Քանի՞ գրոշի արժեք ունի գրածդ

Քանի՞ գրոշի արժեք ունի գրածդ

Լավ, վարչապետ դառնալուց հետո՞ ես իմացել ադրբեջանցիների վայրագությունների, դիահոշոտումների մասին։ Ու՞ր մնաց խաղաղասիրությունդ, տան բոլոր դռները բացելը և ադրբեջանցիներին էստի համեցեք  անելդ։ Բոլոր դռները բաց են, թող գան, որտեղով ուզում են թող գան՝ սա ո՞վ էր ասում։ Ու հիմա թվիթերյան միկրոբլոգում գրում ես․ «Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում»։ Քանի՞ գրոշի արժեք ունի գրածդ։ Միջազգային հանրությանն ես կանչում, որ ի՞նչ։ Ի՞նչ պիտի անեն, երբ 18- 19 տարեկան երեխեքը գազանների կողմից հոշոտվել ու հոշոտվում են։ Ժողովուրդը, երբ ընդվզում էր, որ դուռ մի բացի ադրբեջանցիների առաջ, անգամ ուշադրություն չէիր դարձնում։ Կուլտուրական Ալիևը էդ ե՞րբ դարձավ ագրեսոր։ Սրա մեջ անգամ անկեղծություն չեմ տեսնում, այլ ժողովրդին չգրգռելու ժեստ եմ տեսնում միայն։ Արցախյան առաջին պատերազմին նվիրված գրքեր եմ գրել, բրոշյուրներ, բայց մի դեպք կա, որ չեմ անդրադարձել։ Բայց հիմա պիտի պատմեմ։ Պիտի պատմեմ, որ հասկանաս, թե ես, մյուսները ինչու՞ ենք այդքան դեմ թուրքին մեր տուն բերելու համար։ Ինձ պատմել է Սյունիքի Մեծ Սոսը։ Պատերազմի սկզբնական շրջանում, երբ հայկական գյուղերը սկսեցին դատարկվել,Մեծ Սոսը լսում է, թե ինչպես ռացիայով երկու ադրբեջանցի զրուցում են։ Մեկը հռհռալով պատմում է, որ հայկական գյուղերից մեկում հայերը մոռացել էին իրենց հետ տանել օրորոցում քնած մի նորածնի։« Բարուրից բռնեցի ու պատին խփեցի». պատմում է գազանը։ Ամբողջ պատը արյունոտվեց։ Նրան լսող ադրբեջանցին ծիծաղում էր։ Նմանօրինակ հազարավոր փաստեր կան մեր պատմության մեջ, սա նորություն չէ, ավելի վատերը թողնում եմ դու ուսումնասիրես։ Ու սրանց հե՞տ ես խաղաղասիրության կոչ անում, բերում մեր հող։ Դու մեր գերիներին անարգելու, հոշոտելու, նվաստացնելու համար հավասար պատասխանատվություն ես կիսում։ Հավասար։ Մեր ինքնիշխան տարածք բերելով նրանց, հավելյալ վտանգ ես ստեղծել հայ ժողովրդի համար։