Ո՞նց պարտվեցինք, երբ այսօրվա սերունդն ավելի ուժեղ է, քան մեր սերունդը

Ո՞նց պարտվեցինք, երբ այսօրվա սերունդն ավելի ուժեղ է, քան մեր սերունդը

Արցախյան երկրորդ պատերազմի խորհրդանիշ, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հորն` Արտակ Հովհաննիսյանին վերջին շրջանում չենք տեսնում որևէ բողոքի ակցիայի, կամ այլ միջոցառման մասնակցելիս։ Տպավորություն է, թե հերոսի հայրը մեկուսացել է իրականությունից, նրան դուր չի գալիս այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում, բայց ակտիվ բողոքող չէ: Մենք զրուցել ենք նրա հետ տարբեր հարցերի մասին: 

- Պարոն Հովհաննիսյան, երեք օր առաջ որդեկորույս ծնողները դատախազության շենքի դիմաց էին, պահանջում էին, որպեսզի գլխավոր դատախազը ձերբակալի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դուք թեպետ չեք համակրում օրվա իշխանություններին, սակայն հակաիշխանական ակցիաներին էլ չեք մասնակցում: Ինչո՞ւ: 

- Ես վաղուց եմ ասել` դեռ երկու տարի առաջ, որ ծնողները` բոլորն անխտիր պետք է մեկ մարդ դառնան, այլ ոչ թե պառակտվեն, բայց այդպես չեղավ: Ամեն մեկը մի խմբի անդամ դարձավ: Պատճառներից մեկն էլ այն է, որ չի կարելի նման հավաքներին քաղաքական ենթատեքստ տալ: Ես ինքս չեմ ուզում քաղաքական որևէ հավաքի մասնակցել: Հերիք չե՞ն նշածս պատճառները: Կարծում եմ` հերիք են: Այն, ինչ պահանջում են որդեկորույս ծնողները, ես ինքս էլ որպես որդեկորույս ծնող համաձայն եմ նրանց բոլոր պահանջների հետ:

- Այսինքն` որդեկորույս ծնողներին էլ ե՞ն բաժանում սևերի ու սպիտակների:

- Թող ոչ մեկը չհամարձակվի որդեկորույս ծնողին սևերի, կամ սպիտակների բաժանել: Մեր գույնը կարմիրն է: Իսկ քաղաքական ուժերը և կուսակցությունները չպետք է խառնվեն որդեկորույս ծնողների գործերի մեջ: Ոչ մի քաղաքական ուժ չպետք է իրեն թույլ տա որդեկորույս ծնողի ցավի հաշվին դիվիդենտներ շահել: Ես նման հարցերում չկամ, դա իմը չէ: Դա սխալ է: Բոլորիս սրտերն արյունով է լցված: Չունենք ոչ սևի, ոչ էլ սպիտակի խնդիր: Կա մտածելակերպի խնդիր: Մեկը մի ձևով է մտածում, մյուսն` այլ, սակայն բոլորիս ցավն ու ցանկությունը մեկն է.... ոչ մեկը մյուսին քննադատելու իրավունք չունի, թե՝ ինչու էսպես արեցիր, կամ՝ ինչու էնպես չարեցիր: Ես իմ անելիքն արել եմ ու անում եմ: Պարտադիր չի, որ գնամ դատախազության շենքի դիմաց կանգնեմ ու ասեմ` տեսեք, ես էլ եմ եկել: Ես ունեմ նաև առողջական խնդիրներ, հազիվ եմ քայլում:

- Վերջին շրջանում մեր իշխանությունները փորձում են պարտված պատերազմի համար մեղավորներ գտնել: Ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Նա մեղադրվում է Շուշիի անկման համար: 

- Շուշին չէր կարող մի հոգու պատճառով ընկնել: Չեմ կարծում, որ մի հոգին կարող է նման որոշում ընդունել: Այն էլ Միքայել Արզումանյանի նման մարդը: Մենք հասկանում ենք, որ նրանից վերև ովքեր են կանգնած և ովքեր են որոշում ամեն բան: Դա Միքայել Արզումանյանի որոշելու հարցը չի եղել: Նրան ընդամենը կարող էին հրաման տալ, նա էլ կատարեր: Այդքան մի բան: Նորից եմ ասում` մենք պետք է մի մարդ դառնանք: Երբ իմը, քոնը, դառնա բոլորինը, այդ ժամանակ էլ հաջողություններ կունենանք: Քանի դեռ մարդիկ փորձում են միայն իրենց անձնական շահերի մասին մտածել, առաջ չենք գնալու: Շատերը քննարկում են, թե այս մի հերոսի ծնողն ինչու այսինչ բանը չասած, մյուսն ինչու այս բանը չարեց և այլն: Հավատացած եղեք` ես չէի ցանկանա, որ իմ տղան զոհվեր ու դառնար սիմվոլ: Ես կուզեի նա հիմա իմ կողքին լիներ: Երանի հնարավոր լինել ժամակը ետ տալ: Ես կուզեի իմ որդին հետ գար, ուրիշ ոչինչ չեմ ուզում:

- Թշնամուն հանձնվեցին նաև Աղավնոն ու Բերձորը....

- Այս ամեն ինչն, ըստ իս, նախապես պլանավորված էր: Սա նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրի շարունակությունն է ու դեռ մենք չգիտենք, թե այդ պայմանագրում ինչ կետեր կան: Երեսուն տարի մենք հաղթողի դերում ենք եղել ու հանկարծ հիմա պարտվում ենք: Ինչո՞ւ: Ո՞նց պարտվեցինք, երբ այսօրվա սերունդն ավելի ուժեղ է, քան մեր սերունդը:

- Իսկ ի՞նչն էր պատճառը` Ձեր կարծիքով:

- Որովհետև պառակտված ենք: Ամեն մարդ իր սեփական եսի մասին է մտածում: Ինձ ասում են` ինչո՞ւ մեքենադ տվեցիր բանակին, լավ եմ արել: Տղերքին տեղափոխելու, սնունդ տանելու հարց է եղել, ինչ արել եմ` ճիշտ եմ արել: