Մաեստրո, այսօ՞ր էլ կգրկեիր Նիկոլ Փաշինյանին

Մաեստրո, այսօ՞ր էլ կգրկեիր Նիկոլ Փաշինյանին

Տիգրան Մանսուրյանի ու Նիկոլ Փաշինյանի գրկախառնված նկարը արված է 2019 թվականի հունվարի 27-ին։ Այսինքն այն ժամանակ, երբ դեռ պատերազմ չէր եղել, երբ դեռ տասնյակ հազարավոր զոհեր չէինք ունեցել, երբ դեռ Արցախ կար։ Այդ ժամանակ Տիգրան Մանսուրյանի 80- ամյակն էր։ Վարչապետի աթոռը նոր- նոր զբաղեցնողն ու  հանրության համար դեռ չբացահայտված Աննա Հակոբյանը գնացել էին մաեստրոյի տուն, որ նրա ծննդյան 80-ամյակը շնորհավորեն։ Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նրա տիկնոջն իրեն այցելելու համար և նրանց պատմել ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:

Հանկարծ չասեք, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ գրկախառնվել է միայն Տիգրան Մանսուրյանը ու  ոչ մեկդ կապ չունեք Նիկոլ Փաշինյանին՝  աթոռի բերելու ու մեր տունը քանդելու էյֆորիայի հետ։ Բազում նմանատիպ նկարներ կան, որոնք փաշինյանական լրատվամիջոցները հարկ եղած դեպքում օգտագործում և օգտագործելու են՝ մեր Մեծերին, ճանաչվածներին վերջնականապես հանրության աչքում զրոյացնելու համար։ Այսօր մենք ոչ մի հեղինակություն չունենք, ինչ որ աներևույթ ձեռք նրանց հատ- հատ ոչնչացնում է։ Սա թուրքի դիվանագիտություն է, հուշում եմ տեսնում՝ սերուցքը ոչնչացնել, մարդկանց վհատեցնել, հուսահատեցնել, պառակտել, թուլացնել։

Կարծում եմ բացասական գրառումների այդքան մեծ ալիք չէր բարձրանա, եթե այս գրկախառնված նկարը չսփռվեր։ Իսկ ու՞մ էր դա ձեռնտու, որ հինգ տարի առաջվա նկարը գործի դներ։  Իհարկե, Նիկոլ Փաշինյանին։ Կարող էր, չէ՞, իրենցից մեկը գրել, որ այդ նկարն արված է հինգ տարի առաջ, որ դա 85- ամյակի նկարը չէր։ Ոչ մեկն այդ նեղությունը չքաշեց։ Անչափ հեշտ է 85 տարեկան մարդու ողջ վաստակը մի քանի ժամում փոշիացնել, բայց դժվար է հասկանալ, որ սա իշխանության եփած ճաշն է, որը նետվել է դաշտ, որպեսզի հանրության մսաղացն աղա  ևս մեկին։ 

Կուզեի մաեստրոյից իմանալ՝ ինքը այսօ՞ր էլ կգրկեր Նիկոլ Փաշինյանին ու ձեռքերն այդքան ամուր «պատ տար» նրա մեջքով։ Սա շատ կարևոր ճշտում է։ Այդքան բարի սիրտ ունեցող մաեստրոն Արցախը հանձնելուց, Եռաբլուրը քաղաք դարձնելուց հետո էլ կգրկե՞ր նրան։ Հիշում եմ ցուցարարի և ոստիկանի կռիվը։ Երբ ցուցարարը ոստիկանին ասում է Նիկոլ, ոստիկանը զայրացած հարձակվում է ցուցարարի վրա ՝ Նիկոլը դու ես։ Մի ցուցարարի չափ չկա՞ք, մաեստրո։