Ավելի շատ Ադրբեջանի բոստանն ուղղված քարեր էին, քան հայկական կողմին ինչ-որ մեսիջներ

Ավելի շատ Ադրբեջանի բոստանն ուղղված քարեր էին, քան հայկական կողմին ինչ-որ մեսիջներ

«Վալդայ» ակումբում մի քանի հայտարարություններից հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց նաև կողմերի կորուստների մասին․5000 -ից ավելի զոհ, որից 2000-ը մի կողմը։  Համեմատության համար նշվեց, որ աֆղանական պատերազմի 10 տարիներին եղել է 13 հազար զոհ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության ժամանակ պաշտոնապես հայկական կողմն ուներ 800 զոհ, Ադրբեջանն իր թվերը, ինչպես հայտնի է, չի ասում։
Ի՞նչ նպատակ ուներ այս թվերի հնչեցումը, կողմերին մաքսիմալիստական մոտեցումներին սառը ցնցուղի՞, դրանք չափավորելու՞։ Հարցն ուղղում ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին։

Հաշվի առնելով, որ երկրում նաև պատերազմական դրության իրավական ռեժիմ է, Արմեն Բադալյանը այսքանն ասաց․ «Պատերազմական դրություններում միշտ էլ կողմերը ներկայացնում են մրցակցի ու իրենց ձեռնտու թվեր։ Դա պատերազմի օրենքն է»։ Արմեն Բադալանը նկատում է, որ ռուսական կողմը այս թվերը ներկայացնելիս 2  հարցում  էլ կարող է շահախնդիր լինել։ «Առաջին՝ դրանք կարող են օբյեկտիվ թվեր լինել, ռուսական արտաքին հետախուզության տվյալներ, կարող են լինել նաև PR նշանակության թվեր՝ ազդելու հակամարտող երկրների իշխանությունների վրա, որովհետև հայկական կողմը այլ թիվ է նշում, Ադրբեջանը չի ներկայացնում, բայց շատ-շատ են։ Ռուսական կողմի ներկայացմամբ մի քիչ ավելի քիչ են, քան իրականության մեջ։ Եվ ակնհայտ է, որ Պուտինը այդ թվերը մարդասիրական նկատառումներից չնշեց, որպես հումանիստ չնշեց այդ թվերը, որպեսզի դառը իրականությունը մատուցի։ Ոչ, Պուտինը նման հումանիզմով չի տառապում։ Ենթադրում եմ, որ դա ուներ  PR նշանակություն, բայց թե որ կողմի համար՝ հայկակա՞ն, թե ադրբեջանական, այս պահի դրությամբ կարող եմ ենթադրել, որ ադրբեջանական, որովհետև հայկական կողմն, այնուամենայնիվ, ներկայացնում է թվերը և ներկայացնում է մոտ 900 զոհ։  Իսկ Ադրբեջանին, որ «դուք էլ շատ մեծ զոհեր ունեք»։ Արմեն Բադալյանի հայացքով՝ Ղարաբաղյան հարցի մասին խոսելիս Պուտինը նշեց՝ Սումգայիթ, և այլ քաղաքներ, որտեղ հայերը Ցեղասպանության են ենթարկվել՝ ցույց տալու համար, որ հասկանում է՝ Ղարաբաղյան հարցը տարածքի հարց չէ։ «Ինքը շատ լավ ներկայացրեց, որ հայերի համար կա Ցեղասպանության վտանգ, և ինքը շատ լավ տիրապետում է հարցի պատմությանը, և հասկանում է, որ սա միջէթնիկական կոնֆլիկտ է, և ոչ տարածքային, ինչպես Ադրբեջանն է ներկացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կռվում են, թե ում պետք է պատկանի Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ սա հակադրված էր Ադրբեջանին և սա ինքնորոշման պայքար է»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «ինքնորոշում հանուն փրկության թեզը»։ Իսկ Արայիկ Հարությունյանն էլ Պուտինին ուղղված նամակում գրել էր․«Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը»:
Պատմական այս ակնարկից հետո Արայիկ Հարությույանը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդիներ, Մոսկվայում բնակվող հայերին, որոնց մեծ մասը արցախցիներ են, ապա նշում․«Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:
Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի
Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»։
Ամփոփելով՝ Արմեն Բադալյանն ասում է՝ փոքր քարեր էին Ադրբեջանի բոստանը։ Մի քիչ էլ Թուրքիայի, որ ձեր մուտքը այս տարածաշրջան՝ դիտորդ, խաղապահ, բանակցող, մերժելի է։