքեր ո՛չ ԱՄՆ տեղափոխվելու կարողություն ունեն, ո՛չ բունկերում թաքնվելու հնարավորություն: Բայց նրանք էլ այլեւս երկիրը եւ պետությունը չեն համարում իրենցը եւ չունեն մոտիվացիա՝ պայքարելու երկրի եւ նրա անվտանգության համար:

Ընդհանուր ազգային նպատակի բացակայությունը տանում է պետականության կազմաքանդման: Ի վերջո, պետությունն ազգի համար ընդամենը միջոց է՝ իր նպատակներին հասնելու համար: Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը ոչնչացրել են մինչեւ իր իշխանության գալը գոյություն ունեցող համազգային նպատակները՝ դրանք հռչակելով կեղծ ու անիրատեսական, դրա տեղը չառաջարկելով նորը: Արդյունքում Հայաստանի՝ որպես պետության գոյությունը դարձել է ինքնանպատակ, այն գոյություն ունի միայն Նիկոլի ու իր նեղ շրջապատի անձնական կարիքները եւ ամբիցիաները բավարարելու համար: Կա՛մ Հայաստանում իշխանության կգան քաղաքական ուժեր, որոնք կձեւակերպեն համազգային նպատակներ եւ մարդկանց կառաջնորդեն դեպի այդ նպատակների իրականացումը, կա՛մ պետության կազմաքանդումը կշարունակվի մինչեւ իր տրամաբանական ավարտը:

Ավետիս Բաբաջանյան