Լրիվ հնարավոր է, որ վթար լինի, իսկ վարորդն էլ վարորդական իրավունք չունենա

Լրիվ հնարավոր է, որ վթար լինի, իսկ վարորդն էլ վարորդական իրավունք չունենա

«Հրապարակի» խմբագրություն է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Կարինե Գասպարյանը։ Վերջինս բողոքում էր Գյումրի-Երևան երթուղին սպասարկող երթուղայիններից։ Քաղաքացին նշում էր, որ վերջերս իր ներկայությամբ մի դեպք է եղել, երբ վերը նշված երթուղին սպասարկող «Տրանս-Ակնթարթ» ընկերության երթուղայինը բախվել է «Ալֆա ֆարմ» ընկերության մեքենային, ապա պարզվել է, որ երթուղայինի վարորդը չունի վարորդական իրավունք։ Նախ փորձեցինք ոստիկանությունից ճշտել, թե եղե՞լ է նմանատիպ վթար, սակայն մեզ ասացին, որ չեն կարող կոնկրետ ասել, քանի դեռ հայտնի չեն մեքենաների  համարանիշները։ «Տրանս Ակնթարթ» ընկերության մամուլի խոսնակ Լիզա Գասպարյանն էլ նշեց, որ իրենց ընկերությունը վթարի հետ կապ չունի, սակայն լրիվ հնարավոր է, որ նմանատիպ վթար տեղի ունեցած լինի, իսկ վարորդն էլ չունենա վարորդական իրավունք․

«Մենք մեր պատասխանատուների և մենեջերների հետ փորձեցինք լավ հետազոտություն անել, և պարզվում է, որ այդ վթարը որևէ առնչություն չունի «Տրանս Ակնթարթ» ընկերության հետ, գուցե եղել է նման վթար, ես չեմ կարող ասել։ «Տրանս-Ակնթարթի» մեքենաները իրենց վրա լոգոներ ունեն, եթե պետհամարանիշները լինեն, ապա հստակ կասենք՝ մեր մեքենա՞ն է, թե՞ ոչ։ Իսկ իրավիճակը այդպիսին է, որովհետև թե Գյումրիից, թե երևանից, ով ունի 8 տեղանոց «Վիտո» մեքենա, կամ 6,4 տեղանոց, մարդիկ սպասարկում են իրականացնում։ Շատ բնական է, որ պիտի լինեն վթարներ, և վարորդը չունենա վարորդական իրավունք, այդ մեքենաները սպասարկում են առանց արտոնագրի, առանց լիցենզիայի, առանց տեսչության թույլտվության։ Հազար ու մի ֆիլտրեր և օղակներ կան, որոնցով երթուղին սպասարկող «Տրանս Ակնթարթ» և «Տիգրան» ՍՊԸ- ները անցնում են, մինչդեռ կան անհատներ, որոնք անում են այդ գործը, և այդ ֆիլտրերով չեն անցնում։ Շատ բնական է, որ գուցե և մայրուղու վրա եղել է նման վթար, մենք նման վթար չգտանք»,- ասաց գասպարյանը։ 

Նշենք, որ «Տրանս Ակնթարթ» ընկերությունը պատկանում է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։