Մոտ 40 հետցնցում է եղել․ Հրաչ Պետրոսյան

Մոտ 40 հետցնցում է եղել․ Հրաչ Պետրոսյան

Ժամը 15․29 -ին Երևանից 11 կմ հեռավորության վրա գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժից հետո արձանագրվել է 40 հետցնցում։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Սեյսմիկ ծառայության նախկին պետ Հրաչ Պետրոսյանը, ով հիմա ԱԻՆ Սեյսմիկ ծառայության տնօրենի գլխավոր խորրդականն է։

«Բոլորն էլ գրանցել են սարքերը՝ սեյսմոգրաֆները, բայց այնքան թույլ է եղել, որ բնակչությունը չի զգացել, միայն առաջին ցնցումն է զգացել։ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս, որ թող դեռևս ժողովուրդը մնա դրսում, բակում, առանձնապես տուն վերադառնալու, շտապելու կարիք չկա։ Շուտով կլինի համապատասխան հաղորդագրություն»,-ասաց Հրաչ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով`  Հայաստան`  Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:  

Հրաչ Պետրոսյանի խոսքով՝ սա ուժգին երկրաշարժ չէ, այլ միջին՝ համաձայն մեր տեղական ու միջազգային սանդղակների։

«ՀՀ Սեյսմիկ պաշտպանության մասին օրենքով՝ 5․5 մագինտուդ և ավելի ուժեղներն են համարվում ուժգին երկրաշարժ։ Ըստ Ռիխտերի սանդղակի։ Սա 4․7 մագնիտուդ ուներ, ինչպես և Շորժայի փետրվարի 5-ի երկրաշարժը, բայց միջին ուժի հանգիստ կարելի է համարել, որովհետև էպիկենտրոնային գոտում 6-7 բալ է եղել ուժգնությունը ըստ մեկ այլ սանդղակի»,-ասաց Հրաչ Պետրոսյանը։