ԱՄՆ-Հայաստան բարիդրացիական հարաբերությունները չպետք է վիժեցվեն մակունցների շնորհիվ

ԱՄՆ-Հայաստան բարիդրացիական հարաբերությունները չպետք է վիժեցվեն մակունցների շնորհիվ

Գլենդեյլում ՀՀ հյուպատոսության շենքի մոտ մի քանի տասնյակ լոսանջելեսահայեր հանրահավաք էին անում` «Ոչ դավաճաններին և ազատություն ռազմագերիներին» կարգախոսով։ Թեման Լիլիթ Մակունցի ագրեմանի չեղարկումն էր, ակցիաների մասնակիցների ու Վահան Բադասյանի ազատ արձակումը։ Երբ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսում է նաև Աննա Հակոբյանը, հանրահավաքի ելույթները նվիրվեցին նաև նրան։

«Կրկին անգամ դավաճանը դիվադադար արեց ողջ հայությանը, և այսօր հավաքվել ենք մի քանի խնդրի վերաբերյալ։ Առաջին խնդիրներից մեկը մեր Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանի ձերբակալությունն է, և մի մարդ է իրեն ձերբակալում, որը կյանքում բանակում ոչ մի օր չի ծառայել և ոչ մի սենթ-լումայի ներդրում չունի Արցախի ազատագրման պատերազմի մեջ։ Այն 5 հոգին, որոնք ձերբակալվել էին Վահան Բադասյանի հետ, ազատ են արձակվել։  Բայց այստեղ մոլագարի կողմից քինախնդրություն է գնում Վահան Բադասյանի նկատմամբ, որովհետև նա ունի շատ բաներ` բացահայտելու պատերազմի դավաճանությունից։ Մի բան ասեմ միջանկյալ. այսօր այստեղ է ժամանել Ղժղժի Էրատո կինը»,-հայտարարեց լրագրող Արմեն Բարսեղյանը։ Նա կոչ արեց բացահայտել Աննա Հակոբյանի գտնվելու վայրը, «և մենք կձեռնարկենք հետագա գործողությունները՝ իր ներկայությանը դեմ լինելու առումով»։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանին օդանավակայանում դիմավորել էին ԻՔ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի քույրը։ Իսկ մի ցուցարար էլ՝ «Դավաճան» պաստառով։ Իսկ դրանից հետո ակտիվիստները փորձում են պարզել նրա օրակարգը և հանդիպումների շրջանակը։

Արմեն Բարսեղյանը հայտնեց՝ հանրահավաքի մյուս թեման «ոմն Մակունց կոչեցյալի` ԱՄՆ-ում դեսապան նշանակելն է։ Եվս կտրականապես դեմ ենք այդ ապիկար անձնավորությանն այստեղ նշանակելուն կամ գտնվելուն»։ 

Նշվեց` շատ կարևոր է, որ հիմա, երբ կա ԱՄՆ նոր ընտրված նախագահ, որը հայտարարել է, որ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, անհապատաղ պետք է չեղարկվի Մակունցի նշանակմանը ամերիկյան համաձայնությունը՝ ագրեմանը։

«Ինչը նշանակում է,որ Թուրքիան այդ տարածքներում ապրում է անօրինական։ Եվ սա ողջ հայ ազգի մեծագույն խաղաքարտերից մեկն է։ Եվ, իմ կարծիքով, Մակունց կոչեցյալը գալիս է այստեղ, որ այն հարաբերությունները, որ կարող են ձևավորվել ԱՄՆ-Հայաստան բարիդրացիական հարաբերությունների հողի վրա, վիժեցվեն մակունցների շնորհիվ։ Ինչը մենք իրավունք չունենք թույլ տալու»։

Հնչեցված հայտարարության տակ կազմակերպվեց ստորագրահավաք։ 

Լրագրող Արա Ղազարյանն էլ հավելեց, որ հավաքը կարող էր շատ ավելի բազմամարդ լինել, և այդ առումով հանդիմանեց դիմացի մայթի ռեստորանում գտնվող հայությանը, որ իրենց համար հանգիստ ճաշում են։

«Ես չգիտեմ, թե էսօր ինչով են ապրում Հայաստանում,  բոլոր այն մարդիկ, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե ինչ կատարվեց Արցախում, ես ուղղակի չեմ հասկանում նրանց, ովքեր ունեն օնլայն հնարավորություն` տեսնելու, թե ինչպես է պակասում Հայաստանը, և ավելանում Եռաբլուրը։ Ես արդեն ոչ մի տեսակ գնահատական չեմ ուզում տալ մեր ազգին։ Ես ուղղակի ապշած եմ ու ուզում եմ իմ զարմանքը բարձրաձայնել»։

Հանրահավաքի մասնակիցները հայտարարեցին, որ այսօրվանից ամեն օր, ժամը 18-ին ՀՀ հյուպատոսության դիմաց լինելու է հանրահավաք։